Սերժ Սարգսյանի այցերը՝ կառավարության ձեռքբերո՞ւմ. երախտագիտություն հայտնել Կարեն Կարապետյանի՞ն թե՞ Նալբանդյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարությունն իր մեկ տարվա գործունեության արդյունքների վերաբերյալ կրկին հաշվետվություն է ներկայացրել, այս անգամ բավական մանրամասն ու ընդարձակ: Միայն թե, խոստովանենք, բովանդակային առումով կառավարության հաշվետվությունն առանձնապես ոգեւորիչ չէր:

89 էջանոց փաստաթղթում ներկայացված են տարբեր ոլորտների վերաբերյալ մշակված ու ընդունված օրենսդրական նախագծերը, որոշումները, ռազմավարական ծրագրերը: Ու քանի որ կառավարությունում ջանացել էին հնարավորինս շատ աշխատանքների մասին խոսել, իրենց են վերագրել նաեւ Սերժ Սարգսյանի գործունեության արդյունքները: Խոսքը արտաքին քաղաքականության բնագավառի մասին է:

Ի միջիայլոց, ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ արտաքին քաղաքականության ընդհանուր ղեկավարումն իրականացնելու լիազորությունը տրված է ՀՀ նախագահին: Իսկ կառավարությունը ՀՀ նախագահի հետ համատեղ է մշակում եւ իրականացնում Հայաստանի արտաքին քաղաքականությունը: Ասել է, թե կառավարությունը հանդես է գալիս ոչ թե որոշումներ կայացնողի, այլ կայացված որոշումները կատարողի դերում: Այդպես է դե յուրե, այդպես է նաեւ դե ֆակտո:

Մինչդեռ կառավարությունն իր գործունեության արդյունքների մասին խոսելիս նշել է. «Հայաստանը շարունակել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների հետ համատեղ ջանքերը` ուղղված ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորմանը: Տեղի է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների չորս հանդիպում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների երեք այց տարածաշրջան»:

Եթե այստեղ ԱԳ նախարարի հանդիպումների մասին խոսելը կարելի է տրամաբանական համարել, ապա առնվազն անհասկանալի է՝ ի՞նչ իմաստ ունի ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցը ՀՀ կառավարության հաշվետվության մեջ ներկայացնելը, համենայն դեպս, քանի դեռ ՀՀ իշխանությունները համաձայն են բանակցային գործընթացի շարունակմանը, քանի դեռ հիմնախնդիրն իր լուծումը չի ստացել, եւ երկու երկների ԱԳ նախարարները կհանդիպեն, եւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները տարածաշրջան կայցելեն:

«Ջանքեր են գործադրվել՝ ուղղված Ռուսաստանի Դաշնության հետ դաշնակցային հարաբերությունների առավել խորացմանը, բազմաոլորտ համագործակցության ամրա- պնդմանը։ Տեղի է ունեցել ՀՀ նախագահի պաշտոնական մեկ, աշխատանքային երկու այց ՌԴ եւ բազմակողմ հարթակում նախագահների մակարդակով 6 հանդիպում: ՀՀ վարչապետը եւ Ազգային ժողովի նախագահը պաշտոնական այցեր են կատարել Ռուսաստանի Դաշնություն»,- եւս մեկ մեջբերում կառավարության հաշվետվությունից:

Փաստորեն կարող ենք արձանագրել, որ Ս. Սարգսյանի՝ ՌԴ պաշտոնական մեկ, աշխատանքային երկու այցերը, ՀՀ եւ ՌԴ նախագահների՝ տարբեր հարթակներում 6 հանդիպումները կառավարության ձեռքբերումների արդյունք են, եւ եթե չլիներ Կարեն Կարապետյանի գլխավորած կաբինետը, հազիվ թե Սերժ Սարգսյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին այդքան հաճախ տեսնելու առիթ ունենար:

Կամ էլ, միգուցե, այս ամենը Էդվարդ Նալբանդյանի շնորհիվ է ստացվել: Միանշանակ դժվար է պնդել, բայց կարելի է հանգել նման եզրակացության: Ամեն դեպքում, երեւի Սերժ Սարգսյանը պետք է պարզի՝ նրանցից ո՞ւմ երախտագիտություն հայտնի:

Պետք է Սերժ Սարգսյանը պարզի, որովհետեւ պարզվում է՝ նաեւ կառավարության շնորհիվ է, որ իրեն հաջողվել է լինել Նյու Յորքում, հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: «2016 թ. հոկտեմբերի 10-ին Նյու Յորքում կազմակերպվել է «Հայաստան. ներդրումային համաժողովը», որին մասնակցել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Տարբեր մակարդակներով շփումներ են կայացել ԱՄՆ-ի նոր վարչակազմի հետ»,- ասված է կառավարության հաշվետվության մեջ:

Ճիշտ նույն կերպ խոսք կա ՀՀ-ԵՄ հարաբերությունների մասին, եւ արձանագրված է, որ Սերժ Սարգսյանն այցելել է Բրյուսել եւ այնտեղ հանդիպումներ ունեցել ԵՄ ղեկավարության հետ: «Ուշադրության կենտրոնում է եղել անմիջական հարեւանների՝ Վրաստանի եւ Իրանի Իսլամական Հանրապետության հետ հարաբերությունների առավել զարգացումը։ Տեղի է ունեցել ՀՀ նախագահի եւ Վրաստանի վարչապետի երկու հանդիպում:

…Հայաստանի եւ Իրանի նախագահների միջեւ տեղի է ունեցել երկու հանդիպում՝ Իրանի նախագահի Հայաստան կատարած պաշտոնական այցի եւ Հայաստանի նախագահի՝ Իրանի նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցելու նպատակով Իրան կատարած այցի շրջանակներում»: «ՀՀ Նախագահն ունեցել է աշխատանքային մեկ այց Ղազախստան եւ երկու այց Ղրղզստան»,- սրանք եւս մեջբերումներ են կառավարության հաշվետվությունից, որտեղ ավելի շատ խոսվում է Սերժ Սարգսյանի գործունեության մասին:

Համաձայնեք՝ այս ամենը սիրուն է ներկայացված: Միայն թե պարզ չէ՝ ի՞նչ կապ ունի դա կառավարության հետ: Չնայած՝ հանուն արդարության նշենք, որ հաշվետվության մեջ ներկայացված են նաեւ վարչապետ Կարեն Կարապետյանի այցերը, որոնց աշխարհագրությունը, սակայն, առավել քան աղքատիկ է. իր պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում Կարեն Կարապետյանը եղել է միայն ՌԴ-ում, Վրաստանում, Իրանում, Թուրքմենստանում: Իսկ ահա եվրոպական որեւէ երկիր «ՌԴ-ից նշանակվածի» համարում ունեցող վարչապետն այդպես էլ չի այցելել: Թե ինչո՞ւ, մնում է միայն ենթադրել:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս