Լուսանկարը` պաշտոնական լրահոսից
Երեկ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել «Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ» ընկերության «Երեւան էքսպո» ցուցահանդեսային համալիրում «ԴիջիԹեք էքսպո-2017» 13-րդ ամենամյա տեխնոլոգիական ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը: Ս. Սարգսյանը ցուցահանդեսին ներկայացված «փազլ» է հավաքել:
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ ո՞ր կատեգորիաների անձինք ունեն դրամական օգնություն ստանալու իրավունք:
Լիլիա Հարությունյան (54 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Լ. Հարությունյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ դրամական օգնություն ստանալու իրավունք ունեն`
1.Հայրենական մեծ պատերազմում կամ այլ պետություններում մարտական գործողություններին մասնակցելու հետեւանքով կամ ծառայողական պարտականություններ կատարելիս հաշմանդամ դարձած անձինք,
2. Հայրենական մեծ պատերազմի մասնակիցները, պատերազմի տարիներին Լենինգրադի բլոկադայի մասնակիցները, ֆաշիստական համակենտրոնացման ճամբարների նախկին անչափահաս գերիները կամ այլ պետություններում մարտական գործողությունների մասնակիցները:
Նշված ենթակետերով միաժամանակ դրամական օգնություն ստանալու իրավունք ունեցող անձին նշանակվում է դրանցից մեկը իր ընտրությամբ:
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ պետական կենսաթոշակի իրավունք չունեցող, սակայն այլ պետություններում մարտական գործողությունների մասնակիցները նույնպես ունեն դրամական օգնություն ստանալու իրավունք:
ՀԱՐՑ. Աղջիկս 2-րդ կուրսի ուսանող է, սովորում է գերազանց: Ուզում եմ իմանալ՝ նա կարո՞ղ է օգտվել կրթաթոշակի իրավունքից: Եթե ոչ, ապա ինչո՞ւ: Ո՞ր ուսանողներին է տրվում կրթաթոշակ:
Իռեն Հակոբյան (39 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ պետական կրթաթոշակը պետական ֆինանսական խրախուսանք է, որը մրցութային կարգով տրվում է միջին մասնագիտական ուսումնական հաստատության ուսանողին՝ գերազանց եւ լավ առաջադիմության, հասարակական ակտիվության, պատշաճ վարքագիծ դրսեւորելու համար, ինչպես նաեւ սահմանամերձ կամ բարձր լեռնային բնակավայրերի ուսանողներին:
Ուսանողների հասարակական ակտիվությունը բնութագրող ցուցանիշներ են համարվում`
1) մասնակցությունն ուսումնական հաստատության ուսանողական, հասարակական աշխատանքներին. 2) զեկուցումները, ռեֆերատները, հրատարակած աշխատանքները (գիտական ամսագրերում եւ զանգվածային լրատվության միջոցներում). 3) մասնակցությունը միջքոլեջային, քաղաքային, հանրապետական եւ միջազգային մրցույթներին, օլիմպիադաներին, ուսանողական գիտական նստաշրջաններին, ուսանողական շինարարական ջոկատների աշխատանքներին. 4) այլ ստեղծագործական նախաձեռնություններ` միջին մասնագիտական ուսհաստատության հայեցողությամբ:
Նախնական մասնագիտական (արհեստագործական) ուսումնական հաստատությունում պետական կրթաթոշակը տրվում է ուսանողական նպաստի համակարգում ընդունված ուսանողին: Պետության կողմից կրթաթոշակ տրվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորվող ուսումնական հաստատությունների ուսանողներին: ՀՀ պետական բյուջեից չֆինանսավորվող ուսումնական հաստատություններում կրթաթոշակի հատկացման մասին որոշումն ընդունում է հիմնադիրը:
ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ ՀՀ պետական բուհերում եւ քոլեջներում վճարովի համակարգում սովորող սիրիահայ ուսանողների համար հատուկ կրթաթոշակ է նախատեսված, որոնց վարձավճարի 70%-ը հոգում է պետությունը: Վերջինս տրամադրվում է տվյալ ուսումնական տարվա վարձավճարի չափով: