ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է ՀՀ կառավարության շենքի դիմաց

Երեկ ՀՀ կառավարության շենքի մոտ անժամկետ նստացույց են սկսել «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցները: Համակարգող խմբի անդամ Կարինե Շահվերդյանի փոխանցմամբ՝ իրենց պայքարի պահանջը չի փոխվել՝ վերագործարկում: Ըստ նրա՝ 1 շաբաթ առաջ իրենց նախազգուշական նստացույցը նպատակ ուներ աջակցելու «Եվրոպա-Ասիա բիզնես ֆինանսական կենտրոնի» հոլդինգի ներկայացուցիչներին, որոնք Հայաստան էին ժամանել՝ կառավարության հետ գործարանի վերագործարկման շուրջ բանակցելու համար: Նրա խոսքով՝ կառավարությունը մինչ օրս չի պատասխանել թե՛ հոլդինգի անդամների ներկայացրած հուշագրին, թե՛ 2 շաբաթ առաջ նաիրիտցիների նամակին:

 

 

 
ՀԱՐՑ. Որդեգրման գործընթացը մերժելու ժամանակ դիմողին տրվում է բացասական եզրակացություն: Խնդրում եմ ասեք, ո՞ր դեպքում է տրվում այս եզրակացությունը:

Ելենա Մխիթարյան (49 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ե. Մխիթարյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ աշխատակազմը երեխայի որդեգրման հնարավորության մասին բացասական եզրակացություն (որն ուժի մեջ է տալու օրվանից մեկ տարվա ընթացքում) տալիս է՝
1)երեխա որդեգրել ցանկացող անձի կողմից սույն կարգի 10-րդ կետով սահմանված ժամկետում պահանջվող փաստաթղթերում առկա թերությունները չվերացնելու դեպքում,
2)որդեգրել ցանկացող անձին բացասաբար բնութագրող հատկանիշների մասին ստացված տեղեկությունների հիման վրա,
3)անձի կենսապայմանների ուսումնասիրության մասին ակտի հիման վրա,
4)երեխա որդեգրել ցանկացող անձի դիմումը հիմնավորված չլինելու դեպքում,
5)որդեգրումն արգելող, օրենքով նախատեսված դեպքերում:

«Ձեր իրավախորհրդատու» փաստաբանական ընկերություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ըստ պաշտոնական տվյալների՝ որդեգրման ենթակա երեխաների թիվը 2016թ. կազմել է 103, որից 43-ը աղջիկներ են: Երկու ծնող ունեցող երեխաների թիվը 24 է, 22-ը միայնակ մոր երեխաներ են, իսկ դատական կարգով անգործունակ ճանաչվածի երեխաների թիվը մեկն է: Նկատենք, որ մինչեւ 6 ամսական երեխաների թիվը 15 է, 6 ամսականից մինչեւ 1 տարեկան երեխաները թվով 31-ն են, 1-6 տարեկանը՝ 29, 6-10 տարեկանը՝ 7, 10 տարեկանից մինչեւ 15 տարեկանը՝ 16, իսկ 15-18 տարեկանները՝ 5:

 

 

 
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ ասպիրանտուրայի ընդունելության համար ի՞նչ է անհրաժեշտ: Ինչպե՞ս է կատարվում ընդունելության գործընթացը:

Հեղինե Հարությունյան (27 տարեկան, դեղագետ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ մրցութային կարգով ասպիրանտուրա են ընդունվում մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի կրթական աստիճան, իսկ բժշկական մասնագիտություններով՝ բժշկի որակավորում, կլինիկական ուղվածությամբ բժշկական մասնագիտությունների դեպքում՝ բժիշկ-մասնագետի որակավորում ունեցողները: Ասպիրանտուրա ընդունվելու համար անձի կամ նրա լիազորած անձի կողմից դիմումը տրվում է հաստատության ղեկավարի անունով՝ կցելով հետեւյալ փաստաթղթերը՝
1) բակալավրի եւ մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի կամ օրդինատորի դիպլոմի ու դրանց հավելվածների պատճենները (օտարերկրյա պետություններում բարձրագույն կրթություն ստացածների համար՝ փաստաթուղթ նրանց կրթության համարժեքության մասին).
2)օտար լեզու եւ ինֆորմատիկա եւ տեղեկատվահաղորդակցական հիմունքներ առարկաների ատեստավորման վկայականը կամ դրան համապատասխան տեղեկանքը (սահմանված ներքին շեմով՝ բալային գնահատմամբ).
3)ընտրված մասնագիտությամբ հրատարակված առնվազն մեկ գիտական աշխատանքի պատճենը կամ գիտական ռեֆերատ՝ առնվազն 20 տպագրական էջի սահմաններում.
4) ինքնակենսագրություն եւ երեք լուսանկար (3 x 4 չափսի).
5) քաղվածք աշխատանքային գրքույկից (առկայության դեպքում):

ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ այս տարի 1641 տեղ հատկացված է պետպատվերի շրջանակներում սովորող ուսանողների համար, իսկ մոտ 18 հազար տեղ՝ վճարովի համակարգի համար: Նշենք, որ 14 հազար տեղ հատկացված է պետական բուհերին, 215-ը՝ Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի հայկական բաժնի համար, 1183-ը՝ Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիային, իսկ 3.500՝ ոչ պետական բուհերի համար:




Լրահոս