Արդարադատության փոխնախարարը՝ մտավախությունների մասին
Դեռեւս 2016 թվականին «Ընտանեկան բռնության կանխարգելման եւ դրա դեմ պայքարի մասին» օրենքի նախագիծը բուռն քննարկումների առիթ դարձավ: Ավելին՝ դժգոհությունները այն աստիճան խորացան, որ նախագիծը հեռացվեց ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական կայքից: Եւ այսպես մոտ ապագայում «չարաբաստիկ նախագիծը» կրկին կներկայացվի հանրային քննարկման
Բանն այն է, որ մի շարք հասարակական կազմակերպություններ բարձրաձայնել էին, որ օրենսդրական նախագիծ հանրային քննարկումների միջով չի անցել, ասել է, թե նախագծի մշակմանը չեն մասնակցել: «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի համակարգող Զառա Հովհաննիսյանը հայտնել էր, որ նախագիծը ունի բացեր. «Այս օրենքի նախագիծը նույնպես ունի բացեր երեխաների մասով, եւ մենք առաջիկայում ներկայացնելու ենք մեր առաջարկությունները, թե ինչպես պետք է աշխատել երեխաների հետ»:
Եվ ահա երեկ ՀՀ արդարադատության նախարարությունը ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ «Ընտանեկան բռնության դեմ պայքար. իրականացված աշխատանք եւ հետագա քայլեր» խորագրով կլոր սեղան֊քննարկում էր կազմակերպել: Քննարկումներիի ավարտից հետո «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանի հետ:
-Պարո՛ն Քոչարյան, ի սկզբանե «Ընտանեկան բռնության կանխարգելման եւ դրա դեմ պայքարի մասին» օրենքի նախագիծը բուռն քննարկումների առիթ դարձավ, երբ 2016 թվականին այն տեղադրվեց նախարարության կայքում, հասարակական կազմակերպությունները խիստ վրդովվել էին, որ նախագիծ էիք մշակել առանց հանրային քննարկման:
Մոտ ապագայում կրկին պատրաստվում եք նախագիծը տեղադրել արդարադատության նախարարության պաշտոնական կայքում, մտավախություն չունե՞ք, որ կրկին Ձեզ կքարկոծեն, քանի որ շատերը այն կարծիքին են, որ նախագիծը մեր ավանդույթների դեմ է:
-Պետք է ասեմ, որ անցած ժամանակահատվածում օրենքի վրա աշխատանքներ են կատարվել: Սկզբունքային փոփոխություններ տեղի չեն ունեցել, բայց, այնուամենայնիվ, հստակեցվել են որոշակի դրույթներ, ավելի հստակ մեխանիզմներ են նախատեսվում: Անցած անգամ հնչեցված մեղադրանքները փաստորեն անհիմն էին, ուստի այդ դեպքում այդպիսի ակնկալիքներ չունեմ:
Հակառակը, հուսով եմ, որ օրենքի դրույթներին ծանոթանալը բոլոր նմանատիմ մեղադրանք ասենք, մտահոգություն ասենք, պետք է վերացած լինեն, քանի որ օրենքը նախատեսում է գործուն մեխանիզմներ, ընտանեկան բռնության կանխարգելման եւ զոհերի պաշտպանության միջոցների վերաբերյալ: Որեւէ, այսպես ասած, մտահոգություն առաջացնող դրույթ, իմ գնահատմամբ, չի պարունակում:
-Ինչո՞ւ նախագծի մշակման ժամանակ հասարակական կազմակերպությունների կամ շահագրգիռ կողմերի հետ քննարկում չեք իրականացնում, այլ մոտ ապագայում մշակելուց հետո նոր պատրաստվում եք տեղադրել պաշտոնական կայքում՝ հանրային քննարկման համար: Ի՞նչ մտավախություն ունեք:
-Ձեզ հետ չեմ համաձայնի. գոնե այս օրենքի դեպքում կարող եմ պնդել, որ համապատասխան քննարկումներ ե՛ւ անցած տարի, ե՛ւ ընթացիկ տարվա ընթացքում եղել են: Մենք բաց ենք քննարկումների համար, քննադատության համար այն պայմանով, եթե այդ քննադատությունը ուղղված է օրենքի նախագիծը բարելավվելուն: Դրանում, ինձ թվում է, բոլորն են շահագրգռված, եւ այդպիսի քննարկումներ տեղի են ունեցել եւ ապագայում էլ կարող են տեղի ունենալ:
-Այսինքն՝ այս անգամ շահագրգիռ կողմերի հետ քննարկե՞լ եք նախագիծը:
-Այո՛, նաեւ պետք է հաշվի առնել, որ քննարկում անցկացնելը մեխանիկորեն չի ենթադրում, որ քննարկման ընթացքում հնչեցված բոլոր առաջարկությունները պետք է պարտադիր ընդունվեն: Քննարկման իմաստն այն է, որ տարբեր տեսակետներ համադրելով՝ պետք է գտնել օպտիմալ լուծումներ:
-Նախագծում կա մի դրույթ, որ չեք կարողացել շահագրգիռ կողմերի հետ ընդհանուր հայտարարի գալ:
-Շատ էական մեծ տարաձայնություններ, ես հուսով եմ, որ չկան: Հիմնականը վերաբերում էր քրեական պատասխանատվության հիմնախնդրին: Մենք՝ օրենքի հեղինակները, ելնում ենք նրանից, որ ներկա գործող քրեական օրենսդրության դրույթները բավարար են արդյունավետ պայքար մղելու այս չարիքի դեմ, ուրիշ խնդիր է, որ պետք է հստակեցնել մեխանիզմները, այդ օրենքի կիրառման միջոցներ ձեռնարկել՝ ընտանեկան բռնության, ընտանեկան բռնություններից տուժածների իրավունքների պաշտպանության համար, քայլեր ձեռնարկել կանխարգելման համար: Հիմնական խոսակցությունների քննարկումների խնդիրը դա է եղել:
Զրուցեց Քնար Մանուկյանը