Վաղը՝ սեպտեմբերի 28-ին կայանալիք ՀՀԿ գործադիր մարմնի նիստում իշխող կուսակցությունը կամփոփի եւ կներկայացնի նոյեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների վերջնական թեկնածուներին: Ինչպես հայտնի է՝ այս օրը Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի եւ Տավուշի մարզերում տեղի կունենան համայնքների ՏԻՄ ընտրություններ: Ընդհանուր առմամբ համայնքի ղեկավարի ընտրություններ տեղի կունենան թվով 52 համայնքներում, որից 35-ը խոշորացված համայնքներն են:
Այս ընտրությունները, իհարկե, հետաքրքրություն են ներկայացնում նաեւ խոշորացված համայնքների պարագայում, որտեղ փաստորեն համայնքի ղեկավարի լիազորությունների տարածքն ավելի լայն է լինելու:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը նշեց, թե իշխող կուսակցությունը թեկնածուների հարցում վերջին հստակեցումներն է անում, որպեսզի վաղը ցանկը ներկայացվի կուսակցության անդամներին:
-Պարո՛ն Թադեւոսյան, հստակեցվե՞լ է, թե ՏԻՄ ընտրություններում ովքեր են լինելու իշխող կուսակցության թեկնածուները:
-Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանված գրաֆիկով մենք կանենք համայնքի ղեկավարի եւ ավագանիների առաջադրումներ՝ մեր կառույցների որոշմամբ: Աշխատանքներն ընթացիկ եւ ավարտական փուլում են գտնվում: Կան շատ տեղեր, որտեղ թեկնածուները հստակ են, շատ տեղերում արդեն որոշակի են: Մոտ 1-2 օրում բոլոր հստակեցումները կարվեն:
-ՀՀԿ-ն բոլոր տեղերում ունենալո՞ւ է թեկնածուներ:
-Բոլոր համայնքներում ունենալու ենք ե՛ւ համայնքի ղեկավարի, ե՛ւ ավագանու թեկնածուներ: Բոլոր տեղերում մեր մասնակցությունն ունենալու ենք՝ տարբեր ձեւաչափերով եւ տարբեր ներկայացվածությամբ:
-Մեր տեղեկություններով՝ բոլոր հստակեցումները հենց վաղն է արվելու, եւ արդյունքներն էլ ներկայացվելու են կուսակիցներին:
-Իհարկե, հնարավոր է: Գործադիր մարմնին կզեկուցեմ իրավիճակը, եւ կգանք վերջնական տեսակետների, որից հետո կլինեն համապատասխան հանձնարարականներ, որոշումներ եւ գործողություններ:
-Դուք նշեցիք, թե շատ տեղերում թեկնածուները որոշված են: Փոփոխություններ շա՞տ կլինեն:
-Կունենանք բավականին արդյունավետ փոփոխություններ: Թույլ տվեք դեռ անուններ չհրապարակել: Շատ տեղերում փոփոխություններ կլինեն:
-Իշխող կուսակցությունն իր նախապատվությունը տալիս է երիտասա՞րդ թեկնածուներին, թե՞, օրինակ, 10 տարուց ավել քաղաքապետի պաշտոնը զբաղեցրած անձինք կրկին կառաջադրվեն: Որո՞նք են չափանիշները:
-Իհարկե, նախապատվություն տալիս ենք երիտասարդներին եւ այն մարդկանց, ովքեր մեծ հավանականությամբ կարժանանան ժողովրդի վստահությանը: Առաջադրումները կատարվում են՝ տարբեր արգումենտներից ելնելով: Իհարկե, հաշվի ենք առնում շատ հանգամանքներ, հասարակական ընկալումները, ժողովրդի կողմից վստահության հարցերը, թեկնածուի մարդկային ունակությունները, աշխատանքի որակը: Շատ-շատ բաներ հաշվի ենք առնում: Հենց դրանով է պայմանավորված, որ մենք դեռեւս տեղեր ունենք, որ վերջնական որոշում չունենք:
-Ի վերջո, ՀՀԿ-ի շանսերն ինչպե՞ս եք գնահատում:
-Կարծում եմ՝ ՀՀԿ-ի շանսերը մեծ են: Նախորդ ՏԻՄ ընտրությունները եւ համապետական ընտրությունները դրա վառ օրինակն են: Կարեւոր ինստիտուտ է ՏԻՄ-ը, երբեմն առաջին գիծն է, երբ որ շփվում են ժողովրդի հետ, առօրյա ժողովրդի հոգսերով, եւ այնտեղ բոլոր կուսակցություններն էլ ունեն բարձր դերակատարում: Մենք միշտ էլ պատասխանատվությամբ ենք մոտեցել այդ հարցին եւ գնահատականներ կարող ենք տալ միայն նոյեմբերի հինգից հետո:
Չնայած ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը մեզ հետ զրույցում չցանկացավ բացահայտել թեկնածուների անունները, սակայն այս օրերին մամուլում մի շարք համայնքների մասով արդեն անուններ են շրջանառվում:
Արդեն իսկ ակնհայտ է, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքում իշխող կուսակցության թեկնածուն Առուշ Առուշանյանն է, ով այժմ քաղաքապետի պաշտոնակատարն է: «Ժողովուրդ» օրաթերթն իր նախորդ համարներից մեկում գրել էր, որ մյուս կուսակցություններն այստեղ դժվար թե թեկնածու առաջադրեն, քանի որ արդեն ակնհայտ է, որ Առուշանյանի պաշտոնի հարցը որոշված է, եւ պայքարի մեջ մտնելն անիմաստ են համարում: Չարենցավանում իշխող կուսակցությունը սատարելու է գործող քաղաքապետ Հակոբ Շահգալդյանին, Արտաշատում՝ երիտթեւի ղեկավար Կարեն Բենիամինյանին: Փոփոխություն կլինի Ապարանում. ՀՀԿ-ն որոշել է այս անգամ առաջադրել «Գնթունիք» ընկերության սեփականատեր Կարեն Եղիազարյանին: Կապանում էլ իշխող կուսակցությունը կառաջադրի գործող ղեկավար Աշոտ Հայրապետյանին:
ԵԽԽՎ ՆՍՏԱՇՐՋԱՆԻՆ ԸՆԴԱՌԱՋ
Հոկտեմբերի 9-ին մեկնարկելու է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) աշնանային նստաշրջանը, որի օրակարգում բազմաթիվ հարցեր են ընդգրկված, այդ թվում՝ Պեդրո Ագրամունտի հրաժարականի հարցը: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը՝ նշելով, որ հոկտեմբերին մեկնարկող նիստը կսկսվի հենց Ագրամունտի հրաժարականի հարցով:
«Անհրաժեշտ է 120 կողմ ձայն, որպեսզի Ագրամունտի հրաժարականն արդեն դե յուրե ամրագրվի: Չնայած ԵԽԽՎ բյուրոն նրան զրկել է նախագահի լիազորություններից, բայց մնացել է այդ քվեարկությունը: Ես հույս ունեմ, որ այդ էջը մենք կփակենք հոկտեմբերի 9-ին, քանի որ մեկնարկը հենց այդ քվեարկությամբ է տրվում», – նշեց նա:
Նաիրա Զոհրաբյանը մեզ հետ զրույցում ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի օրակարգից առանձնացրեց եւս մեկ կարեւոր հարց: «Այս օրակարգում ընդգրկված է Ադրբեջանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության թեմայով զեկույցը, որի վերաբերյալ անպայման անդրադարձ է լինելու «Ադրբեջանի լվացքատուն» կոռուպցիոն սկանդալին, եւ ես կարծում եմ, որ այս նստաշրջանի հիմնական առանցքը լինելու է Ադրբեջանի այս կոռուպցիոն սկանդալը, որի հարցով բազմաթիվ քննարկումներ կլինեն», – հավելեց նա:
Նաիրա Զոհրաբյանը մեզ հետ զրույցում ընդգծեց, որ նշված հարցերը կարեւորություն են ներկայացնում Եվրոպայի խորհրդում ժողովրդավարական արժեքների վերականգնման համար: Վերջինս չցանկացավ փակագծեր բացել եւ մանրամասնել, թե աշնանային նստաշրջանում հայկական պատվիրակությունն ինչ է պատրաստել, սակայն վստահեցրեց, որ բազմաթիվ անելիքներ կան: «Ես շատ ողջունում եմ պատվիրակության նոր ղեկավար Արփինե Հովհաննիսյանի աշխատաոճը, սա բացարձակ հաճոյախոսություն չէ. շատ ճիշտ եւ գրագետ աշխատանքի ոճ է ընտրված, այսինքն՝ ոչ թե խնդիրը հասցնել մինչեւ լիագումար նիստ, եւ մենք փորձենք հերոսական ջանքերով պայքարել, այլ ի սկզբանե, երբ դեռ զեկույցը ընդամենը խմորվում է, որտեղ կա ինչ-որ հակահայկական հարց, հենց այդտեղ դա կանխել», – նշեց նա՝ հավելելով, որ լուրջ օրակարգ ունի հոկտեմբերյան նստաշրջանում:
Հիշեցնենք, որ ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի ընթացքում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի բյուրոն անվստահություն է հայտնել Պեդրո Ագրամունտին: Նրա հանդեպ անվստահության պատճառը ռուսաստանյան պատվիրակության հետ համատեղ այցն էր Սիրիա, որտեղ հանդիպում է ունեցել այդ երկրի նախագահ Բաշար Ասադի հետ: Ագրամունտի անունը շրջանառվում է նաեւ ԵԽԽՎ-ի ներսում առկա կոռուպցիոն սկանդալների մեջ, որոնք հետաքննելու նպատակով վեհաժողովը ստեղծել է անկախ փորձագետների հանձնաժողով:
Նյութերը՝ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ
ԸՆԴՎԶՈՒՄ ԵՆ
Սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ներկայացրեց համահայկական ընդվզման իր «ճանապարհային քարտեզը»: Զարուհի Փոստանջյանն այդ նպատակով սկսել է մարզային հանդիպումներ, որի միջոցով փորձում է մարդկանց հորդորել պատրաստել ընդվզման օրվան: Երեկ Զարուհի Փոստանջյանի հերթական այցը Գեղարքունիքի մարզ էր: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Զարուհի Փոստանջյանը նշեց, թե շրջել է բազմաթիվ քաղաքներով, գյուղերով՝ մարդկանց ներկայացնելով իր ծրագիրը: Փոստանջյանի ներկայացրած ճանապարհային քարտեզում նշված է, որ «իրենք անվստահություն են հայտնում ու մերժում ապօրինի իշխանություններին եւ նախապատրաստում են համահայկական ընդվզում»: Զարուհի Փոստանջյանի խոսքով՝ իրենց համահայկական ընդվզման նպատակը Սերժ Սարգսյանի իշխանությունից ազատվելն է, որից հետո իրենք համահայկական ժողով կանցնկացնեն եւ կձեւավորեն նոր կառավարություն:
ՄԵՔԵՆԱՅՈՎ ԿՊԱՐԳԵՎԱՏՐԵՆ
ՀՀ կառավարության աշխատակազմին կհատկացվի 10 մլն 400 հազար դրամ` «Լավագույն դաստիարակ» եւ «Լավագույն ուսուցիչ» մրցույթների հաղթողներին տրամադրելու համար: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նշված գումարով այս տարվա «Լավագույն դաստիարակ» եւ «Լավագույն ուսուցիչ» մրցույթների հաղթողներին կառավարությունը կպարգեւատրի մեկական ավտոմեքենայով: Ի դեպ, տեղեկացնենք, որ յուրաքանչյուր ավտոմեքենայի համար կծախսվի 5 մլն 200 հազար դրամ: Ըստ որոշ տեղեկությունների` պարգեւատրումը տեղի է ունենալու հոկտեմբերի 5-ին:
ԳԵՐՀԱՐՈՒՍՏԸ
Պարզվում է՝ աղմկահարույց պատմության մեջ հայտնված «Հրազդան» ՔԿՀ պետ Վահան Մարգարյանի որդին` Արսեն Մարգարյանը, ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ է: Հուլիսի 17-ին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ «Հրազդան» ՔԿՀ-ի պետի մասով գործ է ուղարկվել հատուկ քննչական ծառայություն։ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ՔԿՀ-ի դատապարտյալ Ալիկ Դալլաքյանը դատարանում քննվող կաշառքի գործով դատաքննության ժամանակ գնդապետ Վահան Մարգարյանի դեմ ցուցմունք էր տվել, եւ ՀՔԾ-ն այդ հայտարարության մասով քրեական գործ է հարուցել: Ինչ կապ ունի ՔԿՀ պետը կոռուպցիոն դրսեւորումների հետ, ցույց կտա ժամանակը: Մինչ այդ, հետաքրքիր է նրա կողմից նեկայացրած պաշտոնական հայտարարագիրը: 162 հազար դրամ աշխատավարձ ստացող բանտապետը ունի 4 հողամաս, մեկ բնակարան: Իսկ ահա դրամական միջոցները կազմում են 75 հազար դոլար, ինչպես նաեւ 5 միլիոն դրամ: Ինչպես է նա այդքան գումար կուտակել, դժվար է ասել: Բայց գրել է, թե ավտոմեքենա չունի: