ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը նամակով դիմել է Սյունիքի մարզպետին՝ Մեղրու խոշորացված համայնքի թիվ 2 դպրոցում տեղի ունեցածի շուրջ լրացուցիչ պարզաբանումներ ստանալու համար: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը նշեց, թե դպրոցներում առհասարակ նման միջոցառումներն անցկացվելն արգելված է, որ ժամին էլ դա լինի:
Ինչպես հայտնի է՝ սեպտեմբերի 26-ին թիվ 2 դպրոցի տնօրեն, ՀՀԿ-ական Մերի Հակոբյանը հենց դպրոցում ՀՀԿ-ի Մեղրիի շրջանային կազմակերպության անդրանիկ նիստն է անցկացրել, որին էլ մասնակցել է ուսուցչական անձնակազմը: Դպրոցի տնօրենի կողմից վարվող նիստի ժամանակ ուսուցիչներին նույնիսկ Հանրապետական կուսակցության անդամատոմսեր էին բաժանվել:
Եվ չնայած նախարարը նշում է, թե նման միջոցառումն արգելված է դպրոցում, եւ այստեղ ժամը որեւէ նշանակություն չունի, սակայն Մեղրու քաղաքապետ Մխիթար Զաքարյանը ArmLur.am-ի հետ զրույցում արդարացել էր, թե տեղի ունեցածի մեջ օրենսդրական որեւէ խախտում չի եղել: «Ժողովը տեղի է ունեցել ժամը երեքն անց կես՝ դասերից հետո: Մենք գտնում ենք, որ օրենքին հակասող ոչ մի բան տեղի չի ունեցել», – նշել էր նա:
Հիշեցնենք, որ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 8-րդ կետում հստակ ասվում է. «Ուսումնական հաստատություններում արգելվում է իրականացնել քաղաքական գործունեություն կամ քարոզչություն»: Իսկ ինչպես է տեղի ունեցածին արձագանքում եւ ինչ քայլեր կձեռնարկի Լեւոն Մկրտչյանը, ով ժամանակին ուսումնական հաստատություններն ապաքաղաքականացնելու շուրջ բազմաթիվ շրջաբերականներ էր ուղարկել:
-Պարո՛ն Մկրտչյան, ի՞նչ քայլեր եք ձեռնարկում Մեղրիի դպրոցում տեղի ունեցած դեպքի վերաբերյալ:
-Մենք խնդրին տեղեկացել ենք եւ համապատասխան նամակով կդիմենք մարզպետին՝ լրացուցիչ պարզաբանումներ ստանալու համար: Տեղի ունեցածն անթույլատրելի է, կդիմենք մարզպետին, որպեսզի քննեն, քանի որ դա զուտ կրթական եւ գիտական տարածք է:
-Ո՞վ է մեղավոր տեղի ունեցածում:
-Իհարկե, տնօրենը, նա է իր սեփական նախաձեռնությամբ արել դա: Վստահ եղե՛ք, որ որեւէ այլ խնդիր այդտեղ չկա:
-Մեղրու քաղաքապետը մեզ հետ զրույցում ասել է, թե այդ միջոցառումը եղել է երեքն անց կես եւ հետեւաբար օրենքին չի հակասում:
-Ես կարծում եմ, որ ընդհանրապես դպրոցի տարածքը չպետք է օգտագործվի նման նպատակներով: Իմ կարծիքով՝ այստեղ ժամը նշանակություն չունի: Կարող էին մեկ այլ տարածքում անել իրենց միջոցառումը:
-Իսկ ի՞նչ հետեւանքներ կունենա տեղի ունեցածը: Դպրոցի տնօրենը կզգուշացվի՞:
-Դպրոցի տնօրենին պետք է դիտողություն արվի, որպեսզի այսուհետ նման գործողություններ չլինեն: Ինքը ժողով է հրավիրել, սակայն ոչ նախընտրական շրջան է: Պարզապես պետք է զգուշացնել, կարող է եւ չիմացության արդյունք է: Պետք է հասկանալ՝ ինչ է եղել: Մենք դիմել ենք, որ քննեն, ուսումնասիրեն, հասկանան՝ ինչ է եղել: Եթե այդ պահին այդտեղ ընտրություն լիներ, դա ուրիշ խնդիր է, բայց նման իրավիճակ չէ:
-Դուք մշտապես բարձրաձայնել եք կրթական հաստատություններն ապաքաղաքականացնելու անհրաժեշտության մասին: Փաստորեն Ձեր շրջաբերականները շրջանցվում են: Ի՞նչ է պետք անել:
-Պետք է լուրջ ուշադրություն դարձնել նաեւ դպրոցական խորհուրդների ձեւավորման սկզբունքներին: Պետք է նաեւ հասարակության համարժեք արձագանքը, ինչը եւ լինում է նման դեպքերում: Օրենսդրական կարգավորումներ եւս անհրաժեշտ է: Ընդհանրապես պետք է արմատապես վերանայել դպրոցների կառավարման համակարգը, որպեսզի դպրոցի տնօրենն այլեւս կենտրոնանա բովանդակային խնդիրների վրա. կրթական որակի, բովանդակային խնդիրների եւ խորհուրդների դերակատարությունը պետք է կտրուկ մեծանա, եւ պետք է հստակեցնենք այդ խորհուրդների կազմի ընտրության ձեւաչափը եւ այդ ուղղությամբ էլ մշակում ենք ծրագիրը:
Հ.Գ. Պարզաբանում ստանալու նպատակով «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Սյունիքի մարզպետարան, որտեղից նշեցին, թե այդ պահի դրությամբ կրթության եւ գիտության նախարարությունից գրություն չեն ստացել: Սյունիքի մարզպետարանից հայտնեցին, թե մարզպետ Վահե Հակոբյանի հանձնարարությամբ մարզպետարանի կրթության վարչությունն իրականացնում է ստուգումներ՝ կատարվածի փաստական հանգամանքները պարզելու նպատակով: «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին, թե մարզպետարանի կրթության վարչությունը կատարվածի փաստական հանգամանքների լիարժեք եւ համակողմանի ուսումնասիրությունից հետո կներկայացնի համապատասխան եզրակացություններ, եւ եթե դպրոցի տնօրենի արարքում օրենքին հակասող հանգամանքներ ի հայտ գան, կձեռնարկվեն օրենքով սահմանված միջոցներ:
Հավելենք, որ դպրոցի տնօրեն Մերի Հակոբյանը արդարացել է, թե իր կողմից կուսակցական տոմսերը տրամադրվել են դպրոցում դասապրոցեսի ավարտից հետո եւ որեւէ կերպ չի խոչընդոտել կրթական գործընթացը: Նա իր գործողություններում հակաօրինական տարրեր չի տեսնում: Թե, ի վերջո, ինչպես կզարգանան իրադարձությունները, եւ ինչ արդյունք կտան ուսումնասիրությունները, ցույց կտա ժամանակը, սակայն հաշվի առնելով խորհրդարանական ընտրություններից առաջ ի հայտ եկած դպրոցների եւ մանկապարտեզների տնօրենների ձայնագրությունների պատմությունը՝ արդեն կարող ենք եզրակացնել, որ Մեղրիի թիվ 2 դպրոցի տնօրենն այդպես էլ անպատիժ կմնա: Թերեւս ոչ ոք չի զարմանա, եթե որոշ ժամանակ անց նա նույնիսկ արժանանա որեւէ խրախուսման՝ «արժանի» ՀՀԿ-ական լինելու համար:
ՖՈՒՏԲՈԼԸ ՄՆՈՒՄ Է ԱՆՀԱՍԱՆԵԼԻ
ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանի մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողները հետաքրքրվել են, թե, ի վերջո, երբ է զարգանալու հայկական ֆուտբոլը: «Ֆուտբոլը կզարգանա այն ժամանակ, երբ Գագիկ Ծառուկյանն այս մարզաձեւում կունենա իր մեծ ներդրումը, ինչպես մյուս մարզաձեւերում»,- նշել է նա:
Ընդգծենք, սակայն, որ տեւական ժամանակ է, ինչ նախարարը հեռակա «բանավեճի» մեջ է ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ եւ ոչ մի կերպ չի խառնվում ֆուտբոլային հարցերին: Սակայն այդ ամենը հին պատմություն ունի, եւ ֆուտբոլը, կարծես, մշտապես առանձնացված է եղել մյուս մարզաձեւերից: Ու ոչ մի նախարար չի համարձակվել խառնվել Հայրապետյանի տիրույթում գտնվող հարցերին:
Յուրաքանչյուր անգամ, երբ նախարարներից հետաքրքրվել ենք ֆուտբոլում տիրող իրավիճակի մասին, խոստովանել են, որ տեղյակ չեն: Եվ, իհարկե, հասկանալի է, որ նրանց պարզապես Ռուբեն Հայրապետյանն է արգելել զբաղվել ֆուտբոլով, եւ վերջիններս էլ որոշել են, «շառից-փորձանքից հեռու», այդ սպորտաձեւի մասին մոռանալ:
Իսկ ինչից է սկսվել Ռոստոմյան-Հայրապետյան դիմակայությունը: Իր հարցազրույցներից մեկում Հրաչյա Ռոստոմյանը նշել էր, թե ինքը կարող է որակյալ ֆուտբոլիստներով համալրել հավաքականը, ի պատասխան՝ Ռուբեն Հայրապետյանը նշել էր. «Ես իրեն խորհուրդ կտամ ատամնաբուժությամբ զբաղվել, դա ավելի լավ է ստացվում: Ինքը չգիտի, որ սպորտի նախարարությունն իրավունք չունի միջամտել ֆեդերացիաներին», իսկ մի առիթով էլ տարակուսել էր, թե. «Հրաչյա Ռոստոմյանն ո՞վ է, չեմ ճանաչում, հարցը փոխեք, էլի»:
Նախարարի պատասխանն էլ չէր ուշացել. վերջինս լրագրողների հետ զրույցում հակադարձել էր Հայրապետյանի խոսքերին. «Հպարտանում եմ իմ առաջին մասնագիտությամբ: Չեմ կարծում, որ Ռուբեն Հայրապետյանն ինձ խորհուրդ տվողների ցանկում կա: Կլինի ֆուտբոլ, թե այլ մարզաձեւ, չեմ կարող ներկայություն չունենալ, երբ խնդիրներ եմ տեսնում», – նշել էր նա:
Եվ չնայած Ռոստոմյան-Հայրապետյան հեռակա վեճերը դադարել են, սակայն մինչ այժմ էլ ֆուտբոլային ոլորտը շարունակում է անհասանելի մնալ ՀՀ սպորտի բոլոր նախարարների համար:
Նյութերը՝ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ
ԿՐՔԵՐԸ ՀԱՆԴԱՐՏՎԵԼ ԵՆ
Շիրակի պետական համալսարանում կրքերը կարծես թե հանդարտվել են: Համենայնդեպս մի որոշ ժամանակ դասադուլները չեն շարունակվի, մինչեւ պարզ կլինի՝ կկատարվե՞ն տրված խոստումները, թե՞ ոչ: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում համալսարանի դասախոս Գագիկ Համբարյանը նշեց, թե նախօրեին ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանն այցելել է համալսարան, հանդիպել թե՛ իրենց, թե՛ ուսանողական կազմին եւ ռեկտոր Սահակ Մինասյանին պահանջներ ներկայացրել: «Նախարարը պահանջել է, որ ռեկտորը փոխի ուսումնական պլանն ու ՄՕԳ-երով զեղչերի համակարգը: Բացի այդ՝ նախարարի հրամանով ԲՈՒՀ-ում ստուգումներ կլինեն», – նշեց Համբարյանը՝ հավելելով, որ նախարարին անօրինականությունների բազմաթիվ փաստեր են ներկայացրել, այդ թվում՝ ռեկտորի կողմից կոռուպցիոն դրսեւորումների մասին: Համբարյանին հատկապես զայրացրել է այն հանգամանքը, որ Սահակ Մինասյանը որոշել է առկա եւ հեռակա ուսուցումների փոխարեն ինտեգրված ուսուցում ներառել, եւ այդքանից հետո նույնիսկ, Համբարյանի խոսքով, նախարարն ասել է՝ խորը խնդիրներ չկան: Համբարյանը հավելեց, թե սպասում են ստուգումների արդյունքներին եւ տրված խոստումների կատարմանը, որից հետո կմտածեն իրենց հետագա քայլերի մասին:
ԵՐԻՏԱՍԱՐԴ, ԲԱՅՑ ՈՒՆԵՎՈՐ
ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի 28-ամյա քաղաքապետ Թովմաս Շահվերդյանը, չնայած իր երիտասարդ տարիքին, զգալի ունեցվածք ունի: «Ժողովուրդ»-ը նրա պաշտոնական հայտարարագրից տեղեկացավ, որ տուն չունի, ունի ընդամենը «Vokswagen Touareg 3.6» մակնիշի մեկ ավտոմեքենա: Երիտասարդ քաղաքապետի դրամական միջոցները կազմում են 9 հազար դոլար եւ 12 մլն դրամ: Իսկ աշխատավարձը, որը հայտարարագրել է որպես եկամուտ, ամսական կազմում է 90 հազար 560 դրամ: Համաձայնեք, որ այսքան աշխատավարձ ստանալու դեպքում հայաստանյան պայմաններում անհնար է այսքան դրամական միջոց կուտակել:
ԲԵԿԱՆԵԼ Է
«Հրապարակ» օրաթերթի լրագրող Վահե Մակարյանի եւ ԱԺ նախկին պատգամավոր Ռուբիկ Հակոբյանի միջեւ միջադեպը նոր երանգներ է ստանում: Այս տարվա փետրվարին ՀՔԾ-ն լրագրող Վ. Մակարյանին հարվածելու դեպքով պատգամավոր Ռ. Հակոբյանի դեմ հարուցված քրգործի վարույթը կարճել էր՝ պատճառաբանությամբ, թե մեկ հարվածը չի որակվում որպես ծեծ եւ, հետեւաբար, քրեաիրավական պատասխանատվության չի հանգեցնում: Լրագրողը ՀՔԾ-ի որոշումը բողոքարկել էր Արաբկիր եւ Քանքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, սակայն դատարանը եւս արդարացրել էր ՀՔԾ-ի գործելաոճը: Մեր գործընկերն առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկել էր ՀՀ վերաքննիչ դատարան: Եւ դատարանի նախագահ Վազգեն Ռշտունու ձեռամբ կայացվել է անակնկալ որոշում. բեկանվել է առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը՝ նշելով, որ լրագրողի իրավունքի խախտում է եղել: Արդյունքում անհարմար դրության մեջ են հայտնվել ե՛ւ Արաբկիրի դատարանը, ե՛ւ ՀՔԾ-ն: Հետաքրքիր իրավիճակ է: