ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵՎՍ ՄԵԿ ՏԱՊԱԼՎԱԾ ԾՐԱԳԻՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Համահայկական բանկի ստեղծումը Սերժ Սարգսյանի` պաշտոնավարման առաջին ամիսներին հռչակած եզակի խոշոր ծրագիրն էր, որ հաջողվեց իրականություն դարձնել: Սակայն այն կարճ կյանք ունեցավ. ԿԲ որոշմամբ Համահայկական բանկը փակվել է` վերածվելով ներդրումային ֆոնդի:

Հիշեցնենք՝ դեռ 2008թ. հոկտեմբերի 2-ի ԱԺ ուղերձում Սերժ Սարգսյանը հայտարարել էր երեք լուրջ ծրագրի մասին: «Ես ուզում եմ, որ Հայաստանում գործարար հետաքրքրություններ ունեցող ու ապագայի ծրագրեր մշակող արտերկյա եւ հայրենի բոլոր գործարարները, մեր քաղաքացիներն ու աշխարհասփյուռ մեր հայրենակիցները մեկ անգամ եւս տեղեկացված լինեն, որ.
ա/ առաջիկա ամիսների ընթացքում Հայաստանն սկսում է նոր ատոմակայան կառուցել,
բ/ առաջիկա տարիների ընթացքում սկսվելու է Իրան-Հայաստան երկաթուղի կառուցվել, եւ
գ/առաջիկա ամիսների ընթացքում Համահայկական բանկ ու ներդրումային հիմնադրամ է ստեղծվելու, որոնք մեծամասշտաբ ծրագրեր են ֆինանսավորելու»,- ասել էր նա:
Այդ ուղերձին հաջորդած 128 «առաջիկա ամիսների» ընթացքում ատոմակայանն այդպես էլ չկառուցվեց, եւ այսօր էլ պարզ է, որ այդ խոստումը հազիվ թե երբեւէ իրականություն դառնա:
Այդ ուղերձին հաջորդած 9 «առաջիկա» տարիների ընթացքում չկառուցվեց նաեւ Իրան-Հայաստան երկաթուղին, եւ խիստ կասկածելի է, որ երբեւէ կկառուցվի:
Այն ժամանակ չստեղծվեց նաեւ ներդրումային հիմնադրամը, այլ միայն համահայկական բանկի գաղափարն իրականություն դարձավ: Բայց բանկը ստեղծվեց ոչ թե Սերժ Սարգսյանի ուղերձին հաջորդած «առաջիկա ամիսների» ընթացքում, այլ երեք տարի անց միայն` 2011 թվականին, իսկ հիմա` 6 տարի անց, այն փակվում է: Եւ պետք է արձանագրենք, որ Սերժ Սարգսյանի աշխարհացունց ծրագրերն այդպես էլ օդից կախված մնացին:
Հետաքրքիրն այն է, որ ԿԲ-ն այդպես էլ չի ներկայացրել Համահայկական բանկի փակման իրական պատճառները: ԿԲ հաղորդագրության մեջ միայն ասված է, որ իրենք տրանսֆորմացիոն գործընթացը ձեռնարկել էին «Համահայկական բանկի առջեւ դրված խնդիրների արդյունավետությունն ու ճկունությունն ապահովելու նպատակով», եւ հիմա այդ գործընթացները հանգել են իրենց իրավաբանական ավարտին:
«Այժմ արդեն գործում է Համահայկական ներդրումային ֆոնդը, որն ունի իր մասնագիտացված ֆոնդի կառավարիչը, որի եւ բաժնետիրոջ իրավասություններն իրականացնելու է ՀՀ կառավարության լիազորված մարմինը: Ներկայումս ՀՀ կառավարությունն ու ՀՀ կենտրոնական բանկը քննարկում են իրավական եւ տեխնիկական գործընթացների մանրամասները` տրանսֆորմացված Համահայկական ֆոնդն ու նրա կառավարիչը ՀՀ կառավարության պատասխանատու մարմնի տնօրինությանը փոխանցելու ուղղությամբ»,- նշված է ԿԲ հաղորդագրության մեջ:
Մինչդեռ հետաքրքիր կլիներ իմանալ, թե ինչու Սերժ Սարգսյանի խոշորագույն ծրագիրը կիսատ մնաց. բանկի հիմնադրումից վեց ամիս անց պարզվեց, որ այն անիրատեսական էր, անիրագործելի, թե կային նաեւ այլ խոչընդոտներ, ինչ-որ իրավական անհամապատասխանություններ: Ու քանի դեռ որեւէ պաշտոնական պարզաբանում չի ներկայացվել, մնում է միայն ենթադրել, որ բանկից սպասելիքներն այդպես էլ չարդարացան, հետեւաբար իշխանությունները գնացին այն վերաձեւելու ճանապարհով: Իսկ սպասելիքները չարդարացան ոչ թե բանկի գործունեության հետեւանքով, այլ որովհետեւ այդպիսին է Հայաստանում տիրող իրավիճակը: Ի վերջո, որքան էլ հրաշալի լինեն ե՛ւ Համահայկական բանկի, ե՛ւ Համահայկական ներդրումային ֆոնդի գաղափարները, միեւնույն է, սա դեռեւս չի երաշխավորում դրանց արդյունավետ գործունեությունը:
Բանն այն է, որ Համահայկական բանկը ստեղծվեց` նպատակ ունենալով իրականացնել արտահանմանը միտված մասնավոր ձեռնարկությունների ներդրումային ծրագրերի երկարաժամկետ ֆինանսավորում՝ հավաքագրելով անհրաժեշտ ֆինանսավորման միջոցները ներքին եւ արտաքին տարբեր աղբյուրներից: Բայց բանկի կապիտալն այս ողջ ընթացքում այդպես էլ մնաց շատ փոքր եւ չանցավ 15.5 մլն դոլարի (7.5 մլրդ դրամի) սահմանը: Մինչդեռ ենթադրվում էր, որ «Համահայկական» անվանումը կրող կառույցի միջոցների հավաքագրմանը պետք է մասնակցեին նաեւ սփյուռքահայերը՝ ըստ այդմ, նպաստելով բանկային կապիտալի ավելացմանը: Այդ դեպքում նաեւ Համահայկական բանկը հնարավորություն կունենար աջակցել մեծ ծրագրերի: Իսկ սփյուռքն իր գումարները չվստահեց, որովհետեւ վաղուց վստահություն չկա ո՛չ Հայաստանի, ո՛չ իշխանությունների նկատմամբ (թեեւ բանկն իշխանությունների հետ որեւէ առնչություն չուներ):
Մյուս կողմից նկատենք, որ ներդրումային ծրագրերի համար նախ եւ առաջ հարկավոր են համապատասխան պայմաններ, ինչն իսպառ բացակայում է Հայաստանում: Ներդրումային միջավայրի անմխիթար վիճակի մասին բազմիցս է խոսվել: Այնպես որ, որքան էլ իշխանությունները Համահայկական բանկ կամ Համահայկական ներդրումային ֆոնդ ձեւավորեն, միեւնույն է՝ քանի դեռ չեն լուծել ներդրումների ներգրավման խոչընդոտող գործոնները, հազիվ թե սպասելիքներն արդարացնի նաեւ սա:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 

