Լուսանկարն արվել է Երեւանի կենտրոնում
Մայրաքաղաքի այս հատվածում՝ ՀՀ արդարադատության նախարարության շենքի հարակից մասում, ամիսներ շարունակ նման անփույթ վիճակ է: Վ. Սարգսյան-Մ. Խորենացի խաչմերուկում՝ Երեւանի քաղաքապետարանից մի փոքր հեռու, բարեկարգման աշխատանքների փորձը ավարտի չի հասնում, խճաքարերի վրա այդպես էլ ասֆալտ չի լցվում՝ փոշեծածկ անելով տարածքը: Հուսանք՝ գոնե մեր հրապարակումից հետո սայլը տեղից կշարժվի, եւ քաղաքի այս հատվածի բարեկարգման աշխատանքները հաջողությամբ կավարտվեն, առավել եւս, որ ՀՀ կառավարության շատ անդամներ այս հատվածով ամենօրյա ռեժիմով երթեւեկում են:
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ եթե կենսաթոշակի անցնելուց հետո կենսաթոշակառուն ունի ֆինանսական պարտավորություններ, ապա կուտակային կենսաթոշակի ո՞ր տոկոսը կարող է ենթակա լինել հարկադիր գանձման:
Նվարդ Միրզոյան (57 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ կուտակային կենսաթոշակից պահումներ (հարկադիր բռնագանձումներ) կարող են կատարվել, եթե կենսաթոշակառուն ունի ժամկետանց պարտավորություններ, սակայն կան նաեւ սահմանափակումներ, որոնք թույլ չեն տալիս ամբողջ կենսաթոշակը տրամադրել պարտքերի մարմանը՝ անձին թողնելով առանց կենսաթոշակային միջոցների: Օրենքով սահմանված կարգով կենսաթոշակից կատարվող հարկադիր պահումների ընդհանուր գումարը չպետք է գերազանցի կենսաթոշակի 30 տոկոսը:
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ մասնակցի կենսաթոշակային կուտակումներն անձեռնմխելի են, ուստի ֆինանսական պարտավորությունների դիմաց դրանց վրա բռնագանձում չի կարող տարածվել մինչեւ նրա կենսաթոշակային տարիքը լրանալը:
ՀԱՐՑ. Ես ուզում եմ տեղեկանալ՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությունն ինչպե՞ս է ազդում օտարերկրյա գործատուների եւ ՀՀ-ում մշտապես չբնակվող աշխատողների վրա:
Սլավիկ Մկրտումյան (49 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ս. Մկրտումյանի հարցին ի պատասխան՝ հայտնում ենք, որ օտարերկրացիների աշխատանքի եւ զբաղվածության բնագավառում Հայաստանի Հանրապետության լիազորված պետական կառավարման մարմինը օտարերկրացի աշխատողի համար աշխատանքի թույլտվություն տրամադրելիս հաշվի է առնում Հայաստանի Հանրապետության աշխատանքի շուկայի կարիքները եւ զարգացումները: ՀՀ աշխատանքի շուկայի կարիքների գնահատման համար սահմանվում է ժամկետ, որի ընթացքում նա պարտավոր է իր մոտ առկա թափուր աշխատատեղը համալրել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից: Սահմանված ժամկետում զբաղվածության հանրապետական ծառայությունների կողմից իր պահանջներին համապատասխանող թեկնածուի առաջադրման բացակայության դեպքում գործատուն կարող է գտնել այդ պահանջներին համապատասխանող օտարերկրացու եւ դիմել լիազորված մարմին կոնկրետ օտարերկրացի աշխատողի համար կոնկրետ ժամկետով աշխատանքի թույլտվության տրամադրման համար` ներկայացնելով ՀՀ կառավարության վերոնշյալ որոշմամբ սահմանված փաստաթղթերը:
ՀՀ միգրացիոն պետական ծառայություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նկատենք, որ Հայաստանի՝ տնտեսապես ակտիվ բնակչության ավելի քան 18%-ը գործազուրկ է: Խոսքը շուրջ 224 հազար քաղաքացիների մասին է: Այլ կերպ ասած` աշխատունակ 11 քաղաքացիներից 2-ը գործազուրկ են: Նշենք, որ վերջին 5 տարիների ընթացքում ԱՊՀ երկրների շարքում Հայաստանն ունեցել է գործազրկության ամենաբարձր մակարդակը: Հայաստանում 2016թ. տնտեսական աճը կազմել է ընդամենը 0,5%՝ նախատեսված 2,2%-ի փոխարեն: 2016թ. սեպտեմբերի դրությամբ զբաղվածների թիվը Հայաստանում կազմել է շուրջ 1 մլն 10 հազար քաղաքացի: Ցավով պետք է նշենք, որ երիտասարդների 42,3%-ը չօգտագործվող աշխատուժ է, իսկ 16,8%-ը՝ գործազուրկ: