Դատավորները բողոքում են՝ թոշակ չունեն, սոցփաթեթ չունեն. ոչինչ չունեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանում նոյեմբերի 27-ից մեկնարկել է համաժողով՝ Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի (Council of Europe’s Group of States against Corruption (GRECO)) Հայաստանի վերաբերյալ առաջարկությունների իրականացման ընթացքը քննարկելու համար։

Կոռուպցիայի կանխարգելումը եւ մարդու իրավունքների պաշտպանությունը խորագրով միջոցառումը կազմակերպվել է Եվրոպայի խորհրդի, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի, դատական իշխանության եւ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կողմից` «Աջակցություն Հայաստանում դատական բարեփոխումների իրականացմանը» ծրագրի շրջանակներում:

Այս քննարկմանը ներկա էին դատավորներ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանից, ՀՀ վճռաբեկ դատարանից եւ շատ այլ ներկայացուցիչներ: Ու մինչ միջոցառման ներկաները քննարկում էին ոլորտում առկա խնդիրը, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ Անատոլի Մաթեւոսյանը խոսքի իրավունք խնդրեց եւ հարցով դիմեց «Գրեկո»-ի գործադիր քարտուղար Ջիանլուկա Էսպոսիտոյին՝ բարձրաձայնելով դատավորների սոցիալական խնդիրների մասին:

Մասնավորապես ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ Անատոլի Մաթեւոսյանը հայտարարեց՝ դատավորը սոցիալական երաշխիք չունի, զրո է. «Լինելով պետական ծառայող, պետական աշխատող, դատավորը չունի բժշկական ապահովագրություն, որեւէ սոցիալական փաթեթի ծրագրից դատավորը չի օգտվում: Բացի այդ՝ վերջին տարիներին իջեցվել է դատավորի թե՛ աշխատավարձը, թե՛ հավելավճարները՝ դատական համակարգում աշխատելու տեւողության հետ կապված, իջեցվել է համարյա երկու անգամ թոշակի չափը:

Եվ վերջին գոհարը, այսպես ասեմ, երբ դատավորը ձեւակերպում է իր թոշակը, իսկ մեր Սահմանադրությամբ դա 65 տարին լրանալուց հետո է լինում, արգելք է դրվել դատավորի վրա՝ որեւէ տեղ աշխատելու համար: Համաձայն գործող օրենսդրության՝ եթե դատավորը 65-ը լրանալուց հետո որեւէ տեղ փորձում է աշխատել, կլինի դա թե՛ պետական մարմնում, թե՛ մասնավոր, ապա պետությունը թոշակ չի վճարում թոշակի անցած դատավորին: Այսինքն՝ եթե դու դեռ կարող ես աշխատել, գնա՛, ստացի՛ր աշխատավարձդ, բավարարվի՛ր դրանով, քեզ թոշակ չենք տա: Այս սոցիալական վիճակը, որ մենք ասում ենք՝ դատավորների, սա նպաստում է, թե չէ այդ պայքարին, եւ երկրորդը, միգուցե մեր օրենսդիրը այդ ամեն ինչը անում է ԳՐԵԿՈ-ի ռիկամենդացիաների հիման վրա՞, չգիտեմ»:

Նկատենք, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ Անատոլի Մաթեւոսյանի այս ելույթը միջոցառման մասնակիցների մոտ խոսակցությունների տարբեր արձագանքների առիթ դարձավ, թե այնպես է նկարագրում, որ դատավորները խեղճ են, մինչդեռ դատավորները տեղին համարեցին բարձրաձայնումը՝ չհամարձակվելով շարունակել գործընկերոջ բարձրացրած խնդիրը:

Սակայն նկատենք, որ Անատոլի Մաթեւոսյանն իր այս ելույթով, ըստ էության, ցանկանում էր Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի անդամներին կոռուպցիան արմատախիլ անելու ճանապարհը ցույց տալ եւ ասել, թե դատավորների սոցիալական վիճակը կարգավորեք, որ նրանք կաշառք չվերցնեն, եւ հետո նոր այլ քայլերի մասին մտածեք:

Ի պատասխան դատավորի այս բարձրաձայնմանը՝ ԳՐԵԿՈ-ի ներկայացուցիչը խոստովանեց, որ իսկապես լուրջ խնդիր է:

Հիշեցնենք, որ 2016 թվականի փետրվարի 25-ին Եվրոպական խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի (Council of Europe’s Group of States against Corruption (GRECO)) կողմից զեկույց էր հրապարակվել, որտեղ կոչ էր արվում Հայաստանին քայլեր ձեռնարկել՝ խորհրդարանականների, դատավորների եւ դատախազների կողմից դրսեւորվող կոռուպցիոն դեպքերը կանխելու համար: Զեկույցում նշվում է, որ կոռուպցիան լուրջ խնդիր է մնում Հայաստանի հասարակության համար, չնայած որ տարիներ շարունակ դրա դեմ պայքարը եղել է քաղաքական օրակարգում:

GRECO-ն խորհուրդ է տալիս, որ խորհրդականների, դատավորների եւ դատախազների կողմից նվերներ ընդունելու կանոնները, դրանց նկատմամբ վերահսկողությունը հետագայում մշակվեն եւ ավելի արդյունավետ դառնան:
Այսպիսով՝ ե՛ւ երկրի ներսում, ե՛ւ դրսից եկած հյուրերը տարաբնույթ մեթոդներով պայքարում են կոռուպցիայի դեմ, սակայն որքան շատ են պայքարում, այնքան ավելի է խորանում կոռուպցիան մեր երկրում: Գուցե գա մի ժամանակ, որ դադարեցնեն պայքարը, եւ այդ երեւույթն ինքնըստինքյան վերանա՞:

Քնար Մանուկյան




Լրահոս