Պետք է զարգանան մրցունակ էներգետիկ շուկաները. ՀՀ-ԵՄ համաձայնագիր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է հրապարակել նոյեմբերի 24-ին Բրյուսելում՝ Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի ժամանակ ստորագրվելիք Եվրամիության հետ նախաստորագրված համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը:

ԳԼՈՒԽ 3

ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԸ

ՀՈԴՎԱԾ 45

Կողմերը պետք է մշակեն եւ ամրապնդեն շրջակա միջավայրին առնչվող հարցերի շուրջ իրենց համագործակցությունը՝ դրանով նպաստելով տնտեսության էկոլոգիացման եւ կայուն զարգացման երկարաժամկետ նպատակի ապահովմանը։

Ակնկալվում է, որ շրջակա միջավայրի ընդլայնված պաշտպանությունից կշահեն Եվրոպական միության եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ու բիզնես գործունեությունները, այդ թվում՝ հանրային առողջության բարելավման, բնական պաշարների պահպանման եւ տնտեսական ու բնապահպանական արդյունավետության բարելավման, ինչպես նաեւ առավել կայուն արտադրության կառուցվածքների ապահովմանը նպաստող ժամանակակից, ավելի մաքուր տեխնոլոգիաների օգտագործման միջոցով։

Համագործակցությունը պետք է իրականացվի՝ հաշվի առնելով Կողմերի՝ հավասարության եւ փոխադարձ օգուտի վրա հիմնված շահերը, շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտում Կողմերի միջեւ գոյություն ունեցող փոխկախվածությունը եւ այդ ոլորտում գործող բազմակողմ համաձայնագրերը։

ՀՈԴՎԱԾ 46

1. Համագործակցությունը պետք է նպատակաուղղված լինի շրջակա միջավայրի պահպանությանը, պաշտպանությանը, բարելավմանը եւ որակի վերականգնմանը, մարդու առողջության պաշտպանությանը, բնական պաշարների կայուն օգտահանմանը եւ տարածաշրջանային կամ գլոբալ բնապահպանական հիմնախնդիրներին առնչվող՝ միջազգային մակարդակով ձեռնարկվող միջոցառումների խթանմանը, այդ թվում՝ ստորեւ նշված ոլորտներում՝

ա) բնապահպանական կառավարում եւ հորիզոնական հարցեր՝ ներառյալ ռազմավարական պլանավորումը, շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը եւ շրջակա միջավայրի ռազմավարական գնահատումը, կրթությունն ու վերապատրաստումը, մոնիթորինգն ու շրջակա միջավայրին առնչվող տեղեկատվական համակարգերը, տեսչական ստուգումներն ու գործողությունների իրականացումը, բնապահպանական պատասխանատվությունը, բնապահպանական հանցագործությունների դեմ պայքարը, անդրսահմանային համագործակցությունը, հանրության համար շրջակա միջավայրին առնչվող տեղեկությունների հասանելիությունը, որոշումների կայացման գործընթացները եւ վարչական ու դատական վերանայման արդյունավետ ընթացակարգերը,

բ) օդի որակ,

գ) ջրի որակի եւ պաշարների կառավարում՝ ներառյալ հեղեղումների ռիսկի կառավարումը, ջրի սակավություն ու երաշտները,

դ) թափոնների կառավարում,

ե) բնության պաշտպանություն՝ ներառյալ անտառաբուծությունը եւ կենսաբանական բազմազանության պահպանումը,

զ) արդյունաբերական աղտոտում եւ արդյունաբերական վտանգներ,

է) քիմիական նյութերի կառավարում։

2. Համագործակցությունը պետք է նաեւ նպատակաուղղված լինի շրջակա միջավայրը, բնապահպանական քաղաքականությունից բացի, այլ ոլորտային քաղաքականությունների մեջ ինտեգրելու գործընթացին։

ՀՈԴՎԱԾ 47

Կողմերը, ի թիվս այլնի, պետք է՝

ա) փոխանակեն տեղեկությունները եւ փորձառությունը,

բ) համագործակցեն տարածաշրջանային եւ միջազգային մակարդակով՝ հատկապես

Կողմերի վավերացրած բնապահպանական բազմակողմ համաձայնագրերի մասով, եւ

գ) անհրաժեշտության դեպքում, համագործակցեն համապատասխան գործակալությունների շրջանակներում։

ՀՈԴՎԱԾ 48

Համագործակցությունը պետք է ընդգրկի, ի թիվս այլնի, հետեւյալ նպատակները՝

ա) Հայաստանի Հանրապետության համար շրջակա միջավայրին առնչվող ընդհանուր ազգային այնպիսի ռազմավարության մշակում, որն ընդգրկում է՝

բ) ծրագրված ինստիտուցիոնալ բարեփոխումներ (ժամանակացույցերով)՝ բնապահպանական օրենսդրության կիրարկումն ու իրականացումն ապահովելու նպատակով,

գ) բնապահպանական վարչարարության իրավասությունների բաշխում՝ ազգային, տարածաշրջանային եւ համայնքային մակարդակներով,

դ) որոշումներ կայացնելու ընթացակարգեր եւ որոշումների իրականացում,

ե) այլ ոլորտային քաղաքականությունների մեջ շրջակա միջավայրի ինտեգրման գործընթացը խթանելու ընթացակարգեր,

զ) կանաչ տնտեսությանը եւ էկոնորարարությանն ուղղված միջոցառումների խթանում, մարդկային եւ ֆինանսական անհրաժեշտ ռեսուրսների եւ վերահսկողության մեխանիզմի բացահայտում, եւ

է) Հայաստանի Հանրապետության համար ոլորտային այն ռազմավարությունների մշակում (այդ թվում՝ գործողությունների իրականացման հստակ սահմանված ժամանակացույցերը եւ հենանիշները, վարչական պատասխանատվությունները, ինչպես նաեւ՝ ենթակառուցվածքներում ու տեխնոլոգիաներում ներդրումների ֆինանսավորման ռազմավարությունները), որոնք առնչվում են՝

(ա) օդի որակին,
(բ) ջրի որակին եւ պաշարների կառավարմանը,
(գ) թափոնների կառավարմանը,
(դ) կենսաբազմազանությանը, բնության պահպանմանը եւ անտառաբուծությանը,
(ե) արդյունաբերական աղտոտմանը եւ արդյունաբերական վտանգներին, եւ
(զ) քիմիական նյութերին։

ՀՈԴՎԱԾ 49

Սույն գլխով նախատեսված հարցերի շուրջ պետք է կազմակերպվի կանոնավոր երկխոսություն։

ՀՈԴՎԱԾ 50

Հայաստանի Հանրապետությունը պետք է իրականացնի իր օրենսդրության մոտարկում Եվրոպական միության՝ III հավելվածում նշված ակտերին ու միջազգային փաստաթղթերին՝ այդ հավելվածի դրույթներին համապատասխան։

ԳԼՈՒԽ 4

ԿԼԻՄԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՀՈԴՎԱԾ 51

Կողմերը պետք է մշակեն եւ ամրապնդեն իրենց համագործակցությունը՝ կլիմայի փոփոխության դեմ պայքարի գործընթացում։ Համագործակցությունը պետք է իրականացվի՝ հաշվի առնելով Կողմերի՝ հավասարության եւ փոխադարձ օգուտի վրա հիմնված շահերը, ինչպես նաեւ այդ ոլորտում երկկողմ եւ բազմակողմ հանձնառությունների միջեւ գոյություն ունեցող փոխկախվածությունը։

Շարունակելի…




Լրահոս