Ինչ կատարվեց Ջավախքում և ինչպես զարգացան դեպքերը. միջամտել է անգամ Վլադիմիր Գասպարյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրեր առաջ՝ սեպտեմբերի 30-ին, լարված իրավիճակ էր ստեղծվել Ախալքալաքի շրջանի հայաբնակ Գումբուրդո գյուղում: Ամեն ինչ սկսվել էր այն բանից, որ գյուղի բնակիչները ցանկացել էին խաչքար տեղադրել գյուղի եկեղեցու բակում թաղված շիրիմների հիշատակին: Սակայն ոստիկանությունը արգելել էր խաչքարի տեղադրումը՝ շրջափակելով եկեղեցու տարածքը: Ավելի ուշ դեպքի վայր էին ժամանել նաեւ հատուկ ջոկատայիններ, որից հետո ստեղծված լարվածությունը վերածվել է ծեծկռտուքի:

Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով այդ ժամանակ Գումբուրդո գյուղ են գնացել Վրաստանի հայազգի պատգամավոր Սամվել Մանուկյանն ու նախկին պատգամավոր Սամվել Պետրոսյանը, ովքեր կարողացել են հանդարտեցնել իրավիճակն ու բանակցությունների միջոցով հասնել ձերբակալվածների ազատ արձակմանը: Այժմ իրավիճակը հանդարտ է, եւ խաչքարի տեղադրման հետագա ճակատագիրն արդեն կորոշեն հայկական եւ վրացական եկեղեցիները:

Ախալքալաքի Գումբուրդո գյուղում ստեղծված իրավիճակի եւ հետագա զարգացումների շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Վրաստանի նախկին պատգամավոր Սամվել Պետրոսյանի հետ, ով, ինչպես նշեցինք, իրավիճակի հանդարտեցման հարցում մեծ դերակատարում է ունեցել:

-Պարո՛ն Կարապետյան, Ախալքալաքում տեղի ունեցած բախումներն ինչի՞ հետեւանք էին: Ինչպե՞ս սկսվեց լարվածությունը:

-Կա եկեղեցի, որը հիմա վերանորոգման մեջ է: Այդ եկեղեցու բակում գերեզմանոց կա, որտեղ գյուղացիները ցանկացել են խաչքար տեղադրել, սակայն դրա հետեւանքով կոնֆլիկտային իրավիճակ է ստեղծվել: Այնտեղ բացատրեցին, որ եկեղեցին պատմական հուշարձան է, որը «Յունեսկօ»-ի հսկողության տակ է: Այդտեղ ամրագրված է, որ եկեղեցու տարածքում նոր քարեր չպետք է տեղադրվեն, այդպես են բացատրում եւ ասում, որ խաչքարն այդտեղ չպետք է տեղադրվի: Սակայն դա առաջին անգամ է, որ այդպիսի պատասխան ենք ստանում, եւ որ դա կապ ունի «Յունեսկօ»-ի հետ:

-Այժմ ի՞նչ իրավիճակ է: Ի վերջո, խաչքարը կտեղադրվի՞, թե՞ ոչ:

-Այդ հարցն այժմ քննարկվում է վրացական եւ հայկական եկեղեցիների միջեւ: Պետք է տեսնենք, թե ինչ որոշում իրենք կընդունեն: Հարցն այժմ գտնվում է իրենց տիրույթում: Ես չեմ կարող պատասխանել՝ կտեղադրվի, թե ոչ: Իրենք պետք է քննարկեն, իրենք պետք է որոշեն, որ հետո տեսնենք՝ ինչ են որոշել:

-Հայտնի է, որ Դուք եւս դեպքի վայրում եք եղել: Ի սկզբանե բնակիչների հետ էի՞ք, թե՞ լարվածության մասին լսելով էիք եկել:

-Խաչքարը ցանկացել են տեղադրել հենց գյուղի բնակիչները: Ես այնտեղ եմ եկել, երբ մեզ զանգահարեցին եւ ասացին, որ լարվածություն է ստեղծվել: Մենք եկանք եւ տեսանք, որ այնտեղ իսկապես լարված իրավիճակ է ստեղծված: Հենց տեղում մենք կապվեցինք Վրաստանի կառավարության, ղեկավարության հետ, Թիֆլիսից եկան մի քանի հոգի, եւ բոլորս իրար հետ աշխատեցինք, որ այդ իրավիճակը հանդարտեցնենք, որ լարվածությունը սահմաններից դուրս չգա:

-Համացանցում տարբեր տեղեկություններ շրջանառվեցին, ընդհուպ մինչեւ հատուկ ջոկատայինների կողմից հայերի վրա մահակներով հարձակման մասին: Կասեք՝ իրականում ինչպիսի՞ բախումներ են եղել:

-Իրականում լարված իրավիճակ էր, հատուկ ջոկոտայիններ էին եկել, որպեսզի ժողովրդին ցրեին: Սակայն դրանից հետո սկսեցին քարերով խփել միմյանց, մահակներ էին աշխատել այնտեղ, վիրավորներ կային թե՛ ոստիկանության, թե՛ քաղաքացիների շրջանում:

-Դուք տեղում ո՞ւմ հետ եք բանակցել, որ հնարավոր եղավ ազատել ձերբակալվածերին:

-Բանակցել էինք Վրաստանի ներքին գործերի նախարարի հետ: Ասեմ, որ տեղում բավական շատ պաշտոնյաներ կային, իրենց հետ ենք բանակցել: Ես ավելին ասեմ՝ ՀՀ-ի պաշտոնյաները եւս կապ են հաստատել իրենց գործընկերների հետ, այդ թվում ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ով բանակցել է Վրաստանի ներքին գործերի նախարարի հետ եւ ամեն ինչ արել, որպեսզի լարվածութունը թուլանա: Ու ասեմ, որ Վրաստանի պաշտոնյաներն այդպես էլ տրամադրված էին՝ ամեն ինչ անել, որ լարվածությունն իջնի, ու ժողովուրդը հանգստանա:

-Սա, ի վերջո, կապ ունի՞ հայ-վրացական հարաբերությունների հետ, թե՞ հարցն այլ տիրույթում պետք է քննարկել:

-Ըստ ինձ, տեղի ունեցածը չպետք է կապել հայ-վրացական հարաբերությունների հետ: Իհարկե, տգեղ երեւույթ էր, սակայն դա չպետք է ազդի մեր հայ-վրացական հարաբերությունների վրա:

զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը




Լրահոս