Հայաստանի տնտեսությունը սպասում է. ներդրողները չեն շտապում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարվա տասն ամիսների սոցիալ-տնտեսական վիճակագրության համաձայն՝ տնտեսական ակտիվության ցուցանիշը, անցած տարվա հունվար-հոկտեմբերի համեմատ, աճել է 7 տոկոսով: «Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս առիթ ունեցել է «տնտեսական ակտիվության ցուցանիշ» հասկացությանն անդրադառնալու: Երբ այն ներդրվեց, ներկայացվեց իբրեւ տնտեսական աճի ցուցանիշին փոխարինող, սակայն վաղուց հաստատվեց, որ այդ երկու հասկացությունները նույնական չեն:

Փոխարենը պաշտոնական վիճակագրության մեջ առկա են բազմաթիվ տվյալներ, որոնք տնտեսության իրական վիճակը հստակ բնորոշում են: Մասնավորապես տասն ամիսների կտրվածքով առեւտրի շրջանառությունն աճել է մոտ 13 տոկոսով: Իրականում այս աճի մի զգալի մասը հարկային վարչարարության բարելավման արդյունք է: Այլ կերպ ասած՝ խանութներն այս տարի ավելի շատ են ՀԴՄ կտրոն տպել, քան անցած տարի: Այս երեւույթի պատճառը հարկայինի աշխատելաոճի փոփոխությունն է: Մասնավորապես այդ փոփոխության արդյունքում տոնավաճառների առեւտրականներն իրենց գործունեության ընթացքում սկսել են ավելի շատ ՀԴՄ կիրառել, քան նախկինում: Արդյունքում առեւտրի ծավալները պաշտոնական վիճակագրությամբ աճել են: Իհարկե, առեւտրի ծավալների աճի մի մասը արտահանման 19,4 տոկոս աճով կարող է պայմանավորված լինել, բայց դժվար է ասել, թե այդ գործոնի ազդեցությունը որքան է:

Այս տարվա տասն ամիսների արդյունքներով շինարարության ծավալները, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 0,9 տոկոսով նվազել են: Այլ կերպ ասած՝ այս տարի գրեթե նույնքան շինարարություն է կատարվել, որքան անցած տարի: Իսկ շինարարության ծավալներն առաջին հերթին բնորոշում են տնտեսության մեջ ներդրումների առկայությունը: Այլ կերպ ասած՝ եթե ներդրումներ լինեին, ավելի շատ նոր ձեռնարկություններ, շենք-շինություններ կառուցվեին, այդ ամենը նաեւ ցուցանիշների վրա կազդեր:

Իրականությունն այն է, որ Հայաստանում ներդրումների, առավել եւս օտարերկրյա, հոսքեր որպես այդպիսին չկան, եւ հիմնական պատճառը Հայաստանի քաղաքական դաշտում առկա անորոշությունն է: Այլ կերպ ասած՝ ներդրողները չեն շտապում, քանի որ ցանկանում են հասկանալ՝ Հայաստանն ի՞նչ ուղով է գնալու՝ Սերժ Սարգսյանի իշխանության հավերժացմա՞ն, թե՞ իշխանության թարմացման (փոփոխության մասին խոսք չկա):

Ըստ այդմ, այս տարվա արդյունքներով ոչ ներդրումները, հետեւաբար նաեւ շինարարության ծավալները չեն ավելանա: Հայաստանի տնտեսությունը, կարելի է ասել, գտնվում է սպասողական վիճակում: Իսկ թե ինչպես այն կարձագանքի եկող տարի, առավելապես պայմանավորված է 2018 թվականի ապրիլի 9-ից հետո Հայաստանում սպասվող զարգացումներով, եթե այդպիսիք կլինեն:

Վ.Հ.




Լրահոս