 

ՆՈՐ ՊԱՇՏՈՆՈՒՄ
Վարչապետի հրամանով նախկին պատգամավոր Հովհաննես Սահակյանը նշանակվել է Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետ: Հաշվի առնելով վերջին հինգ տարիներին ԱԺ-ում պետաիրավական ոլորտում աշխատանքը՝ «Ժողովուրդը» նախկին պատգամավորից փորձեց պարզել, թե ինչպես է իրեն պատկերացնում այդ ոլորտում աշխատելիս, եւ արդյոք իր համար ցանկալի պաշտոն էր: «Եթե ընդհանուր մոտեցումները հասկանալի են, պարզ է, որ կառավարման առումով խնդիր չի լինի: Նախ նշեմ, որ ցանկություններով պաշտոն չեն ստանում, այնպես չէ, որ ուզում ենք այստեղ ու գնում ենք: Թիմի ղեկավարը որտեղ նպատակահարմար է տեսնում, այնտեղ էլ պարտավոր ես օր ու գիշեր աշխատել եւ արդյունք ունենալ»:

 

 

 

ԿԽԶԻ՞ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ
Վերջին շրջանում համառորեն լուրեր են պտտվում այն մասին, որ մայրաքաղաքի աղբի մաքրման ծառայություն իրականացնող «Սանիտեք» ընկերությունը պատրաստվում է Երեւանի քաղաքապետարանի հետ ունեցած պայմանագիրը խզել: Այս լուրերը ճշտելու նպատակով «Ժողովուրդ»-ը դիմեց «Սանիտեք», որի հաղորդակցության բաժնից հայտնեցին, որ այս ընթացքում աղբահանության հետ կապված ընկերությունը որոշակի խնդիրներ ունի: Այդ մասին բողոքներ ստանում են նաեւ քաղաքացիների կողմից: «Դրա պատճառն այն է, որ ամռան շրջանում քաղաքում աղբի քանակը մոտ 10 տոկոսով ավելացել է: Որոշակի տեխնիկական խնդիրներ եղան, մեքենաներից մի քանիսը պակասեցին: Քանի որ մարդիկ շինարարական աղբ էին թափել, ինչն էլ տեղափոխելու ժամանակ մեքենաները վնասվել են, որովհետեւ նախատեսված չեն եղել դրա համար: Այս պահին աղբահանության հետ կապված դժվար վիճակում ենք գտնվում, բայց դա դեռեւս պատճառ չէ՝ Երեւանի քաղաքապետարանի հետ պայմանագիրը խզելու: Ընկերությունը այդ մասին չի մտածում»,- փոխանցեցին «Սանիտեք»-ից:

 

 

ԴՌՆԵԴՈՒՌ
Երեւանի ավագանու ընտրություններին ընտրակեղծարարության դիմած անձինք հայտնվել են խնդրի առաջ: Աշխեն Հովհաննիսյանը, որը մայիսի 14-ին ավագանու ընտրություններում եղել էր 8/54 տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամ, քվեարկության օրը վերցրել էր քաղաքացի Լարիսա Սարգսյանի քվեաթերթիկը եւ ծրարը ու նրա փոխարեն քվեարկել էր Հանրապետական կուսակցության օգտին: Այս արարքի համար Աշխեն Հովհաննիսյանը տուգանվել էր 700 հազար դրամով: Հանուն ՀՀԿ-ի ընտրակեղծարարության դիմած հանձնաժողովի անդամները չեն կարողանում վճարել տուգանքները: Եվ այսպես՝ պարզեցինք, որ Աշխեն Հովհաննիսյանի պաշտպան Անժելա Հոբոսյանը դիմել է ՀՀ վերաքննիչ դատարան՝ պահանջելով, որ Աշխեն Հովհաննիսյանի նկատմամբ նշանակեն մեղմ պատիժ` տուգանք 700.000 ՀՀ դրամի չափով եւ այն տարաժամկետել՝ հնարավորություն տալով Աշխեն Հովհաննիսյանին տուգանքը վճարել մաս-մաս, 1 տարվա ընթացքում:

 

 

ԶԻՆՎՈՐ Է  ԶՈՀՎԵԼ
Երեկ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի հյուսիս-արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ 19-ամյա զինծառայող Արման Մովսիսյանը: Ըստ ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայության՝ դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով Արման Մովսիսյանը պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

 

 

ԵՐԿՈՒ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանն «Ազատություն» ռ/կ եթերում հայտարարել է, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այսօր երկու առաքելություն ունեն՝ նպաստել, որպեսզի կողմերը գան համաձայնության, եւ թույլ չտալ, որ պատերազմ լինի։ «Որպեսզի կողմերը գան համաձայնության. այս դաշտում Ադրբեջանը ելնում է հետեւյալ մոտեցումից՝ կա՛մ ամեն ինչ, կա՛մ՝ ոչինչ, արդյունքը ոչինչ է։ Կամ ասում է՝ կա՛մ ամեն ինչ, կա՛մ՝ պատերազմ, այստեղ էլ հայկական կողմերը երբեք տեղիք չեն տա։ Դա շատ լավ հասկանում են միջնորդները, դրա համար առաջընթաց չկա բանակցային գործընթացում»,- ասել է նա` հավելելով, թե միջնորդները միաձայն ասում են՝ որպեսզի առաջընթաց լինի բանակցային գործընթացում: «Պետք է կողմերի միջեւ լինի վստահություն,- ասաց փոխարտգործնախարարը՝ շարունակելով,- կողմերի միջեւ վստահությունը չի կարող լինել, քանի կրակում են, քանի սադրում են, քանի զինվում են, քանի իրականացնում են դիվերսիաներ»։

 

 

 

ՎԱՐՉԱՊԵՏԸ ԱՍՏԱՆԱՅՈՒՄ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը երեկ Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի աշխատանքներին: Նիստի ընթացքում ԵՏՄ անդամ երկրների վարչապետները քննարկել են տնտեսության, մաքսային, էներգետիկ, տրանսպորտային եւ այլ ուղղություններով ինտեգրացիոն փոխգործակցության խորացմանը վերաբերող հարցեր: Մասնավորապես անդրադարձ է կատարվել ԵՏՄ թվային օրակարգին, անդամ երկրների էլեկտրաէներգետիկ շուկաների ինտեգրմանը, ավիացիոն ոլորտում համագործակցությանը: Բացի այդ՝ քննարկվել է ԵՏՄ-ի ու Իրանի միջեւ համաձայնագրի բանակցությունների ընթացքին առնչվող հարցեր: Սակայն ընդունված որոշումների մասին որեւէ տեղեկություն չի հաղորդվում:

 

 

ԻՋՆՈՒՄ Է
Սեւանա լճի մակարդակը շարունակում է իջնել. օգոստոսի 11-ի դրությամբ լճի մակարդակը 2017թ-ի հունիսին հասած ամենաբարձր նիշից` 1900.91մ-ից իջել է 18 սմ-ով` կազմելով 1900,73մ, հաղորդում է «ԷկոԼուրը»: Նախորդ տարվա նույն օրվա համեմատ լճի մակարդակը բարձր է ընդամենը 2սմ-ով, 2016թ-ի հուլիսի 11-ին այն կազմել է 1900.71մ: Սեւանա լճի մակարդակի անկումը պայմանավորված է ջրբացթողումներով: Արդեն իսկ Սեւանա լճից իրականացվում է լրացուցիչ 100 միլիոն խմ-ի ջրառը, որի համար ՀՀ կառավարության առաջարկով ՀՀ Ազգային ժողովը հուլիսի 6-ին ընդունեց համապատասխան օրենքները:




Լրահոս