Հոկտեմբերի 20-ին կայացած ասուլիսի ժամանակ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների նախարար Աշոտ Մանուկյանը վերջապես հանդիպեց լրագրողներին՝ ներկայացնելով անցած մեկ տարվա գործունեությունն ու պատասխանելով նրանց հարցերին:
«Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս էր անդրադարձել այն հանգամանքին, որ Մանուկյանը լրագրողների հետ շփումներում այնքան էլ ակտիվ չէ, եւ նշանակումից հետո թերեւս մեկ-երկու անգամ են լրագրողները նրան հարցեր ուղղելու հնարավորություն ունեցել: Ավելի շատ ակտիվություն դրսեւորում են փոխնախարարները, հատկապես ՀՀ վարչապետի փեսան՝ Հայկ Հարությունյանը:
Ասուլիսը թերեւս բացառությունների շարքից էր, երբ նախարարն անձամբ մեկ ժամից ավելի պատասխանեց լրագրողների հարցերին:
Ասուլիսից հետո «Ժողովուրդ» օրաթերթի թղթակիցը մի քանի հարց է ուղղել ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների նախարար Աշոտ Մանուկյանին:
-Պարո՛ն Մանուկյան, կառավարությունը խոսում է էներգետիկ համակարգի դիվերսիֆիկացման մասին, սակայն «Բարձրավոլտ էլեկտրացանցեր»-ի կառավարումն ու «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի բաժնետոմսերը հանձնել է «Տաշիր գրուպ»-ին: Այդպե՞ս եք բազմազանություն ապահովում:
-«Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի սեփականատերը, այո՛, «Տաշիր Գրուպ»-ն է: «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր»-ի սեփականատիրության իրավունքը երբեք չի տեղափոխվելու պետությունից: ԲԷՑ-ի սեփականատերը կա, եղել է եւ մնալու է պետությունը: Ընդամենը ԲԷՑ-ի կառավարումը հանձնվում է «Տաշիր» ընկերությանը՝ ժամանակավորապես:
Սա պիլոտային ծրագիր է՝ հինգ տարվա ժամկետով: Պայմանագիրը բաց է, կա կետ, որ եթե ԲԷՑ-ը չի կատարում իր վրա վերցված պարտականությունները, որոնք կլինեն հավատարմագրային կառավարման ծրագրում, կառավարությունը կամ պետությունն առանց պատճառը նշելու ցանկացած պահի դադարեցնում է պայմանագիրը՝ վեց ամիս առաջ տեղեկացնելով հակառակ կողմին:
Ինչո՞ւ որոշեցինք ԲԷՑ-ը տալ կառավարման «Տաշիր» ընկերությանը, շատ պարզ պատճառով: 2018-19 թվականներին ատմոկայանի երկար կանգառի պատճառով, որը հսկայական ճնշում ունի սակագնի վրա, մենք պետք է կարողանանք մեր բոլոր ծախսերը, որոնք ազդեցություն կունենան վերջնական սակագնի վրա, հնարավորինս օպտիմալացնել: Եվ քանի որ ՀԷՑ-ի եւ ԲԷՑ-ի գործառույթները գրեթե կրկնվում են, մենք կրկնակի ծախսեր ենք անում:
Եթե դրանց կառավարումը կենտրոնացվում է մեկ միասնական կետում, դա նշանակում է, որ նորոգումները, նորոգումների ծախսերը, շահագործման ծախսերը եւ նմանատիպ այլ ծախսերը, որոնք այսօր կատարվում են, կենտրոնացվում են, հետեւաբար օպտիմալացվում են: Այսինքն՝ մենք գումարային էֆեկտով ունենում ենք ծախսերի հսկայական կրճատում, որը էական ազդեցություն կարող է ունենալ, որպեսզի փոխհատուցի այն վնասը, որը սակագինը կրում է ատոմակայանի երկար կանգառի հետեւանքով:
-Այսինքն՝ հինգ տարի անց հնարավոր է՝ «Տաշիր» ընկերությունը չշարունակի՞ կառավարումը:
-Դա պիլոտային ծրագիր է՝ առաջիկա հինգ տարվա համար, որն ընդգրկում է 2018-19 թվականները եւ հաջորդ թվականները՝ 2020-22, որոնց վրա ծանր ճնշում է ընկնում վարկային բեռի, քանի որ այն վարկային ծրագրերը, որը մենք իրականացրել ենք, այդ վարկային բեռի առաջին ամենամեծ մուծումներն այդ թվականների վրա են ընկնում:
Այս բեռը կոմպենսացնելու, փոխհատուցելու նպատակով մենք գնացինք այս հաշվարկային ճանապարհով, որովհետեւ հաշվարկները ցույց են տալիս, որ սիներգետիկ էֆեկտը կլինի բավականին համադրելի մեր կորուստների հետ:
Իսկ ինչ կլինի հինգ տարվա ընթացքում. եթե արդյունավետ չլինի, մենք, բնականաբար, կխզենք պայմանագիրը, եթե արդյունավետ կլինի, մենք կգնահատենք ըստ արդյունքի: Կառավարումը կսկսվի վեց ամսվա ընթացքում՝ այն օրը, երբ որ կառավարման ծրագիրը կներկայացվի եւ կհաստատվի կառավարության կողմից: Եվ տեսականորեն եթե այդ ծրագիրը չբավարարի կառավարությանը, ապա այդ պայմանագիրը երբեք ուժի մեջ չի մտնի:
-Դեպի Վրաստան էլէներգիայի արտահանումը եղել է տարվա ցուրտ ամիսներին: Մյուս ամիսներին որքա՞ն եք արտահանել, կոնկրետ թվային տվյալներ կներկայացնե՞ք:
-Ձմռան ամիսներ մի քիչ դժվար է ասել, իրականում ձնհալը Վրաստանում եւ Հայաստանում տարբեր ժամանակահատվածներում են սկսում: Հետեւաբար ձնհալի առաջին պահից սկսած Վրաստանում սկսվում է էլեկտրաէներգիայի ավելցուկը: Այն յուրաքանչյուր տարի կարող է լինել տարբեր ամիսների: Վրաստանում ավելցուկի պայմաններում մենք ներկրում ենք, Հայաստանի ավելցուկի եւ Վրաստանի դեֆիցիտի պայմաններում մենք արտահանում ենք:
Մենք խոսում ենք փոխհոսքերի մասին, որը բերում է ե՛ւ Վրաստանում, ե՛ւ Հայաստանում սակագնի վրա որոշակի ազդեցություն: Սեպտեմբերի վիճակով, այսինքն՝ հունվարից-սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում, 116 մլն կվտ/ժամ առաքված հոսանք: Դա եղել է հիմնականում տարվա սկզբի ամիսներին՝ հունվար, փետրվար, մարտ եւ ապրիլ:
-Պարո՛ն Մանուկյան, Ձեր նշանակման գրեթե առաջին օրերից Դուք այնքան էլ բաց չեք շփվում լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Ինչո՞ւ եք խուսափում:
-Որեւէ էական պատճառ չկա, ճիշտն ասած՝ ես չեմ նկատել: Ընդհանրապես իմ սկզբունքը հետեւյալն է, որ յուրաքանչյուր ոլորտի պատասխանատու ինքն է արժանի այն պատվին եւ պատասխանատվությանը՝ սեփական ոլորտի եւ նվաճումները ներկայացնելու եւ խնդիրները ներկայացնելու ու դրանց մասին բարձրաձայնելու: Մեր ոլորտի պատասխանատուները շատ ակտիվ են այդ հարցերում:
-Փոխնախարարներն ակտիվ են, չենք ժխտում, սակայն դժվարությամբ կարող ենք հիշել, թե Դուք կառավարության նիստից հետո վերջին անգամ երբ եք հանդիպել լրագրողներին: Ինչո՞ւ հենց Դուք ակտիվ չեք:
-Հիմա էլ եմ իջնում, ես միշտ իջնում եմ, եթե սպասեք, կտեսնեք:
Նաիրա Հովհաննիսյան