ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՎԱՐՏՈՎ ԱՎԱՐՏՎԵՑ ԵՐԵՎԱՆԻ ԱՍՖԱԼՏԱՊԱՏՈՒՄԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հիշո՞ւմ եք` ԱԺ-ի եւ Երեւանի ավագանու ընտրություններին ընդառաջ՝ մայրաքաղաքի փողոցներում աշխատանքային ինչպիսի եռուզեռ էր. չնայած հորդառատ անձրեւներին՝ քաղաքապետարանն ասֆալտապատման ու փոսալցման ակտիվ աշխատանքներ էր իրականացնում՝ այդպես փորձելով ապահովել ՀՀԿ-ի եւ Տարոն Մարգարյանի նախընտրական շոուն:

Ընդ որում, այդ աշխատանքներն իրականացվում էին օր ու գիշեր անդադար, առանց ժամային սահմանափակումների: Քաղաքապետարանն ուշադրություն չէր դարձնում նաեւ մայրաքաղաքի բնակիչների բողոքներին, թե շինտեխնիկայի աղմուկը խանգարում է մարդկանց գիշերային հանգիստը: Քաղաքապետարանն ուշադրություն չէր դարձնում նաեւ այն մտահոգություններին, թե անձրեւի տակ «փռված» ասֆալտը երկար չի դիմանա, շատ արագ կքայքայվի, եւ, ընդհանրապես, եղանակային նման պայմաններում ասֆալտապատում իրականացնելը նույնն է, թե գումարները գցես ջուրը: Թեեւ մի առիթով, երբ քաղաքապետարանը պատասխանել էր նույն վայրի ասֆալտապատման աշխատանքներն օրերով անելու քննադատություններին, պարզաբանման մեջ նշված էր. «Ի դեպ, ֆրեզի աշխատանքը կազմակերպվում է ջրաշիթի կիրառման օգնությամբ, որպեսզի սարքի ատամնանիվները չվնասվեն, ինչն իր հերթին կտրված մակերեսը դարձնում է խոնավ, իսկ ինչպես բոլորին է հայտնի, խոնավ մակերեսը նախ պետք է չորանա, որպեսզի բիտումի շերտն ապահովի լիարժեք կպչողականություն: Իսկ եթե սրան էլ գումարենք անձրեւային եղանակի գործոնը, որն, ի դեպ, վերջին օրերին առկա է նաեւ Երեւանում, ապա առավել քան կամբողջանա մայրաքաղաքի որոշակի փողոցների ասֆալտապատման բուն աշխատանքների ձգձգման օբյեկտիվ պատճառները»: Ասել է, թե իրենք էլ էին ընդունել, որ եղանակային նման պայմաններում ասֆալտապատումը ճիշտ չէ: Բայց եւ մյուս կողմից քաղաքապետարանը շարունակել էր անձրեւի տակ ասֆալտ «փռելը», քանի որ իրենց համար ավելի շատ կարեւոր էին ընտրությունները:
Իսկ հիմա, երբ ընտրությունները վաղուց արդեն անցյալում են, ավարտվել են նաեւ Երեւանի ասֆալտապատման աշխատանքները: Մայրաքաղաքի փողոցներում վաղուց ի վեր չենք հանդիպում «ասֆալտապատման մասսայական տեսարանների»: Չնայած, ամռան ամիսներին եղանակային պայմանները նման աշխատանքների կազմակերպման համար շատ ավելի հարմար են: Բայց, դե, ընտրությունների արդյունքում ՀՀԿ-ն կարողացավ բացարձակ հաղթանակ արձանագրել, ու այլեւս կարեւոր չէ, թե ինչ է լինելու հետո: Քաղաքապետարանից, իհարկե, հակառակն են պնդում. ասֆալտապատման աշխատանքները չեն ավարտվել, ու այս տարվա ընթացքում դրանք դեռ շարունակվելու են: «Ընթացիկ տարվա՝ մինչեւ 01.08.2017թ. ժամանակահատվածը Երեւանի քաղաքապետարանի՝ 2017թ. նախատեսված ասֆալտապատման ծրագրով Երեւան քաղաքի փողոցներում եւ բակային տարածքներում իրականացվել են շուրջ 666 000 քմ մակերեսով ընթացիկ եւ փոսային նորոգման աշխատանքներ: Ընթացիկ տարվա ասֆալտապատման ծրագիրն ամբողջությամբ չի ավարտվել, այն դեռեւս ընթացքի մեջ է եւ կշարունակվի մինչեւ տարեվերջ»,- տեղեկացրել են նրանք` «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան: Նաեւ տեղեկացրել են, որ «Երեւան քաղաքի փողոցների եւ բակային տարածքների ասֆալտբետոնե ծածկի վերանորոգման նպատակով Երեւանի քաղաքապետարանի՝ 2016թ. նախատեսված ասֆալտապատման ծրագրով իրականացվել են 800 հազար քմ մակերեսով ընթացիկ եւ փոսային նորոգման աշխատանքներ»:
Թե այս ամենի համար որքան գումար է ծախսել քաղաքապետարանը, հարցի պատասխանը փորձեցինք գտնել բյուջետային փաստաթղթերում: Պատկերն, ի դեպ, ուշագրավ էր. նախընտրական տարում ավելի շատ միջոցներ են հատկացվել: Եւ այսպես, ըստ 2017թ. Երեւանի բյուջեի՝ այս տարվա ընթացքում փողոցների ասֆալտապատման ու փոսալցման ծառայությունների համար նախատեսված է ծախսել 3.7 մլրդ դրամ: Մինչդեռ 2016թ. ընթացքում տեղի բյուջեից այդ նպատակով ծախսվել էր 3 մլրդ 466.7 մլն դրամ, նախատեսված 3 մլրդ 715 մլն դրամի փոխարեն: Փողոցների ասֆալտապատման նպատակով ավելի քիչ գումար էր ծախսվել նաեւ 2015թ. ընթացքում՝ 3 մլրդ 650.2 մլն դրամ եւ այսպես շարունակ:
Դժվար չէ ենթադրել, որ իրականում ասֆալտապատման համար հատկացված այս գումարների միայն մի մասն է նպատակային ծախսվել, իսկ ահռելի մասը ատկատի միջոցով հայտնվել է քաղաքապետարանի պաշտոնյաների գրպանում: Ի վերջո, հայտնի փաստ է, որ ասֆալտապատման ոլորտը գումարներ «աշխատելու» եւ կարճ ժամանակում անծայրածիր հարստություն կուտակելու մեծ հնարավորություններ է ընձեռում: Այնպես որ, դեռ մնում է ենթադրել, թե իշխանությունները նախընտրական ասֆալտից որքան են հարստացել:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 

 
ԿԿԱԼԱՆԱՎՈՐԵՆ
Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության տարածքային բաժնի պետ Արամայիս Ավետիսյանը շուտով կհայտնվի կալնավայրում: «Ժողովուրդ» օրաթերթը անդրադարձել էր Արամայիս Ավետիսյանի խարդախության փաստի առթիվ հարուցված քրեական գործին, որի համար Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը նրան դատապարտեց 1 տարի, 6 ամիս, 5 օր ժամկետով պայմանականորեն ազատազրկման: Սակայն մեղադրող դատախազը դիմել էր ՀՀ վերաքննիչ դատարան` պահանջելով, որ Ավետիսյանը պատիժը կրի կալանավայրում: ՀՀ վերաքննիչ դատարանն էլ բավարարել է դիմումը եւ որոշում է կայացրել, որ Արամայիս Ավետիսյանը 1 տարի, 6 ամիս, 5 օր պետք է անցկացնի ՀՀ արդարադատության նախարարության տակ գտնվող համապատասխան քրեակատարողական հիմնարկում:

 

 

ՊԵԿ-ԻՆ ԳՈՒՄԱՐ ԿՏՐՎԻ
ՀՀ կառավարությունը պետական եկամուտների կոմիտեին առաջիկայում 1 մլրդ 275 մլն 940 հազար 800 դրամ կհատկացնի: Նշված գումարով ՊԵԿ-ը նախատեսում է պարգեւատրել հարկային եւ մաքսային մարմինների աշխատակիցներին: Ըստ ՊԵԿ-ի` այս պարգեւատրումը կնպաստի համակարգում կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը: Հիշեցնենք, որ ՊԵԿ տարածքային ստորաբաժանումների վերակազմավորման արդյունքում տեղի է ունեցել աշխատակիցների աշխատավարձերի բարձրացում: Ինչի արդյունքում այս տարեսկզբին հաստատված աշխատավարձի ֆոնդը` 389 մլն 203 հազար 500 դրամը, չի բավականացնում մինչեւ տարեվերջ աշխատողներին աշխատավարձ վճարելու համար: Ըստ ՊԵԿ-ի` սա հետեւանք է այս տարվա ընթացքում ազատված աշխատակիցներին նախորդ տարիների չօգտագործված արձակուրդների օրերի դիմաց վճարված դրամական հատուցումների վերջնահաշվարկների:

 

 

ՉԻ ՆԵՐՈՒՄ
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նախորդների համեմատ ավելի խիստ է եւ չի ներում ոչ մի բացթողում: Նախորդ բոլոր գումարումների ժամանակ էլ ԱԺ նիստերից ամենաշատ բացակայություններ ունեցող պատգամավորի աշխատավարձից պետք է պահումներ արվեին, սակայն խորհրդարանի նախորդ ղեկավարների կողմից դա ներվել է: Սակայն ի տարբերություն մյուսների՝ Արա Բաբլոյանն այդ հարցում բավական խիստ է, եւ թեկուզ մեկ անհարգելի բացակայության դեպքում աշխատավարձից պահումներ են կատարվում: Ընդ որում, խոսքը վերաբերում է ոչ միայն լիագումար նիստերին, այլ նաեւ հանձնաժողովների նիստերին: Մասնավորապես «ՀՀ ԱԺ պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի հոդված 5-ի 4-րդ կետում ասվում է. «ԱԺ նիստերից, ինչպես նաեւ հանձնաժողովի նիստերից կամ նրա հրավիրած խորհրդարանական լսումներից անհարգելի բացակայած օրերի համար պատգամավորին աշխատավարձ չի վճարվում»: Ընդ որում, ոչ մի խմբակցության միջեւ ոչ մի տարբերություն չի դնում եւ տուգանում է անգամ իր կուսակիցներին: Օրինակ՝ երեկվա նիստում թիրախ դարձան ՀՀԿ պատգամավորներ Արայիկ Գրիգորյանը, Արկադի Համբարձումյանն ու Արտակ Սարգսյանը:

 

 
100 ՏՈԿՈՍՈՎ
Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի օպերատիվ բաժնի պետ, գնդապետ Վիկտոր Առուստամյանը երեկ լրագրողների հետ զրույցում ասաց, որ եթե տոկոսային հարաբերակցությամբ ներկայացնելու լինի սահմանային ինժեներական կահավորվածության վիճակը ապրիլյան պատերազմի օրերին եւ այսօր, ապա կարող է ասել, որ այն այժմ հասել է 100 տոկոսի։ Նա ընդգծեց, որ զինատեսակների թարմացման հարցում հայկական կողմը բավական լուրջ առաջընթաց ունի:

 

 

ԱՐՏԱԳԱՂԹՈՒՄ ԵՆ
Ազգային Ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը սեպտեմբերի 4-ին ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանից հետաքրքրվեց արտագաղթի իրական ցուցանիշների մասին: Զոհրաբյանը մասնավորապես նշեց, թե ԱՎԾ-ն իրարամերժ տեղեկատվություն է տրամադրում միգրացիայի, արտագաղթի հետ կապված: Եգանյանն ասաց, թե հարցը մեթոդաբանական ճշտման կարիք ունի, բայց եւ ավելացրեց, թե Հայաստանում չկա ռեգիստր արտագաղթողների վերաբերյալ եւ չի էլ կարող լինել: «Այսինքն՝ անձը, որը պետք է երեք ամիս եւ ավել մեկնի արտերկիր՝ աշխատանքի կամ հիմնական բնակության, դա է միջազգային տերմիններով միգրանտ կոչվում, չի գալիս պետական մարմինների մոտ եւ ասում՝ ես գնում եմ, պարո՛ն Եգանյան, եւ արտագաղթում եմ, խնդրում եմ՝ ինձ հաշվառեք: Սահմանահատումների տվյալները չեն փոխանցում այս երեւույթի մասին իրական պատկերը, այլ տեղեկություններ են տալիս ուղեւորների մասին, բայց ամեն մի ուղեւոր միգրանտ է, թե ոչ, չես կարող ասել: Հակառակը ճիշտ է՝ ամեն մի միգրանտ ուղեւորությամբ պետք է իր բնակության վայրը փոխի: Ուղեւորահոսքի բացասական մնացորդն ընդամենը միտումների մասին է ասում, այլ ոչ արտագաղթի, թե ինչ տրամադրվածություններ կան, ու եթե տարեցտարի, տարեկան կտրվածքով, տեսնում ես, որ բացասական մնացորդ կա, բացասական մնացորդ է միշտ, ապա կարող ես ասել, որ, այո՛, գերիշխում է արտագաղթելու միտումը»,- նշեց Գագիկ Եգանյանը:
 

ԾՈՒՅԼԻԿՆԵՐԸ
Երեկ տեղի ունեցավ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը: Նիստի սկզբում հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հայտնեց, որ հանձնաժողովի ՀՀԿ-ական անդամներ Արտակ Սարգսյանի, Արկադի Համբարձումյանի եւ Արայիկ Գրիգորյանի անհարկի բացակայությունների մասին գրություն կուղարկվի ԱԺ նախագահին: Նաիրա Զոհրաբյանը ArmLur.am-ի հետ զրույցում հայտնել է նաեւ, որ վեցերորդ գումարման խորհրդարանի մեկնարկից ի վեր նշյալ պատգամավորները երբեք չեն մասնակցել հանձնաժողովների նիստերին: Հավելենք, որ այս հանձնաժողովի կազմում է Աշոտ Արսենյանը, ում եւս չենք կարող համարել պարտաճանաչ պատգամավոր: Սակայն Զոհրաբյանը հայտնեց, որ նա զանգահարել եւ տեղեկացրել է, որ չի մասնակցելու այսօր (երեկ-խմբ.) կայանալիք նիստին:




Լրահոս