ՏԻՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝ ՀԱՄԱՄԱՍՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ իշխանությունները նախատեսում են համայնքների խոշորացման ծրագիրն ավարտել 2018-19 թվականին: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը: Մեզ հետ զրույցում պարոն Տերտերյանը չբացառեց, որ օրենսդրության մեջ փոփոխություններ կկատարվեն, եւ մի քանի տարի անց տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները կկայանան համամասնական սկզբունքով՝ Երեւանի, Գյումրիի եւ Վանաձորի օրինակով:

-Պարո՛ն Տերտերյան, ե՞րբ է նախատեսված ավարտին հասցնել համայնքների խոշորացման գործընթացը:
-Համայնքների խոշորացման ծրագիրը 2018-19 թվականին կավարտվի: Այն համայնքներում, որտեղ մինչ այդ խոշորացում եղավ, նոր ընտրություններ կլինեն: Եթե նոյեմբերի 5-ին ինչ-որ համայնքում ընտրություններ են եղել, դրանց արդյունքում ձեւավորվում են տեղական ինքնակառավարման մարմիններ, որոնց լիազորությունները հինգ տարի են: Այսինքն՝ այդտեղ ընտրություններ կլինեն հինգ տարի անց: Մինչ այդ ընտրություններ կլինեն այնտեղ, որտեղ նոր խոշորացում կլինի: Այսինքն՝ արդեն տեղի ունեցած ընտրությունների հետ դրանք չեն կապվում:
-Հայտնի է, որ 2018 թվականին երեք փուլով տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են լինելու՝ մարտին, հունիսին եւ հոկտեմբերին: Ո՞ր մարզերում է խոշորացում սպասվում եւ այդ ամսիներին:
-Կլինեն այն մարզերում, որտեղ դեռ խոշորացում չենք արել: Հիմնականում դրանք Արարատի եւ Արմավիրի մարզերն են: Կան նաեւ մարզեր, որտեղ համայնքների խոշորացում արել ենք, սակայն ինչ-որ կտորներ դուրս են մնացել: Եթե համայնքների խոշորացումը մի կողմ դնենք, ապա այդ ընտրությունների օրերը ենթադրում են, որ եթե որեւէ համայնքում բնականոն հինգ տարին ավարտվել է, հիմա նոր ընտրություն պետք է լինի, ապա այդ ընտրությունը՝ կախված նրանից, երբ է լիազորությունն ավարտվում, այդ օրը կմոտեցվի այդ երեք օրերից որեւէ մեկին: Եթե խոշորացումը լինի, եւ խոշորացման արդյունքում ընտրություններ լինեն, ապա դրանք կլինեն այդ երեք օրերից որեւէ մեկում, որին որ նրանք ավելի մոտ կլինեն: Այժմ այդ առումով որեւէ հստակություն առկա չէ:
-Բազմիցս նշվել է այն մասին, թե խոշորացումից հետո նախատեսվում է ՏԻՄ ընտրություններն անցկացնել կուսակցական սկզբունքով, արդյո՞ք այս տեղեկությունները համապատասխանում են իրականությանը:
-Խոշորացումից հետո հաջորդ ընտրությունները՝ հինգ տարի հետո կամ երբ որ դրանք կլինեն, եթե այդպիսի որոշում կայացվի, օրենքում այդպիսի փոփոխություն կատարվի, ապա հաջորդ ընտրությունները կլինեն այդ համամասնական սկզբունքով: Բայց դրա համար պետք է այդ որոշումը կայացվի, եւ օրենսդրական այդ փոփոխությունն իրացվի: Հիմա դրա մասին խոսելը դեռ վաղ է: Նոր խոշորացված համայնքներում այս պահի դրությամբ ընտրությունները կկատարվեն գործող օրենսդրությամբ, այսինքն՝ այնպես, ինչպես եղել է նոյեմբերի 5-ին, եթե մինչ այդ օրենքում փոփոխություններ չլինեն: Համենայնդեպս, մենք ենթադրում ենք, որ այդ փոփոխությունները կլինեն ավելի ուշ: Այս ընտրությունները մենք դեռ իրականացնում ենք գործող օրենսդրությամբ:
-Ամեն դեպքում՝ հակվա՞ծ եք այդպիսի փոփոխության:
-Ես ինքս ավելի շատ հակված եմ դեպի այդ՝ համամասնական ընտրակարգին, որը նման է մեր խոշոր համայնքներին՝ Երեւան, Գյումրի, Վանաձոր: Իհարկե, որոշ մոդիֆիկացիայով դրանք կկատարվեն, այսինքն՝ ոչ թե ճիշտ այդ մոդելով, այլ համամասնականը հիմքում ունենալով, բայց փոփոխություններ չբացառելով: Սա իմ անձնական կարծիքն է:
-Ընդհանուր համայնքների խոշորացումից հետո ինչպե՞ս է գործելու մարզպետարանների ինստիտուտը:
-Մարզպետարանների ինստիտուտի փոփոխության մասին հիմա քննարկումներ գնում են, որպեսզի կողմնորոշվենք՝ ինչ նոր լիազորություններ կունենան մարզպետները, կամ ինչ լիազորություններ դուրս կգան, կգնան համայնքներին: Դա գործընթաց է, եւ այս պահին որոշակիություն դեռ չկա:
-Նոյեմբերի 5-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններից հետո ամեն դեպքում մի քանի համայնքներում բողոքի ակցիաներ եղան ընդդեմ վարչատարածքային բաժանման:
-Ես կարծում եմ, որ այդ համայնքներում մոտիվացիան ավելի շատ այլ էր: Մարդկանց մոտ տպավորություն կար, որ հատկապես իրենց գյուղից առաջադրված թեկնածուն պետք է անցնի, բայց չի անցել, անցել է հարեւան գյուղից առաջադրված թեկնածուն: Հիմնական խնդիրն ու խոսակցությունը, կարծում եմ, որ դա էր, այլ ոչ թե խոշորացումը:

 

 

 

ՈՎՔԵՐ ԵՆ ԱՄԵՆԱՇԱՏԸ ԲԱՑԱԿԱՅԵԼ ՆԻՍՏԵՐԻՑ

Վեցերորդ գումարման Ազգային ժողովի` մինչ այժմ գումարված նիստերից ամենաշատը բացակայած պատգամավորը կրկին Գագիկ Ծառուկյանն է:

Այս ցուցանիշով «Ծառուկյան» խմբակցության ղեկավարն առաջատար էր նաեւ հինգերորդ գումարման խորհրդարանում որպես ԲՀԿ խմբակցության ղեկավար: «Ժողովուրդ» օրաթերթը Parliamentmonitoring.am կայքի հրապարակած տվյալներից տեղեկացավ, որ Գագիկ Ծառուկյանը չի մասնակցել 137 քվեարկության:
Ամենաշատը քվեարկություններից բացակայած պատգամավորների հնգյակն ունի հետեւյալ տեսքը.
1. Գագիկ Ծառուկյան – «Ծառուկյան» խմբակցության ղեկավար -137 բացակա,
2. Նորա Առուստամյան – «Ծառուկյան» խմբակցության անդամ – 79 բացակա,
3. Սամվել Ֆարմանյան – ՀՀԿ խմբակցության անդամ – 76 բացակա,
4. Իշխան Զաքարյան – «Ծառուկյան» խմբակցության անդամ – 71 բացակա,
5. Աղվան Վարդանյան – ՀՅԴ խմբակցության քարտուղար – 58 բացակա:
Ինչպես եւ կարելի էր ակնկալել, ամենաշատ ելույթ ունեցած պատգամավորները հիմնականում ընդդիմադիր «Ելք» խմբակցության անդամներն են, որոնք բաժանում են առաջինից երրորդ տեղերը: Իսկ հնգյակն այսպիսի տեսք ունի.
1. Արտակ Զեյնալյան – 65 ելույթ,
2. Նիկոլ Փաշինյան- 64 ելույթ,
3. Մանե Թանդիլյան- 34 ելույթ,
4. Միքայել Մելքումյան – «Ծառուկյան» խմբակցության անդամ – 43 ելույթ,
5. Սերգեյ Բագրատյան -«Ծառուկյան» խմբակցության անդամ – 38 ելույթ:
Նախագծերին ամենաշատը դեմ քվեարկած պատգամավորները կրկին ընդդիմադիր «Ելք» խմբակցության անդամներն են.
1. Մանե Թանդիլյան՝ 30 դեմ,
2. Լենա Նազարյան՝ 30 դեմ,
3. Արտակ Զեյնալյան` 29 դեմ,
4. Նիկոլ Փաշինյան՝ 28 դեմ,
5. Գեւորգ Գորգիսյան՝ 27 դեմ:
Ամենաշատը կողմ քվեարկած պատգամավորներն էլ իշխող ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչներն են, ձեռնպահ քվեարկություններով առաջատարը «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներն են:

Նյութերը՝ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ

 

 

 

ՀԱՆԴԻՊԵՑԻՆ
Երեկ հանդիպել են «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն ու «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը: Հանդիպման թեման եղել է Ժիրայր Սէֆիլյանի կոչով ստեղծված խմբին մաս կազմելը: Ինչպես հայտնի է՝ այդ խումբը բազմաթիվ հանդիպումներ է ունեցել, հռչակագիր ընդունել, սակայն այդ ամբողջ գործընթացներին Հովհաննիսյանը չի մասնակցել երկրում չլինելու պատճառով: «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, թե իր եւ Րաֆֆի Հովհաննիսյանի մոտեցումները շատ հարցերում նույնն են եղել, սակայն դժվարացավ ասել՝ ի վերջո, Հովհաննիսյանը մաս կկազմի՞ ընդունված հռչակագրին, թե՞ ոչ: Ինչպես հայտնի է՝ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն ակտիվորեն մասնակցում է շարժման նիստերին, սակայն «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Րաֆֆի Հովհաննիսյանն այնքան էլ հակված չէ հենց իր դեմքով մասնակցել այդ նիստերին:

 

 

ՀՖՖ-Ն ԴԱՏԻ Է ՏՎԵԼ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի եւ ինքնասպան եղած գործարար Համլետ Ամիրխանյանի ընկերության միջեւ դատական պրոցեսը կասեցվել է: «Ժողովուրդ» օրաթերթն այս տարվա հունվարին գրել էր, որ 2016 թվականի դեկտեմբերի 13-ին Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան է դիմել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը։ Մի խումբ քաղաքացիների նման նա եւս փորձում է փրկել իրեն պատկանող տարածքը եւ բնակարանը, որը տարիներ առաջ ձեռք էր բերել «Ամիրխանյան ՍՊԸ»-ի սեփականատեր Համլետ Ամիրխանյանից: Վերջինս հետագայում՝ 2015 թվականին, ինքնասպան էր եղել: Այնուամենայնիվ, ՍՊԸ-ի դեմ Ռուբեն Հայրապետյանի ներկայացրած հայցը թեեւ մտել էր դատաքննության փուլ, սակայն նոյեմբերի 8-ին գործի վարույթը կասեցվել է ՀՀ քաղաքացիական դատավարության 105 հոդվածի հիմքով, այն է՝ դատարանը պարտավոր է կասեցնել գործի վարույթը, եթե անհնարին է տվյալ գործի քննությունը մինչեւ սահմանադրական, քաղաքացիական, քրեական կամ վարչական դատավարության կարգով քննվող այլ գործով կամ հարցով որոշում կայացնելը:

 

 

ՆՈՐ ԿԱԹՍԱՆԵՐ
«Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի ջեռուցման կաթսաները չեն աշխատում: Այս նպատակով կառավարությունը ՊՈԱԿ-ին կհատկացնի 700 հազար դրամ գումար: Նշված գումարով, ինչպես տեղեկացավ «Ժողովուրդ» օրաթերթը, ՊՈԱԿ-ը մտադիր է ձեռք բերել առանձին բաժանմունքների բնականոն ջեռուցումը ապահովելու նպատակով 2 նոր գազի ջեռուցման կաթսաներ:




Լրահոս