Armenian text to speach

Գիտեմ մարդկանց, որոնք իմ երգերի ներքո են սիրահարվել. Վահագ Ռաշ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ե. Չարենցի «Լուսամփոփի պես աղջիկ», Մ. Մեծարենցի «Անուրջներ», Հ. Շիրազի «Գտա» եւ մի շարք այլ բանաստեղծությունների հիման վրա գրված երգերի շնորհիվ հայտնի դարձած Վահագ Ռաշն աշխատում է երկու նոր երգի վրա: Դրանցից մեկը կոչվում է «Երգ երգի մասին», մյուսը` «Հին բակը»: Այս մասին «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց երգիչը: Իսկ նրա «Ես կգամ» երգի հիման վրա նկարահանվել է տեսահոլովակ, որը մոնտաժման փուլում է:

«Երկու նոր երգերի երաժշտության հեղինակն էլ ժամանակակից կոմպոզիտոր Հասմիկ Արշակյանն է, իսկ խոսքերի հեղինակը մայրս է: «Երգ երգի մասին» ստեղծագործության միջոցով մայրս արտահայտել է, թե ինչ է երգն ինձ համար, Հասմիկն էլ գրել է համահունչ երաժշտություն: Իսկ «Հին բակի» դեպքում սկզբում ստեղծվել է երաժշտությունը: Երկար լսելուց հետո հասկացա, որ այն ինձ տանում է մանկություն, մեր բակ»,-պատմեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ կախված երգերի հաջողությունից՝ առաջիկայում կորոշի՝ դրանց հիման վրա տեսահոլովակ նկարահանի, թե ոչ:

Վահագ Ռաշը նաեւ տեղեկացրեց, որ դեկտեմբերին կներկայանա համերգով՝ այս անգամ առանց բենդի: Մենք հետաքրքրվեցինք՝ իր մատուցած ժանրը Հայաստանում տարածում գտնո՞ւմ է, թե՞ ոչ. «Մեր լսարանը փոքր է, բայց շատ որակյալ»,-պատասխանեց Վահագը:

Հարցին, թե ինչպես են իր երգերը ընդունվում արտերկրում՝ հայ համայնքի եւ օտարերկրացիների կողմից, Վահագը պատասխանեց. «Ինչպես Հայաստանում, դրսում եւս իմ երգերը լավ են ընդունում: Ի դեպ, ասեմ, որ ունեմ մեծ թվով այլազգի երկրպագուներ, որոնք, նույնիսկ չհասկանալով երգերիս խոսքերը, լսում են դրանք, երբեմն էլ խնդրում են թարգմանություն տրամադրել»:

Նա նշեց, որ իր երգերը, որքան էլ նեղ լսարան ունենան, հաճան սրտեր են կապում. «Գիտեմ մարդկանց, որոնք իմ երգերի ներքո են սիրահարվել, մի քանիսը նույնիսկ իմ համերգների ժամանակ են ծանոթացել։ Հիմա շատ հարսանիքների հնչում է իմ ու Սոնա Ռուբենյանի «Պար պսակի» երգը»,-ուրախությամբ եզրափակեց Վահագը:

Աննա Բաբաջանյան




Լրահոս