Ընդդեմ վարչական ռեսուրսի, առանց ընտրակաշառքի դեմն առնելու. Ընտրական օրենսգիրքը կրկին փոխում են.

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արդարադատության նախարարությունը շրջանառության մեջ է դրել ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագիծ` առաջարկելով ընտրությունների եւ հանրաքվեի ընթացքում բացառել վարչական ռեսուրսի օգտագործումը:

Օրինագծի համաձայն՝ արգելվում է նախընտրական քարոզչության նպատակով ծառայողական պարտականությունների իրականացման համար տրամադրված ֆինանսական, տեղեկատվական միջոցները, տարածքները, տրանսպորտային եւ կապի միջոցները, նյութական ու մարդկային ռեսուրսներն օգտագործելը: Այդ արգելքը վերաբերում է հանրային ծառայողներին՝ բացառությամբ ԱԺ պատգամավորների, առողջապահական կամ բժշկական կազմակերպությունների, ուսումնական հաստատությունների, նախադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատողներին` իրենց լիազորություններն իրականացնելիս կամ ի պաշտոնե հանդես գալիս: Առաջարկվում է այդ արգելքը տարածել նաեւ պետական հիմնարկների կամ կազմակերպությունների, համայնքային հիմնարկների կամ կազմակերպությունների, կանոնադրական կապիտալում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների 20 եւ ավելի տոկոս մասնակցությամբ կազմակերպությունների աշխատակիցների նկատմամբ` կրկին իրենց լիազորություններն իրականացնելիս կամ ի պաշտոնե հանդես գալիս: Եւ, վերջապես, այդ արգելքը վերաբերում է դատավորներին, դատախազներին, քննչական կոմիտեին, ՀՔԾ ծառայողներին, ոստիկանությունում, ԱԱԾ, քրեակատարողական, ԴԱՀԿ ծառայողներին, զինծառայողներին եւ ընտրական հանձնաժողովների անդամներին:

Իսկ որպես պատիժ առաջարկվում է ՀՀ վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգրքով սահմանել տուգանք` 100-400, իսկ պաշտոնատար անձի դեպքում` 400-800 հազար դրամի չափով: Նաեւ փոփոխություններ են առաջարկված ՀՀ քրեական օրենսգրքում, որպեսզի լրացվի նոր հանցակազմ՝ քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը, որը դրսեւորվում է ծառայողական կամ այլ կախվածությունն օգտագործելով: Այս դեպքում էլ որպես պատիժ առաջարկվում է տուգանք` 700 հազարից 1 մլն դրամի չափով, իսկ եթե այդ արարքը կատարվել է ծանրացուցիչ հանգամանքներում` ազատազրկում 3-5 տարի ժամկետով:
Նախարարությունը նախագծին կից նաեւ հիմնավորումներ է ներկայացրել, որտեղ ուշագրավ արձանագրման ենք հանդիպում. «Վարչական ռեսուրսի չարաշահումը քրեականացնող նորմերի սահմանման առաջարկությունները տեղ են գտել վերջին տասը տարիների ընթացքում Հայաստանում տեղի ունեցած ընտրություններին եւ հանրաքվեին հաջորդած միջազգային մասնագիտացված կազմակերպությունների զեկույցներում»: Այլ կերպ ասած՝ Դավիթ Հարությունյանի ղեկավարած կառույցն ընդունել է, որ առնվազն վերջին 10 տարում` 2007թ. ԱԺ ընտրություններից սկսած, վարչական ռեսուրսի չարաշահում է եղել. փաստ, որի մասին մշտապես ահազանգել է ընդդիմությունը:

Նկատենք, որ այս տարվա սեպտեմբերի 12-ին Դավիթ Հարությունյանն աշխատանքային հանդիպում էր ունեցել Սերժ Սարգսյանի հետ: Եւ վերջինս նախարարին հանձնարարել էր վերլուծել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության վերջնական զեկույցում ներկայացված առաջարկությունները եւ ընտրական օրենսդրության հետագա բարելավման ու կատարելագործման նպատակով մշակել համապատասխան օրենսդրական փաթեթ՝ հատուկ ուշադրություն դարձնելով վարչական ռեսուրսի չարաշահման դեմ գործուն իրավական մեխանիզմների ներդրմանը:

Միայն թե ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ն իր զեկույցում անդրադարձել էր ոչ միայն վարչական ռեսուրսի կիրառմանը, այլ նաեւ համատարած ընտրակաշառք բաժանելու դեպքերին: «Որոշ կուսակցությունների կողմից ընտրակաշառքի բաժանման եւ հօգուտ իրենց քվեարկելու համար պետական ծառայողների, այդ թվում բժշկական ու կրթական հաստատությունների աշխատակիցների վրա ճնշումներ գործադրելու եւ ահաբեկելու մասին հավաստի տեղեկությունները հանգեցրին ընտրական գործընթացի նկատմամբ հանրության վստահության ընդհանուր նվազմանը, ինչպես նաեւ մտավախություններ են առաջացրել ընտրողների ազատ կամարտահայտման իրավունքի իրացման կապակցությամբ՝ ԵԱՀԿ պարտավորություններին համապատասխան»,- ասված էր ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցում: Մինչդեռ ԸՕ նախագծում այդ հարցերին չկա որեւէ անդրադարձ, եւ սահմանված չեն համապատասխան դրույթներ: Ավելին՝ ՀՀ ՍԴ-ն թեեւ մերժեց «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի` ԱԺ ապրիլի 2-ի ընտրություններն անվավեր ճանաչելու մասին դիմումը, այնուամենայնիվ, իր որոշման մեջ նշել էր խնդրին օրենսդրական լուծում տալու հրամայականի մասին.

«ՀՀ հանրային իշխանությունների առաջնային խնդիրն է հաղթահարել այն մտահոգությունները, որոնք հայտնվեցին միջազգային եւ տեղական առաքելությունների կողմից, մասնավորապես քաղաքական կոռուպցիայի դրսեւորումների առնչությամբ։ Ընդհուպ, ԵՄ փորձագետների եւ պաշտոնյաների անունից հնչեցվեց, որ քաղաքական կոռուպցիան անհարիր է իրավունքի գերակայության սկզբունքը որդեգրած երկրի ժողովրդավարության զարգացումներին եւ անվտանգության սպառնալիք է։ Դրա արմատախիլ անելը պետական քաղաքականության եւ երկրի իրավական անվտանգության օրակարգային առաջնահերթություն պետք է լինի։ Խնդրի լուծումը համալիր մոտեցում է պահանջում, այդ թվում՝ ՀՀ ԸՕ հետագա բարեփոխումների ճանապարհով, որի միջոցով հնարավոր կլինի հաղթահարել ընտրական գործընթացում քաղաքական կոռուպցիայի դրսեւորման իրավական ռիսկերը»։ Փաստորեն, ԱՆ-ն քաղաքական կոռուպցիային ԸՕ գոնե այս նախագծում չի անդրադարձել:

Չնայած Հայաստանում մեծ հաշվով կարեւոր չէ, թե ինչ է սահմանված ընտրական օրենսդրությամբ. ընտրությունների ժամանակ իշխանությունները միշտ էլ գտնում են միջոցներ` օրենսդրական արգելքները շրջանցելու համար: Նույն ճակատագիրն է սպասվում նաեւ այս դեպքում, առավել եւս, երբ խոսքը վերաբերում է իշխանության հիմնասյուներից մեկին` վարչական ռեսուրսին:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս