ԿԱԼԱՆԱՎՈՐՆԵՐԻ ՆԱՄԱԿԸ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում մի շարք կալանավորների շրջանում բողոքի ալիք է բարձրանում. դատական համակարգում իշխող չհամակարգված աշխատանքի արդյունքում ոտնահարվում են ազատազրկվածների իրավունքները: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ կալանավորները մեկիկ-մեկիկ նամակ են գրում դատավորներին՝ պահանջելով բացատրություն, թե ինչու իրենց մասով դատական նիստերը չեն կայանում:

Բանն այն է, որ դատական նիստերը չեն կայանում ամենատարբեր պատճառներով: Նիստերը հետաձգվում են դատավորների՝ այլ գործերով խորհրդակցական սենյակում լինելու, դատավորի արձակուրդում գտնվելու, այս կամ այն դատարան տեղափոխվելու կամ բոլովին այլ՝ տեխնիկական խնդիների պատճառով: Մի առիթով արդեն գրել էինք, որ «Սասնա ծռեր» զինված խմբի անդամների գործով դատական նիստերի օրերին այլ կալանավորներ դուրս չեն բերվում կալանավայրերից՝ անվտանգության նկատառումներից ելնելով. բոլորի ուշադրությունը դեպի Ծռերն են:
Կալանավորների նամակը դատավորներին
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում արդեն 2 տարի է, ինչ շարունակվում են երեխաների խնամքի եւ պաշտպանության գիշերօթիկ հաստատության Կապանի մասնաճյուղում յուրացումների գործով դատական նիստերը: Խոսքը մոտ 8 միլիոն դրամի մասին է: Այս գործով արդեն 2 տարի է, ինչ կալանքի տակ է գտնվում խնամքի կենտրոնի տնօրեն Դավիթ Համբարձումյանը: Ավելին՝ այս գործով որպես մեղադրյալ ներգրավված է նաեւ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանի հայրը` Ռադիկ Օհանյանը:
Ի սկզբանե այս գործը քննել է Սյունիքի մարզի դատավոր Նապոլեոն Օհանյանը, որն ավելի ուշ առողջական խնդիրների պատճառով մեկնեց արձակուրդ, իսկ երբ վերադարձավ, ինչ-ինչ հանգամանքներից ելնելով՝ հրաժարվեց դատական գործից: Եվ ահա գործը վարույթ ընդունեց Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի մեկ այլ դատավոր Անդրանիկ Մնացականյանը, սակայն նրա վարույթում վերոնշյալ գործով որեւէ դատական նիստ չկայացավ, եւ ինչպես ցույց տվեցին զարգացումները, դատավորը «զբաղված էր սեփական կարիերան ապահովելու գործընթացով»: Բանն այն է, որ նա դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակում էր ընդգրկվել եւ տեղափոխվեց ՀՀ վերաքննիչ քրեական դատարան: Ու թեեւ կալանքի տակ գտնվող Դ. Համբարձումյանը դատավոր Մնացականյանին նամակ էր գրել՝ հետաքրքրվելով, թե ինչու իր գործերով դատական նիստերը չեն կայանում, ըստ էության նրա հարցը մնացել է անպատասխան:
Հիմա գործը մակագրվել է մեկ այլ դատավորի, սակայն Դ. Համբարձումյանը շարունակում է կալանքի տակ մնալ:
Ծանրաբեռնված դատարանները
Առավել մտահոգիչ իրավիճակ է Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն, ինչպես նաեւ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարաններում: Այս դատարանների դատավորներն այնքան ծանրաբեռնված են, որ քրեական եւ, առհասարակ, քաղաքացիական գործերով դատական նիստերը տեղի են ունենում ամիսը մեկ: Օրինակ՝ ԱԺ նախկին պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանի որդին՝ Մհեր Պետրոսյանը, 2015 թ. փետրվարից կալանքի տակ է՝ սպանության փորձի, ապօրինի զենք պահելու համար: Իսկ դատական նիստերը ամիսը մեկ են կայանում, ու պարզ չէ, դեռ քանի տարի պետք կլինի, որ վճիռ կայացվի:
Դատավորներն էլ են դիմում գրում
Բայց պարզվում է՝ դատավորներն էլ են դժգոհ իրենց գործից: Նրանք էլ իրենց հերթին են դիմումներ գրում դատարանների նախագահների խորհրդին՝ պահանջելով, որ սահմանվի իրենց բաշխվելիք գործերի առանձին տոկոսաչափ, կամ, առհասարակ, հանվի իրենց ազգանունը բաշխվելիք գործերի ցանկից:
Հիշեցնենք, որ այս տարի նման դիմումներ են գրել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի դատավոր Գալուստ Ղարիբյանը, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տիգրան Փոլադյանը, Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Բունիաթյանը, Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավոր Գեւորգ Նարինյանը, Երեւան քաղաքի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նելլի Գալստյանը, Կենտրոն ու Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Ալեքսեյ Սուքոյանը եւ Կարինե Պետրոսյանը: Թվով 8 դատավորների դիմումները բավարարվել են:
Իսկ թե ինչ կփոխվի կալանավորվածների կյանքում դրանից, այդպես էլ անհայտ է մնում:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 
ԿԵՂՏՈՏ ԶՈՒԳԱՐԱՆՆԵՐՈՎ ԴԵՊԻ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Մեր երկրում որքան ինտենսիվորեն խոսվում է զբոսաշրջության զարգացման մասին, այնքան էլ ինտենսիվորեն անկում է ապրում այդ ոլորտը: Ընդ որում, խոսքը ինչպես ներքին, այնպես էլ արտաքին տուրիզմի մասին է:

Մանրամասնենք: Ամռան ամիսներին մեր հայրենակիցներից շատերն են նախընտրում արտերկրից եկած իրենց հյուրերին տանել բնության գրկում գտնվող հանգստյան գոտիներ, մաքուր օդ շնչել, հայկական խորոված վայելել: Սակայն ոչ միշտ են սպասելիքները արդարանում: Քանի որ գրեթե բոլոր հանգստյան գոտիներում առկա վիճակը ամենեւին չի խոսում տուրիզմի զարգացման մասին:
Վերջին շրջանում այս խնդրի շուրջ «Ժողովուրդ» թերթը բազմաթիվ դժգոհություններ է ստանում Կոտայքի մարզի Նոր Հաճնի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող «Հաճնի ձոր» հանգստյան գոտու վերաբերյալ: Իհարկե, համեմատած Գառնու, Աղվերանի եւ շատ այլ հանգստավայրերի ձորափի տաղավարների հետ՝ «Հաճնի ձորն» ավելի կոկիկ է, քիչ թե շատ քայլեր արվել են՝ մարդկանց հանգիստն ապահովելու համար. տաղավարների մոտ ջուր կա, ամեն մեկն ունի խորովածի իր մանղալը, ապահովված է էլեկտրականությամբ: Բայց, ինչպես միշտ, չի ստացվել սպասարկում իրականացնելը, եւ փնթիությունն ավելի է գերակշռում:
Այս հանգստյան գոտի այցելած քաղաքացիները «Ժողովուրդ» օրաթերթին վրդովված պատմեցին, որ հանգստի գոտու զուգարանները նախ անպատվաբեր են, եւ 21-րդ դարում դժվար է պատկերացնել մի նորակառույց, որտեղ կարելի է տեղադրել գետնին կպած զուգարաններ: Հաճնի ձորում զուգարաններն հենց այդպիսին են, որտեղ ջուրը անգամ «պիպետկայով» է հոսում: Ու պատկերացնել կարելի է, թե ինչ գարշահոտ է տիրում: Ողջ ցերեկվա ընթացքում զուգարան մաքրող որեւէ աշխատակից չի երեւում:
Իսկ ինչ վերաբերում է շրջակա միջավայրին, ապա տարիներ առաջ ասֆալտած ճանապարհից քիչ հիշողություններ են մնացել, եւ տաղավարները իրարից բաժանվում են փոսառատ, փոշով լի ճանապահներով, որտեղ երեխաներն են խաղում` միաժամանակ փոշին կուլ տալով:
Ի դեպ, այնպես չէ, որ հանգստյան գոտուց օգտվելը անվճար է. «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ, օրինակ, 6-8 հոգանոց տաղավարում 1 ցերեկ անցկացնելու համար պահանջվում է վճարել ավելի քան 5000 դրամ, 13 հոգու համար` 12 000, 15 հոգու համար` 15 հազար դրամ, իսկ 20 հոգու համար՝ 20 հազար դրամ:
Համաձայնեք՝ քիչ գումար չէ, իսկ ի՞նչ է արվում դրա դիմաց. ի դեպ, կտրոն չեն տալիս «Հաճնի ձորում» (մեզ դիմած քաղաքացուն կիրակի օրը կտրոն չեն տրամադրել): Միայն փոխանցում են աղբի 1-2 տոպրակ, սեղանին փռելու համար ցելոֆան եւ վերջ: Բայց եթե հանգստյան գոտին շահագործող ընկերությունը գումար է վերցնում քաղաքացուց, պարտավոր է դրա դիմաց որակյալ ծառայություն մատուցել. ի վերջո, մարդիկ չեն վճարում՝ փոշի կուլ տալու եւ գարշահոտ զուգարանները «վայելելու» համար:
