Ինչ պահանջես ԵԱՏՄ-ից, որի հիմքը կոռուպցիան է, և առանց որի այն միանգամից կփլուզվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրոպական միությունը որքան էլ բնույթով աշխարհաքաղաքական միավոր է, դրա առաջնային բաղադրիչը տնտեսական գործակցությունն է: Հենց այդ առաջնահերթությունների շուրջ են ի սկզբանե համախմբվել եվրոպական տերությունները՝ աստիճանաբար միասնական ճակատով քաղաքական հավակնություններ ցուցաբերելով: Սակայն այսօր արդեն նկատելի է եվրոպական ինստիտուտների դեմ համընդհանուր թերահավատությունը, որի դեմ հանդես գալու քայլեր են մշակում Ֆրանսիան ու Գերմանիան:

Եվրամիության ներսում ներկայումս գոյություն ունեցող խնդիրները վերաբերում են գրեթե բոլոր ոլորտներին: Այդ շարքում առաջնահերթ նշանակություն են ստացել ինչպես փախստականների, այնպես էլ տնտեսական կարգավորումների հարցերը: Հաճախ ԵՄ-ի արեւմտյան երկրների քաղաքացիները չեն կարողանում հասկանալ, թե ինչու պետք է իրենց վճարած հարկերի միջոցով ստացված ֆինանսական միջոցները ուղղվեն, օրինակ, Հունաստանի տնտեսությունը փրկելուն: Սակայն շարքային քաղաքացիների մի ստվար զանգվածն էլ չի պատկերացնում, որ իր ստացած բարձր աշխատավարձերի աղբյուրը հենց ԵՄ-ի պես միավորի առկայությունն է եւ տեղական արտադրության համար անհամեմատ ավելի դյուրին պայմանների կազմակերպումը: Այսինքն՝ գործ ունենք շղթայականորեն փոխկապակցված երեւույթների հետ: Սակայն տարիների ընթացքում ԵՄ-ից դժգոհություններն ավելի են սաստկանում՝ ազդելով պետությունների ներքին քաղաքական իրավիճակի վրա: Դրանց արդեն իսկ զոհ գնաց Միացյալ Թագավորությունը, հազիվ խուսանավեց Ֆրանսիան, նկատելիորեն ազդվեց Գերմանիան:

Եվ ահա եվրոպական նոր ընտրախավը փորձում է լուծել միության վերափոխումների խնդիրը, ինչի առաջամարտիկը այսօր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն է: Օրերս նա Իտալիայի վարչապետ Պաոլո Ջենտիոլիի հետ երկու երկրների հարաբերությունների հստակեցման ու ԵՄ-ի ապագայի շուրջ գագաթնաժողով անցկացրեց: Երկու պետությունների ղեկավարները համաձայնության եկան միշարք անհանգստացնող հարցերի շուրջ, որ վաղուց ի վեր ազդում էին ֆրանկո-իտալական գործակցության վրա:

Նրանց գագաթնաժողովի կենտրոնական հարցը վերաբերում էր առեւտրային համագործակցությանն ու ինչ-որ տեղ մրցակցությանը եւ դրանով պայմանավորված՝ ԵՄ-ի ճակատագրին: Հետաքրիքր է, որ տարաձայնություններ ունենալով հանդերձ՝ երկու երկրների առաջնորդները մի կողմ են դրել մասնավոր շահերը՝ կենտրոնանալով ԵՄ-ի նորացման հարցերի վրա: Շեշտվել է տնտեսական ճգնաժամերի ու քաղաքացիների վրա դրանց ազդեցության հարցերը, որոնք, լուծված չլինելով, Եվրոպայում սանձազերծում են ծայրահեղականությունը:

Մակրոնը հայտարարել է, որ ֆրանկո-իտալական գագաթնաժողովից հետո իր մտքում եղած գաղափարները ԵՄ-ի նորացման շուրջ աստիճանաբար գործնական ընթացք են ստանում: Նա, Փարիզի Սորբոնի համալսարանի ուսանողների առաջ հատուկ ելույթ ունենալով Եվամիության ճակատագրի ու դրա վերափոխման մասին՝ առանձնացրել է մի քանի բնագավառներ, որոնք հրատապ փոփոխությունների կարիք ունեն: Ի մասնավորի՝ Ֆրանսիայի նախագահը պատկերացնում է եվրոյի համար հատուկ բյուջետային ու արժութային նախարարության հիմնումը, որը կզբաղվի տնտեսական գոտու կայունության ապահովման հարցերով: Նա կարեւորել է նաեւ ԵՄ-ի կազմում քաղաքացիական ապաստան տրամադրելու նոր մեխանիզմների ու մարմնի ստեղծումը, որն ավելի արդյունավետորեն կհամակարգի նշյալ ոլորտը՝ ազատելով անօրինական ներգաղթի դժվարություններից:

Ֆրանսիայի նախագահը հատուկ հնչեցրել է Եվրոպայի պաշտպանունակության հարցը՝ պաշտոնապես բարձրացնելով ԵՄ-ի միասնական զինված ուժեր ունենալու անհրաժեշտությունը: Մակրոնի համոզմամբ՝ Եվրոպան կարիք ունի միասնական ռազմական ուժերի, դրանց պահպանման համար հատուկ բյուջեի ու ռազմավարության:

Ակնհայտ է, որ արեւմտյան աշխարհաքաղաքական ազդեցության գոտում լիդերի հավակնություններ ունեցող Մակրոնը փորձում է այլընտրանք գտնել ԱՄՆ-ի ռազմական պաշտպանությանը: ԱՄՆ-ի հովանոցի ներքո գտնվող Եվրոպան ստիպված է այսօր հայացք ձգել արեւմտյան կիսագունդ, որպեսզի երաշխավորի իր անվտանգությունը, իսկ ԱՄՆ-ն էլ կարող է ցանկացած պահի խուսափել այդ պարտավորությունների կատարումից՝ սպառնալիք ստեղծելով եվրոպական անվտանգության համար: Եվ ահա հատկապես Թրամփի՝ նախագահ ընտրվելուց հետո, Եվրոպայում էլ ավելի սաստկացան սեփական ռազմական ուժեր ունենալու նկրտումները: Արդ, Մակրոնը աստիճանաբար գործնական հողի վրա է դնում Եվրոպայի անկախությունը:

Հայաստանն այսօր մաս է կազմում ԵՏՄ-ին, որը ռուսական ազդեցության գոտու սոսկ տնտեսական բաղադրիչն է: Պարզ է, որ քաղաքականապես ու ռազմական առումով ռուսական ազդեցության գոտում ծվարած Հայաստանը հազիվ թե հաջողեցներ փախչել ԵՏՄ-ի ճիրաններից: Սակայն նույնիսկ նման պայմաններում է հնարավոր խոսել չնչին տնտեսական զարգացման մասին, եթե, իհարկե, ԵՏՄ-ի, Հայաստանի ու միության մյուս երկրների իշխանություններն իրենց առաջ տնտեսական զարգացման խնդիրներ դնեին: Պարզապես անհնար է, որ օլիգարխիկ տնտեսությամբ, հեղձուցիչ մենաշնորհներով ու օրենքների ընտրողական կիրառությամբ պետությունները միասնական միության պայմաններում կարողանան հաջողություններ արձանագրել ի շահ իրենց քաղաքացիների:

Իսկ ԵՏՄ-ի մաս կազմող պետություններում իշխանությունը ձեւավորված է ոչ օրինական ճանապարհով, ներսում մոլեգնում է ամենաթողությունն ու պետության հավաքական բարիքը տնօրինվում է կոնկրետ խմբի կողմից: Եթե Եվրոպական միության անդամ երկրներում տիրապետողը շուկայական ազատ հարաբերություններն են, իսկ ապօրինությունները՝ հատուկենտ են ու պատժելի, ապա ԵՏՄ-ի երկրներում տնտեսական ողջ կյանքը կառուցված է հովանավորչության վրա: Այս իրավիճակում բնական է, որ ԵՏՄ-ի ղեկավարները դրական փոփոխությունների մասին չմտածեն էլ, քանզի դրանք առաջին հերթին երկրների ներսում պիտի կատարվեին եւ ապա նոր կրեին միութենական բնույթ:

Բայց ինչ պահանջես երկրների միությունից, որի հիմքը կոռուպցիան է, եւ առանց որի այն միանգամից կփլուզվի:

Ն. Հովսեփյան




Լրահոս