Ինչպիսին է Ռուսաստանի արձագանքը ԵԱՏՄ-ից դուրս գալու նախաձեռնությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին խորհրդարանում տեղի ունեցավ ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության կազմակերպած խորհրդարանական լսումները՝ իրենց հեղինակած «ՀՀ մասով Եվրասիական տնտեսական միության պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ» ՀՀ ԱԺ հայտարարության նախագծի վերաբերյալ:
Նախագծի հիմնական զեկուցողը խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն էր, ով իր ելույթում ընդգծեց, թե Հայաստանը պետք է սկսի ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթաց, քանի որ կառույցին անդամակցության ընթացքում ոչ մի բնագավառում առաջընթաց չի գրանցվել, ընդհակառակը, խմբակցությունը հետընթաց է արձանագրել:

ՌԴ Դաշնային ժողովի պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովն առհասարակ դրական է վերաբերվում խորհրդարանական լսումներ առկայությանը, սակայն բացասական է վերաբերվում ՀՀ-ի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին նախաձեռնությանը կամ բերված հիմնավորումներին: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նա կարծիք հայտնեց, թե ՀՀ-ի համար ԵԱՏՄ-ից օգուտներն ակնհայտ են:
«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցն է ՌԴ Դաշնային ժողովի պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը:

-Պարո՛ն Կալաշնիկով, խորհրդարանում ընդդիմադիր «Ելք» խմբակցությունը խորհրդարանական լսումներ էր կազմակերպել՝ ՀՀ-ի կողմից ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթաց սկսելու վերաբերյալ: Ինչպե՞ս եք վերաբերվում նման լսումներին:

-Լսումներ կարող են անցկացվել ամենատարբեր թեմաներով, եւ հենց դրա համար գոյություն ունի խորհրդարանը, որպեսզի այդպիսի լսումներ լինեն: Իմ կարծիքով, այդ լսումները պետք է ցույց տային հստակ իրավիճակը, որն այդ խորհրդարանին բնորոշ է՝ ինչպիսի ուժեր են կողմ, ինչպիսի ուժեր՝ դեմ: Այդ պատճառով ես շատ պոզիտիվ եմ վերաբերվում նման լսումների առկայությանը, սակայն ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ից դուրս գալուն, բնական է, որ բացասական եմ վերաբերվում: Իմ կարծիքով, լսումները ցույց են տվել իրերի իրական դասավորվածությունը:

-Ընդդիմադիր ուժի կողմից ներկայացվող հիմնական փաստարկն այն է, որ կառույցին անդամակցության ընթացքում ոչ մի բնագավառում առաջընթաց չի գրանցվել:

-Դա իրենց անձնական տեսակետն է: Ես նրանց հետ համաձայն չեմ եւ տեղյակ չեմ, թե որքանով են նրանց այդ տեսակետի հետ համաձայն մյուս խորհրդարանական ուժերը: Որքանով ինձ է հայտնի՝ նրանք եւս այլ տեսակետ ունեն եւ կարծում են, որ ԵԱՏՄ-ն օգուտ է բերում Հայաստանին, եւ դժվար է դրա հետ չահամաձայնել, եթե մենք տեսնում ենք ՌԴ եւ ԵԱՏՄ մյուս երկրներ մատակարարվող ապրանքների աճ: Բացվել է շուկա Հայաստանի համար, ինչպես կարելի է դրան դեմ լինել:

-Նշվում է, թե ՌԴ-ի հետ մենք մինչ ԵԱՏՄ-ին անդամակցելն էլ ունեինք առեւտրային հարաբերություններ, սակայն կառույցի մյուս երկրների հետ դրանց աճն առկա չէ:

-Թող զարգացնեն այդ համագործակցությունը, ով է նրանց խանգարում: ԵԱՏՄ-ն ընդհանուր նորմեր է սահմանել բոլոր երկրների համար, ինչպե՞ս կարող է այն վնասել Հայաստանին: Հայաստանն իր համար բացել է այդ շուկաները: Ես ինքս այդ կառույցից Հայաստանի համար միայն օգուտներ եմ տեսնում: Եվ դա փորձում եմ բացատրել նաեւ ընդդիմախոսներին ու ցույց տալիս թվեր, որոնց համաձայն ՌԴ-ի համար ավելի քիչ շահավետ է բաց շուկան, իսկ մյուս երկրների համար շահավետ է, որ բացվում է ռուսական շուկան:

-Օրեր առաջ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, թե իրենք դեմ չեն Ադրբեջանի՝ ԵԱՏՄ միանալուն: Ո՞ր դեպքում է դա հնարավոր, եթե հաշվի առնենք, որ Հայաստանը նաեւ վետոյի իրավունք ունի:

-Առանց Հայաստանի համաձայնության նման համաձայնություն ստանալ մյուսներից շատ դժվար կլինի: Եվ դա բոլորը լավ հասկանում են: Թե այդ ամենը հետագայում ինչպես կարող է զարգանալ, բոլորն էլ լավ հասկանում են, որ դա հնարավոր է միայն Հայաստանի, Ադրբեջանի ՌԴ-ի, Բելառուսի եւ Ղազախստանի միջեւ կոնսենսուսի ձեռքբերման պայմաններում: Իհարկե, ՌԴ-ն դեմ չէ Ադրբեջանի՝ ԵԱՏՄ-ին միանալուն, սակայն վերջին խոսքը Հայաստանինն է:

-Ղարաբաղյան հակամարտության առկայության պայմաններում ինչպե՞ս եք տեսնում Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ նման կոնսենսուսի առկայության հնարավորությունը:

-Տնտեսությունը՝ տնտեսություն, իսկ տարածքային հարցերն այլ են: Մենք այսօր ունենք տարածքային հարցեր Ուկրաինայի հետ, սակայն միեւնույն ժամանակ տնտեսական հարաբերություններ են առկա եւ նույնիսկ զարգանում են: Ահա եւ պարադոքս: Իհարկե, միշտ տնտեսությունը եւ գեոքաղաքականությունը կապակցված են եւ չեն կարող զարգանալ տարբեր ուղղություններով, սակայն իմ կարծիքով՝ տնտեսությունը թույլ կտա լուծել կամ մոտենալ նաեւ քաղաքական հարցերի լուծմանը:

Զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը




Լրահոս