«Ժողովուրդ»-ը զանգահարեց «Հաճնի ձոր»՝ պարզելու, թե ինչու են հանգստյան գոտու զուգարանները կեղտոտ, տարածքը՝ փոշոտ: Հանգստի գոտուց զարմացած արձագանքեցին. «Բայց ինչու են կեղտոտ զուգարանները, եթե հերթ է գոյանում, ու հավաքարարը չի հասցնում մտնել ներս: Այդ դեպքում հաճախորդին պետք է կանգնեցնի դրսում, ինքը մտնի մի 15 րոպեով, որ կարողանա հասցնի հավաքել: Զուգարանները լրիվ կաֆել, մետլախով սարքած են, ընդամենը շլանգը պահում ես, ինքը լվացվում է: Եթե մարդիկ իրենց տանը նման ձեւով են օգտվում, պատկերացրեք, թե դրսում ինչ ձեւ կօգտագործեն: Սա դրսի զուգարան է, եւ 5 րոպեն մեկ չի լինում մաքրել: Մեր մաքրուհիներն էլ ընթացքում պտտվում են, մաքրում են, եթե շատ հաճախորդներ են լինում, բնականաբար իրենք չեն հասցնում: Երեք հոգի մտնի, բավարար է, որ ցեխ ու կեղտ լինի, իսկ ամեն երրորդից հետո հավաքելը աբսուրդ է»: Ահա թե ինչ աբսուրդի համար ենք վճարում մենք՝ միամիտներս՝ կարծելով, թե ծառայություն պիտի մատուցեն՝ 1 տաղավարի համար 15-20 հազար դրամ գանձելով:
Վարչապետ Կարեն Կարապետյանը, ով խոսում էր տաքսի ծառայության «թրաշով» վարորդների եւ զբոսաշրջության զարգացման մասին, ամենայն հավանականությամբ տեղյակ չէ, թե ինչ պատկեր է հանգստյան գոտիներում:
Հ.Գ. Հաճնի ձոր հանգստյան գոտին հիմնադրվել է 2015 թվականին, իսկ հիմնադիրը Ա/Ձ Գայանե Բալայանն է: Սա պաշտոնապես, իսկ իրականում սեփականատերը դուբայաբնակ գործարար է, հայտնի է միայն նրա անունը՝ Ռուբո, ում մասին մանրամասները առաջիկայում կներկայացնենք:

Ս. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ՀԱՓՇՏԱԿԵԼ ԵՆ «ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ»-Ի ԳՈՒՄԱՐՆԵՐԸ
«Նաիրի Ինշուրանս» ապահովագրական գործակալը թալանել է ընկերությանը: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Զորիկ Գրիգորյանը, որը 2013թ-ից եղել է «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերության գործակալ եւ իրականացրել է ապահովագրավճարների հավաքագրման գործառույթ, դեկտեմբերի 29-ից մինչեւ 2014թ. փետրվարի 26-ն ընկած ժամանակահատվածում մի շարք ապահովադիրների հետ կնքել է ապահովագրական վկայագրեր եւ դրա դիմաց ստացել է 1 միլիոն 844 հազար 720 դրամ: Ու այդ գումարը նա պետք է ներկայացներ ընկերությանը, սակայն փոխանցման ենթակա 1 միլիոն 604 հազար 564 դրամը չի փոխանցել «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերությանը, այլ յուրացրել է: Իհարկե, այս արարքի համար ընկերության գործակալին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր.օրի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով` յուրացում, բայց ի՞նչպես է այդ իրավիճակը ազդել սպառողների վրա:
Ստացվում է, որ վարորդները վճարել են իրենց մեքենաների ապահովագրման համար համապատասխան գումարը, գործակալը հափշտակել է այն: Արդյոք հերթական անգամ կատարվածը ջարդվել է վարորդների գլխին, եւ նրանք ստիպված են եղել կրկնակի վճարում կատարել: Այս հարցերի պատասխանը ստանալու համար «Ժողովուրդ»-ը դիմեց «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերություն, որտեղից ի պատասխան՝ հայտնեցին. «Ընկերության եւ ապահովագրական գործակալ Զորիկ Գրիգորյանի գործակալական գործունեությանն առնչվող իրավահարաբերությունները, մասնավորապես` ընկերության հանդեպ գործակալի ունեցած դրամային պարտավորությունները որեւէ ձեւով չեն անդրադարձել ապահովագրության պայմանագիր կնքած քաղաքացիների վրա, չեն առնչվել վերջիններիս իրավունքներին եւ օրինական շահերին: Գործակալի կողմից կնքված պայմանագրերն ուժի մեջ են մտել դրանցում նշված ժամկետներում եւ հանդիսացել են օրինական կարգով կնքված եւ գործող ապահովագրության պայմանագրեր:
2. Ապահովագրության պայմանագիր կնքած քաղաքացիներին ապահովագրության պայմանագիրը տրամադրվում է այն կնքելու պահին: Գործակալի կողմից կնքված բոլոր վկայագրերում, ապահովագրավճարի վճարման կարգի եւ ժամկետ տողում պարտադիր կերպով նշված է եղել. «Ապահովագրավճարը վճարված է միանվագ կանխիկ պայմանագրի կնքման պահին» պայմանը եւ հետեւաբար գործակալի կողմից պայմանագիրը հաճախորդին տրամադրելուց հետո որեւէ կրկնակի վճարում քաղաքացին չի կատարում»:
Նշենք, որ «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերությունը պատկանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ Լեւոն Քոչարյանին, որը ընկերության խորհրդի անդամ է:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս