Ինչ փոփոխություններ են սպասվում ոստիկանությունում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ՝ 2018 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ընթացքում, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը ներկայացրեց ոստիկանության՝ 2018 թվականի զարգացման ծրագիրը: Նա կարեւորեց ոստիկանության կազմակերպա-իրավական ձեւն ու կառուցվածքային փոփոխությունները:

«Մենք նպատակահարմար ենք գտնում, որ ոստիկանությունը սահմանվի որպես վարչապետին ենթակա պետական մարմին: Այդ մոդելը նպատակահարմար է այնքանով, որ ոստիկանությանը թույլ կտա նոր սահմանադրական կարգավիճակին անցում կատարել, սահուն՝ առանց կառուցվածքային եւ գործառութային զգալի փոփոխությունների ու ժամանակի անհարկի կորստի: Առաջարկվող կարգավիճակի պարագայում ոստիկանության քաղաքական չեզոքությունը կլինի ավելի երաշխավորված»,- նկատեց նա:

Անդրադառնալով կառուցվածքային փոփոխություններին՝ Եղիազարյանը նշեց, որ համանման գործառույթներ իրականացնող կենտրոնական ապարատի ստորաբաժանումները կմիավորվեն: «Ապագայում կձեւավորվեն նաեւ քրեական եւ հասարակական անվտանգության ոստիկանություններ»,- հավելեց Վարդան Եղիազարյանը:

Նախատեսվում է նաեւ ձեւավորել շուրջօրյա ռեժիմով գործող պարեկային նոր ծառայություն, որը բարձրացնելու է բնակավայրերում իրավախախտումների կանխարգելման եւ խափանման արդյունավետությունը: Վարդան Եղիազարյանն ընդգծեց, որ պլանավորվում է ոստիկանության համակարգում ավելացնել տեղեկատվական արդիական տեխնոլոգիաների օգտագործումը: «Տեղեկատվական արդիական տեխնոլոգիաները պետք է լայնորեն օգտագործվեն հատկապես հասարակական կարգն ապահովելիս, հանցագործությունները, վարչական իրավախախտումները հայտնաբերելիս եւ խափանելիս»,- ասաց փոխոստիկանապետը:

Փոխոստիկանապետի ելույթից հետո ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը սա աննախադեպ որակեց՝ ասելով, որ բացահայտում կա: «Երկար ժամանակ մենք սպասում ենք Կառավարության մասին օրենքին, սակայն կան սահմանադրական փոփոխություններ, որ մենք անցնելու ենք կառավարման խորհրդարանական համակարգի, եւ այլեւս չեն լինելու կառավարությանն առընթեր մարմիններ, եւ բոլորը հաշվետու են լինելու խորհրդարանին: Դուք Ձեր զեկույցում նշեցիք, որ ոստիկանությունը ենթակա է վարչապետին: Այսինքն՝ որեւէ մեկը չի պատրաստվում առընթեր մարմինները դարձնել նախարարություններ»,- նկատեց նա: Եղիազարյանն էլ նշեց, թե սա այն տեսլականն է, որը նրանք տեսնում են ոստիկանության տեսանկյունից:

Հավելենք, որ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից 2018թ. ոստիկանությանը նախատեսվում է հատկացնել 41.6 միլիարդ դրամ: Ընթացիկ տարվա համեմատ ոստիկանությանը հատկացվող բյուջետային միջոցները նվազել են 544.4 միլիոն դրամով:




Լրահոս