«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցն է նոյեմբերի 5-ին կայանալիք Գորիսի քաղաքապետի ընտրություններում առաջադրված թեկնածու, նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը:
-Պարո՛ն Հարությունյան, նոյեմբերի 5-ին կայանալիք Գորիսի քաղաքապետի ընտրություններում Դուք համարվում եք ՀՀԿ-ի կողմից առաջադրված, քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Առուշ Առուշանյանի հիմնական մրցակիցը: Ինչպիսի՞ պայքար է սպասվում:
-Անշուշտ թեժ է լինելու, անհավասար են ուժերը, ծայրահեղ բեւեռացված: Մյուս կողմում ես եմ` տասնամյակներ արդեն հանրությանը հայտնի, իմ զենքերն են գիտելիքը, փորձառությունը, վճռականությունը եւ կայտառ առողջությունս: Այս ամենը վստահություն է տալիս կրկին հավատալ իմ ուժերին, ծրագիրս վերնագրել եմ «Գորիս քաղաքի եւ վերազարթոնքի», որը շատ հավակնոտ է: Ես վստահ եմ, որ ընտրվելու պարագայում շուտով ունենալու ենք շատ լուրջ առաջընթաց:
Պետք է այդ համայնքն ունենա ընդգծված գիտելիքներով եւ փորձառությամբ առաջնորդ, այլ ոչ թե կիսագրագետ կամ բոլորովին անգրագետ, տառաճանաչության եւ հոդաբաշխ լեզվի խնդիր ունեցող 26-ամյա մեկը, որի միակ առավելությունն իր տարիքն է: Իհարկե, առավելություններից մեկն իր ՀՀԿ-ական լինելն է, այդ տխրահռչակ մարզպետ Վահե Հակոբյանը կարողացավ նրան նշանակել տալ պաշտոնակատար եւ հիմա էլ ամեն ջանք գործադրում է, որ այդպիսինը կարգվի արդեն հռչակավոր Գորիս համայնքի ղեկավար: Չի լինելու այդ ամենը, ես արդեն ասել եմ, որ ընտրողների կողմից հուժկու հարված են ստանալու: Մեր երկրի ողբերգություններից առաջինն այն է, որ կադրերն իրենց տեղում չեն: Խոշորացված համայնքի ղեկավարը գոնե տարրական գիտելիքներ պե՞տք է ունենա, թե՞ ոչ: Կամ ինչը ստիպեց այդ երիտասարդին՝ ամբողջովին ողողվի այդպիսի տարօրինակ դաջվածքներով եւ հետո ակնկալի, որ հենց այդպիսինը պետք է լինի Գորիս խոշորացված համայնքի ղեկավար:
-Այդ դեպքում ինչո՞ւ մարզպետ Վահե Հակոբյանը նախընտրեց հենց նրան:
-Նա պարտք է անշուշտ այդ ընտանիքին: Նախեւառաջ Առուշի հորը` գործարար Գագիկ Առուշանյանին, այն առումով, որ նրանք կարողացել են ՀՀԿ-ի օգտին ձայներ ապահովել: Ես կարծում եմ, որ շատ քիչ ձայն են արձանագրել Առուշ Առուշանյանի օգտին` հաշվի առնելով ծախսած գումարները: Անակնկալներից մեկն էլ այն էր, որ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ, երբ Առուշ Առուշանյանը գնում էր գյուղեր, երբ մարդիկ կասկած էին հայտնում, որ նա անգամ ձայներ ունենալու պարագայում չի գնա խորհրդարան, նա երդում էր ուտում, որ եթե ինքը չգնա խորհրդարան, ապա ինքը…: Բնականաբար նրան կանչեցին եւ դիմումի տակ ստորագրել տվեցին, եւ ինքը հուզաշաղախ ապրումներով ստիպված եղավ ստորագրել:
-Իսկ միգուցե հենց քաղաքապետի՞ պաշտոնն էին նրան առաջարկել:
-Ես գտնում եմ, որ նա ստիպված ստորագրեց` հակառակ իր երդմանը: Դրանից հետո հիմա մի նոր պրոյեկտ է, որ մարզպետն առաջարկել է: Ես գտնում եմ, որ մարզպետը պարտք է այդ ընտանիքին: Ես կոչ եմ անում, որ իր պարտքը տա: Պարտքդ վերադարձրո՛ւ, Վահե՛ Հակոբյան, եւ մի՛ պարտադրիր գորիսեցիների վզին քո վայրի կամայականությունը: Նաեւ այսպիսի բան կա` հլու-հնազանդությունը, ուզում են, որ համայնքի ղեկավարները լինեն հլու-հնազանդներ, հասարակությունը նրանց ասում է` թազի թուլաներ: Գիտեն, որ ես այդպիսին չեմ եղել եւ չեմ լինելու: Ես չեմ տեսնում, որ մազպետն էլ փայլում է իր գիտելիքներով:
-Ինչպե՞ս եք գնահատում Ձեր շանսերը` հաշվի առնելով, որ Առուշանյանն ամեն դեպքում իշխող կուսակցության ներկայացուցիչն է:
-Ես վստահ եմ, որ ՀՀԿ-ականներից շատերն ինձ են ձայն տալու, մարդիկ հոգնել են: Այսպիսի մի բան ասեմ. մի ԿԳԲ-ական, որ մի քանի տարի առաջ եղել է Գորիսի բաժանմունքի պետը` Վահիկ Սաֆարյան, երկու շաբաթ է` Գորիսից չի հեռանում եւ իր ունակություններն ի չարս է օգտագործում, Առուշանյանի քարոզարշավին է մասնակցում: Ներկա է եղել այն ժողովին, որն Առուշանյանի հայրն է վարել: Եվ այդ ժողովին Սաֆարյանը կանգնում, ասում է` արդեն ամեն ինչ որոշված է: Սակայն այնտեղ մարդիկ են եղել, ովքեր հակադրվել են:
-Ձեր խոսքում նշեցիք, թե մարզպետ Վահե Հակոբյանն էլ չի փայլում իր գիտելիքներով: Նրա աշխատանքում ի՞նչ խնդիրներ եք տեսնում:
-Ես գտնում եմ, որ նա կիսատ-պռատություն է պարզապես: Անցած մեկ տարում նա խայտառակ ընթացք է ունեցել: Նա մեկ տարվա ընթացքում կիսով չափ արձակուրդում է եղել, մարզպետարան աշխատանքի չի ներկայացել: Ֆիզարձակուրդ գնացող կինը մոտավորապես այդքան է գնում: Դա նշանակում է, որ նա ֆիզարձակուրդ գնացող կնոջ տեղն է իրեն դրել: Վարչապետն ասում է` ես պարտադրել եմ, որ բոլոր նախարարները շաբաթ օրը աշխատեն, բայց նա աշխատանքի ընդհանրապես չի գալիս, հիմա էլ պարզվում է` ուղղաթիռով է գալիս: Ոչ մի մարզպետ երբեւէ իրեն թույլ չի տվել այդ շրջանառությունը: Մեկն ասում է` դա արժե մոտավորապես 800 հազար դրամ, իսկ մեկ այլ քաջատեղյակ անձ նշեց, թե 1 մլն 250 հազար դրամ է: Համոզված եմ, որ ինքը չի կառավարում Սյունիքը: Ղեկավարում է Էլիզաբեթ անունով մեկը, որը նաեւ մարզպետի կինն է: Եվ նրան այնքան չեն վստահում, որ Միլենա անունով մի աղջկա ուղարկել են մարզպետարան` օգնականի կարգավիճակով, եւ նա այնտեղ ցուցումներ է տալիս: Դրա համար էլ ես պահանջում եմ, որ անհապաղ այդպիսին հեռացնեն աշխատանքից:
-Եթե չեն հեռացնում, նշանակում է` իշխանություններին անհրաժեշտ է: Ի՞նչ ծառայությունների դիմաց է իշխանությունը պահում Վահե Հակոբյանին:
-Ես ներկայացնում եմ փաստ, որ նա 11 ամիս 20 օրվա ընթացքում ընդամենը 10 րոպեով է եղել Գորիսի համայնքապետարանում եւ 10 րոպե վիճաբանել է ավագանու երիտասարդ անդամներից մեկի հետ եւ հեռացել: Իսկ եթե բացում ենք օրենքը, այնտեղ գրված են ոչ միայն մարզպետի իրավունքները, այլեւ պարտականությունները: Այսինքն՝ արհամարհվել է օրենքը: Եթե աչք են փակում, ուրեմն այդպիսին փակ է: Բա ասում են` պատերազմ են հայտարարում անարդարությանը, հիմա իրենք թող ապացուցեն, որ պատերազմ է, մենք էլ մասնակցենք:
-Դուք նախկինում մշտապես քննադատել եք նաեւ նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին, սակայն ավելի ուշ պարզ դարձավ, որ Ձեր հարաբերությունները կարգավորվել են: Այժմ ինչպիսի՞ հարաբերություններ ունեք նրա հետ, հնարավո՞ր է` Ձեզ աջակցի:
-Ես բազմիցս եմ քննադատել նրան, դա հանրահայտ է: Սակայն մենք հանդիպեցինք, ուժ գտանք մեր մեջ՝ վերջ դնելու հակամարտությանը: Մենք այժմ շատ քիչ ենք հարաբերվում:
ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻՆ ՆՈՐ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐ ԿՏՐՎԵՆ
Երեկ շրջանառության մեջ է դրվել տարածքային կառավարման հայեցակարգի նախագիծը: ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության կողմից մշակված նախագծում ներկայացված են այն հայեցակարգն ու գործառույթները, որոնք ունենալու են մարզպետները: Ըստ այս հայեցակարգի՝ մարզպետների աշխատանքում նոր գործառույթներ են ավելանալու, իսկ մի քանիսն էլ տրվելու են համայնքներին:
Նախագծից տեղեկացանք, որ առաջարկվում է վերաձեւավորել մարզային խորհուրդը, որը դառնալու է մարզի զարգացման քաղաքականության հիմնական ուղղությունները կանխորոշող խորհրդակցական մարմին: Մարզի զարգացման խորհուրդը բաղկացած կլինի 15-ից 31 անդամից եւ առնվազն 2/3 կլինեն տվյալ մարզի համայնքների ներկայացուցիչները: Բացի այդ՝ մարզային ներդրումային եւ տնտեսական այլ ծրագրերի ֆինանսավորման եւ իրականացման նպատակով մարզերում ձեւավորվելու են մարզային հիմնադրամներ: Հիմնադրամի գործառույթների շրջանակում են լինելու ներդրումների ներգրավումը, դոնորների հետ տարվող աշխատանքը, գործարարության եւ գյուղատնտեսության աջակցումը, ներդրումային ծրագրերի պատրաստումը, իրականացումը եւ իրականացվող ծրագրերի մշտադիտարկումը:
Անդրադառնանք մարզպետների աշխատանքում ավելացվող գործառույթներին: Ըստ այդմ, նրանց գործառույթների մեջ մտնելու են`
1) մարզի ռազմավարական ծրագրերի կազմում, միջոցների հայթայթում, ծրագրերի իրականացում։ Ծրագրերի հնարավոր ոլորտներն են՝ ձեռնարկատիրություն, զբոսաշրջություն, գյուղատնտեսության աջակցություն, համայնքային զարգացում, ենթակառուցվածքների զարգացում, բնապահպանական ծրագրեր եւ այլն.
2) պետական բյուջեից մարզերի սոցիալական ոլորտի զարգացմանը հատկացվող միջոցների մրցութային կարգով բաշխում, ծրագրերի իրականացման գնահատում եւ մոնիտորինգ.
