Գյուղացուն էկոնոմ ռեժիմով են ոռոգման ջուր տալիս. Արսեն Հարությունյանը պատասխանատվություն չի՞ զգում գյուղացիների կորցրած բերքի համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անցած շաբաթ ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը հրավիրված հաշվետու ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ այս տարվա ոռոգման սեզոնի սկզբին հանրապետությունում եղել է 130 մլն խ/մ ջրի դեֆիցիտ, ինչը ակնհայտ է եղել հիմնականում Ախուրյանի ջրամբարում: Իսկ այն գյուղացիները, որոնք բողոքել են ոռոգման ջրի պակասից, իրենց հողակտորները օգտվելիս են եղել հենց Ախուրյանի ջրամբարից:

Բացի այդ՝ պարզվում է, որ այս տարվա ոռոգման սեզոնին գյուղացիներին իրենց հողատարածքները ոռոգելու համար ջուրը «էկոնոմ ռեժիմով» է տրվել: «Ջրամատակարարումը մենք տարվա ընթացքում իրականացրել ենք հնարավորինս էկոնոմ ռեժիմով, որովհետեւ տարվա կեսից պարզ դարձավ, որ կլիման գյուղատնտեսության նկատմամբ լինելու է բավականին խիստ:

Ինչպես տեսնում եք՝ վերջին չորս ամիսների ընթացքում մենք ամբողջ հանրապետությունում չենք ունեցել տեղումներ, բացի այդ՝ թերլցված են եղել մեր ջրամբարները, սրան գումարվեց նաեւ բարձր ջերմաստիճանային ֆոնը: Մենք ստիպված ենք եղել ջրբացթողումները իրականացնել էկոնոմ ռեժիմով` առաջնահերթությունը թողնելով բազմամյա տնկիներին: Դժվարություններ, խնդիրներ ենք ունեցել մեկամյա տնկիների` բանջարբոստանային կուլտուրաների մասով, բայց դա մարդկային գործոնի հետ գործ չունի»,- իրավիճակը ներկայացրեց Արսեն Հարությունյանը:

Նկատենք, որ ջրի «էկոնոմիայի» արդյունքում այս տարի հազարավոր գյուղացիներ հսկայական վնասներ են կրել: Իսկ այս մասին հրավիրված ասուլիսի բանախոսն այդպես էլ չմտահոգվեց, գոնե ձեւի համար: Գյուղացու հոգսը կարծես թե ոչ ոքի չի հետաքրքրում:

Հիշեցնենք, որ ամռան ամիսներին գյուղացիները բողոքի ակցիաներ անցկացրին, ճանապարհներ փակեցին` պահանջելով լուծել ոռոգման ջրի խնդիրը: Այս հունիսին Արմավիրի մարզի Մայիսյան եւ Մրգաշատ գյուղերի բնակիչները ճանապարհ էին փակել եւ պահանջում էին լուծել ոռոգման ջրի խնդիրը: Նույն ամսին ոռոգման ջրի խնդրի շուրջ իրենց բողոքը բարձրաձայնեցին նաեւ Արմավիրի մարզի Արազափ գյուղի բնակիչները: Ոռոգման ջրի հետ կապված խնդիր ունեցող գյուղերը շատ են: Բայց այս խնդիրը լուծելու, գյուղացիների հողատարածքները, այգիները ոռոգելու այլ տարբերակներ գտնելու փոխարեն ջրային տնտեսությունը անցել է ջրի տնտեսմանը՝ հարցը համարելով լուծված: Ու այս ընթացքում Արմավիրի մարզում նռան այգիները ջրի պակասից չորացան:

Երբ հաշվետու պաշտոնյայից հետաքրքրվեցինք՝ պատասխանատվություն չի՞ զգում գյուղացիների կորցրած բերքի համար, ջրային ռեսուրսների կառավարմամբ զբաղվող Արսեն Հարությունյանը, ով ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի սանիկն է, անտարբեր տոնով հայտարարեց. «Գյուղացիների հեկտարները չեն տուժել, պարզապես մեկ հա-ից պայմանական նախատեսված 10 միավորի փոխարեն ունեցել են 6,7 կամ 8 միավոր բերք: Մենք չենք հանդիպել հողօգտագործողի, որի մոտ 100 տոկոսով վերացել է բերքը: Աղետը միայն գյուղացու մոտ չի եղել, ջուր չի եղել, որտեղի՞ց պետք է տայինք ջուր, որ գոնե այդ մինիմալը ապահովենք»:

Դե, իհարկե, սանիկն ինչ անի, որ ջուր չկա: Գլխավորն ինչքը պաշտոն ունի, ծառայողական մեքենա, քարտուղարուհի… մնացած հարցերը մանրուքներ են: «Մանրուք» է նաեւ այն, որ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, այս տարվա օգոստոսին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, գյուղատնտեսական արտադրանքը նվազել է ուղիղ 25 տոկոսով: Ու սրա միակ բացատրությունն այն է, որ հանրապետությունում համատարած երաշտ է եղել:

Ու թեեւ մի կողմից բոլոր պետական պաշտոնյաները, անկախ պաշտոնեական դիրքից, խոսում են դեմքով դեպի գյուղը շրջվելու անհրաժեշտության մասին, բայց կյանքը ցույց է տալիս, որ նրանց դեմքն այլ ուղղությամբ է, այդպես էլ գյուղացուն «չի հասնում»: Ու ինչպես հաշվետու Արսեն Հարությունյանը, այնպես էլ մյուս պաշտոնյաները պարզապես արձանագրում են իրավիճակը՝ մատը մատին չտալով:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս