Ջրային օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները տարակուսանքի տեղիք են տալիս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ բնապահպանության նախարարությունը շրջանառության մեջ է դրել ՀՀ ջրային օրենսգրքում փոփոխություններ նախատեսող մի օրինագիծ, որը, մեղմ ասած, տարակուսանքի տեղիք է տալիս:

Նախագծի հեղինակները նման փաստաթղթի անհրաժեշտությունը հետեւյալ կերպ են հիմնավորել. «Փոքր հիդրոէլեկտրակայանների շինարարությունը էական վնաս է հասցնում բնությանը, իսկ փոքր հիդրոէլեկտրակայանների զարգացմանը զուգընթաց նկատվում է կենսաբազմազանության կորուստ, վտանգվում են Կարմիր գրքում գրանցված բուսական եւ կենդանական տեսակները, գետերը ծանրաբեռնվում են դերիվացիոն խողովակներով եւ հայտնվում ճգնաժամային վիճակում:

Ստեղծված բնապահպանական խնդիրները լուծելու, ջրօգտագործման ժամանակ ջրաէկոհամակարգի պահպանությունը եւ հավասարակշռությունը ապահովելու համար անհրաժեշտություն է առաջացել սահմանել փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման եւ շահագործման համար արգելված գոտիները եւ գետերի ցանկը, որոնք կկանխարգելեն շրջակա միջավայրի վրա փոքր հիդրոէլեկտրակայանների վնասակար ազդեցությունները»:

«Ժողովուրդ» օրաթերը բնապահպանության նախարարության հրապարակած նախագծից տեղեկացավ, որ Ջրային օրենսգրքում առաջարկվում է այսպիսի դրույթ ավելացնել. «Նոր կառուցվող փոքր հիդրոէլեկտրակայանների ջրօգտագործման թույլտվությունների հայտերը մերժվում են, եթե`

1) փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցումը նախատեսվում է այն գետերի վրա՝

ա. որոնցում առկա են Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված կամ տարածքին բնորոշ՝ էնդեմիկ ձկնատեսակների ձվադրավայրեր,

բ. որոնց ծանրաբեռնվածությունը դերիվացիոն խողովակներով 40 տոկոս եւ ավելի է: Սույն մասով նախատեսված գետերի ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը»:

Թվում է, թե այսպիսով ՀՀ իշխանությունները ցանկանում են խստացնել հիդրոէլեկտրակայանների կառուցումը գետերի վրա, բայց արի ու տես, որ նույն դրույթի երկրորդ մասում սեւով սպիտակի վրա գրված է.

«2) փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցումն իրականացվում է՝

ա. բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանման գոտիներում,

բ. բնության հուշարձանների 150 մետր շառավղով հարակից տարածքներում,

գ. ջրաէկոհամակարգերի սանիտարական պահպանման գոտիներում,

դ. գետերի հոսքի ձեւավորման տարածքներում,

ե. գետահատվածներում, որտեղ առկա են սողանքային տարածքներ,

զ. անտառային տարածքներում, որոնք կարող են հատվել շինարարական տարածքին մոտեցող ճանապարհներ կառուցելիս»:

Այլ կերպ ասած՝ նույն դրույթի երկրորդ մասով առաջարկվում է հիդրոէլեկտրակայաններ կառուցել այնտեղ, որտեղ թվում էր, թե պետք է արգելվեր այդ անել:

Վ. Հ.




Լրահոս