3) մարզի տարածքում հանրապետական աջակից հիմնադրամների եւ մարմինների գործունեության համակարգում՝ ՓՄՁ աջակցության, գյուղատնտեսության աջակցության, ենթակառուցվածքների կառուցման եւ պահպանման ու այլ ուղղություններով։
Հավելենք, որ սա փոփոխությունների առաջին փուլն է, հետագայում տարածքային կառավարման առումով այլ փոփոխություններ եւս սպասվում են:
Նյութերը՝ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ
ԱԱԾ-Ն ԱՎՏՈՄԵՔԵՆԱ Է ԳՆԵԼ
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պետական միջոցներով ավտոմեքենա է գնել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ազգային անվտանգության պետական ծառայությունը հոկտեմբերի 6-ին պայմանագիր է կնքել «Մագաս ինվետս» ընկերության հետ: Մասնավորապես գնվել է 5 հատ ՌԴ արտադրության «Հյունդայի» մարդատար ավտոմեքենա: Յուրաքանչյուր ավտոմեքենայի համար ԱԱԾ-ն ծախսել է 6 մլն 835 հազար դրամ: Իսկ ընդհանուր ավտոմեքենաների համար հատկացվել է 34 մլն 175 հազար դրամ: Ի դեպ, ԱԱԾ-ի կողմից ներկայացված տեխնիկական բնութագրում նշված է, որ ավտոմեքենան պետք է լինի այս տարվա արտադրության, դրանցից երեք հատը` սեւ գույն, իսկ երկուսը` սպիտակ: Փաստորեն, ԱԱԾ-ն մեքենաների հարցում բավական բծախնդիր է գտնվել:
ԴԱՐՁ Ի ՇՐՋԱՆՍ ՅՈՒՐ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Վանաձոր» ՔԿՀ պետի պաշտոնում կնշանակվի Արթիկի ՔԿՀ պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանը: Հիշեցնենք, որ նա նախկինում եղել է «Վանաձոր» ՔԿՀ պետ, սակայն 2015 թվականին փոփոխություններ եղան այս համակարգում, եւ Մխոյանին տեղափոխեցին Արթիկ՝ նշանակելով այնտեղի ՔԿՀ պետ, իսկ Արթիկի ՔԿՀ պետ Գեւորգ Մկրտչյանը նշանակվեց «Վանաձոր» ՔԿՀ պետ: Նշենք, որ «Վանաձոր» ՔԿՀ-ի պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության անվտանգության ապահովման բաժնի պետ, արդարադատության գնդապետ Վարուժան Եղիազարյանը: Իսկ այս պաշտոնը թափուր է մնացել այն բանից հետո, երբ Մկրտչյանին կաշառք վերցնելու համար կալանավորեցին:
ՉԻ ՏԻՐԱՊԵՏՈՒՄ
Նախատեսվածի պես երեկ տաքսիստները հավաքվել էին Երեւանի քաղաքապետարանի դիմաց` իրենց բողոքը ներկայացնելու համար: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ քաղաքապետարանից նրանց այդպես էլ հստակ պատասխան չեն տվել՝ ասելով, որ իրենց ոչնչով չեն կարող օգնել, քանի որ այդ հարցերն իրենց լիազորությունների ներքո չեն գտնվում: Եվ տաքսիստները որոշեցին շարժվել դեպի Բաղրամյան 26, սակայն նրանց նախաձեռնությունն անավարտ մնաց, քանի որ ճանապարհին ավտովթար տեղի ունեցավ, բախվեցին հինգ մեքենաներ, եւ ակցիան այդքանով ավարտվեց: Նշենք, որ քաղաքապետարանի դիմաց հավաքված տաքսիստները ցանկանում էին իրենց բողոքն արտահայտել լիցենզավորման նոր կարգի առնչությամբ: Այդ կարգի համաձայն՝ մեքենաները պետք է լինեն վեց տարուց ոչ հին: Նրանք նաեւ պահանջում են, որ տաքսիների հարցերով լիազորությունները փոխանցվի քաղաքապետարանին, քանի որ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, նրանց խոսքով, իրավիճակին ընդհանրապես չի տիրապետում. փաստ, որը հայտնի է արդեն ամենքին: