Երկաթուղային Այրում կայարանի տարածքում, երկհարկանի շենքում է գտնվում կայարանի պետի աշխատասենյակը: Այդ շենքի տակ, դեպի հանդիպակաց բլրին են գտնվում դարավանդի այգիները, որտեղ կոյուղաջրի արտահոսք կա: Կոյուղաջրի հոսք կա նաեւ Այրում կայարանի ոստիկանության շենքի բակում: Կոյուղու խնդիրը լուծելու համար Այրում կայարանի պետ Սամվել Օհանյանը 2010թ.-ին դիմել է այն ժամանակ Տավուշի մարզից մեծամասնական ընտրակարգով պատգամավոր Միքայել Վարդանյանին: 2010թ. աշնանը Մ. Վարդանյանը այդ նպատակով 1 միլիոն 300 հազար դրամ է նվիրաբերել:
Այդ գումարով Այրումի քաղաքապետարանը կոյուղագծում մի քանի հոր է կառուցել, կոյուղագծի խողովակաշարը փոխվել է, տեղադրվել են պլաստմասսե խողովակներ: Այդ աշխատանքներից մոտ կես տարի անց կոյուղագծում նորից խնդիրներ առաջացան, քանի որ կոյուղագծի վերանորոգումը պատշաճ ձեւով չի կատարվել: Թերեւս գումարը քիչ է եղել:
Այրում կայարանում տիրող գարշահոտն անտանելի է դառնում անձրեւոտ եղանակին: Ամեն տարի հունիսի 1-ից մինչեւ հոկտեմբերի 1-ը գործում է Երեւան-Բաթումի մարդատար գնացքը: Այդ ժամանակ Այրում կայարանում ուղեւորների շարժը մեծ է լինում: Ամռան ամիսներին Հայաստանի հյուսիսային, երկաթուղային դարպասում տիրող գարշահոտը խեղդում է մարդկանց: Խնդրի մասին տեղյակ են ջրմուղ-կոյուղու Նոյեմբերյանի ենթատեղամասում, երկաթուղու վարչությունում, Տավուշի մարզպետարանում, Այրումի համայնքապետարանում:
Սամվել Օհանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ շուրջ մեկ ամիս առաջ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը հանդիպում է ունեցել «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ փոխտնօրենի հետ, համաձայնության են եկել, որ մարզպետարանի միջոցով կկատարվի երկաթուղային կայարանի շենքից մինչեւ հակահամաճարակային հսկողության ծառայության շենք ընկնող տարածք, մոտ 100-120 գծամետր կոյուղագծի գործարկումը, խողովակաշարի անցկացումը: Այդ շենքի մոտից նախկինում գոյություն ունեցող, կայարանի ռելսերի տակով անցնող կոյուղագիծը հասնում է մինչեւ Դեբեդ գետը:
Երկաթուղու ղեկավարությունն իր հերթին պարտավորվել է այդտեղ կոյուղաջրերի ավազան կառուցել եւ այդտեղից շաբաթը մեկ անգամ կոյուղաջրերը պոմպով մղել Դեբեդ: Մինչեւ գետ թափվելը կոյուղաջրերի խողովակի վրա մաքրող ցանց կա: Կոյուղու խողովակաշար կառուցելու աշխատանքները չեն սկսվել: Այրում կայարանի չգործող կոյուղագծի խնդիրը տարիներով չի լուծվում, երկաթուղիով Հայաստան ժամանող զբոսաշրջիկները մեր երկրի մասին առաջին, ամենավառ տպավորությունը ստանում են կայարանում տիրող գարշահոտից:
Ոսկան Սարգսյան
Տավուշ