ՊԵՏՔ Է ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԴԱՐՁՆԵՆ ԱՆԴՐՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է հրապարակել նոյեմբերի 24-ին Բրյուսելում՝ Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի ժամանակ ստորագրվելիք ԵՄ-ի հետ նախաստորագրված համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը:

ՀՈԴՎԱԾ 52
Համագործակցությունը պետք է խթանի ներպետական, տարածաշրջանային եւ միջազգային մակարդակով ձեռնարկվող միջոցառումները՝ կապված՝
ա) կլիմայի փոփոխության մեղմացման,
բ) կլիմայի փոփոխությանը հարմարեցման,
գ) կլիմայի փոփոխությունը հասցեագրելու շուկայական եւ ոչ շուկայական մեխանիզմի,
դ) նոր, անվտանգ, կայուն եւ հարմարեցված նորարարական ցածր ածխածնային տեխնոլոգիաների ուսումնասիրության, մշակման, ցուցադրման, տեղաբաշխման, փոխանցման ու տարածման,
ե) դեպի ընդհանուր եւ ոլորտային քաղաքականություններ կլիմայի հարցերով դիտարկումների ուղղորդման, եւ
զ) իրազեկության բարձրացման, կրթության եւ վերապատրաստման հետ։
ՀՈԴՎԱԾ 53
1. Կողմերը, ի թիվս այլնի, պետք է՝
ա) փոխանակեն տեղեկությունները եւ փորձառությունը,
բ) ավելի մաքուր եւ շրջակա միջավայրի համար բարենպաստ տեխնոլոգիաների վերաբերյալ իրականացնեն համատեղ ուսումնասիրություններ եւ տեղեկությունների փոխանակում,
գ) տարածաշրջանային եւ միջազգային մակարդակով իրականացնեն համատեղ գործունեություն, այդ թվում՝ Կողմերի վավերացրած բնապահպանական բազմակողմ այնպիսի համաձայնագրերի մասով, ինչպիսիք են Միավորված ազգերի կազմակերպության 1992 թվականի՝ Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիան (ՄԱԿ-ի ԿՓՇԿ) եւ 2015 թվականի Փարիզյան համաձայնագիրը, եւ անհրաժեշտության դեպքում համատեղ գործունեություն իրականացնեն համապատասխան գործակալությունների շրջանակներում։
2. Կողմերը պետք է հատուկ ուշադրություն դարձնեն անդրսահմանային հիմնահարցերին եւ տարածաշրջանային համագործակցությանը։
ՀՈԴՎԱԾ 54
Համագործակցությունը պետք է ընդգրկի, ի թիվս այլնի, հետեւյալ նպատակները՝
ա) 2015 թվականի Փարիզյան համաձայնագրի իրականացման միջոցառումները՝ սույն Համաձայնագրով սահմանված սկզբունքներին համապատասխան,
բ) կլիմայի փոփոխությանն առնչվող արդյունավետ գործողություններ ձեռնարկելու նպատակով կարողությունների շրջանակի ընդլայնմանն ուղղված միջոցառումները,
գ) կլիմայի փոփոխության երկարաժամկետ մեղմացման եւ դրան հարմարեցման համար կլիմային առնչվող ընդհանուր ռազմավարության եւ գործողությունների պլանի մշակումը,
դ) խոցելիության եւ հարմարեցման գնահատումների մշակումը,
ե) ցածր ածխածնային զարգացման պլանի մշակումը,
զ) կլիմայի փոփոխության մեղմացմանն ուղղված երկարաժամկետ միջոցառումների մշակումն ու իրականացումը՝ ջերմոցային գազերի արտանետումների քվոտաները հասցեագրելու միջոցով,
է) ածխածնի արտանետումների քվոտաների վաճառքի միջոցառումները,
ը) տեխնոլոգիաների փոխանցման գործընթացի խթանմանն ուղղված միջոցառումները,
թ) կլիմայի հարցերով դիտարկումները դեպի ոլորտային քաղաքականություններ ուղղորդելուն միտված միջոցառումները, եւ
ժ) օզոնային շերտը քայքայող նյութերին եւ ֆտոր պարունակող գազերին առնչվող միջոցառումները։
ՀՈԴՎԱԾ 55
Սույն գլխով նախատեսված հարցերի շուրջ պետք է կազմակերպվի կանոնավոր երկխոսություն։
ՀՈԴՎԱԾ 56
Հայաստանի Հանրապետությունը պետք է իրականացնի իր օրենսդրության մոտարկում Եվրոպական միության՝ IV հավելվածում նշված ակտերին ու միջազգային փաստաթղթերին՝ այդ հավելվածի դրույթներին համապատասխան։
ԳԼՈՒԽ 5
ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԵՎ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ՀՈԴՎԱԾ 57
Կողմերը պետք է մշակեն եւ ամրապնդեն իրենց համագործակցությունը արդյունաբերական եւ ձեռնարկատիրական քաղաքականության շուրջ՝ դրանով բարելավելով գործարար միջավայրը բոլոր տնտեսական օպերատորների համար, սակայն առանձնահատուկ շեշտադրելով փոքր եւ միջին ձեռնարկատիրությունը (ՓՄՁ-ներ)։ Ընդլայնված համագործակցությամբ պետք է բարելավվի վարչական եւ կարգավորիչ իրավական դաշտը՝ Հայաստանի Հանրապետությունում եւ Եվրոպական միությունում գործող՝ Եվրոպական միության եւ Հայաստանի Հանրապետության բիզնես գործունեությունների համար, եւ դա պետք է հիմնվի Եվրոպական միության ՓՄՁ-ների եւ արդյունաբերական քաղաքականությունների վրա՝ հաշվի առնելով այդ ոլորտում միջազգայնորեն ընդունված սկզբունքներն ու փորձը։
ՀՈԴՎԱԾ 58
Կողմերը պետք է համագործակցեն՝ հետեւյալ նպատակներով՝
ա) Եվրոպայի փոքր բիզնեսի ակտի սկզբունքների հիման վրա ՓՄՁ-ների զարգացման համար ռազմավարությունների իրականացում եւ իրականացման գործընթացի մոնիթորինգ՝ կանոնավոր կերպով հաշվետվություններ ներկայացնելու եւ երկխոսություն անցկացնելու միջոցով։ Այդ համագործակցությունը պետք է նաեւ կենտրոնացած լինի միկրո- եւ արհեստագործակցական ձեռնարկատիրության վրա, որոնք չափազանց կարեւոր են թե՛ Եվրոպական միության եւ թե՛ Հայաստանի Հանրապետության տնտեսությունների համար.
բ) տեղեկությունների եւ պատշաճ գործելակերպի փոխանակման միջոցով ծրագրային ավելի լավ պայմանների ստեղծում՝ դրանով նպաստելով բարելավված մրցունակությանը։ Այդ համագործակցությունը պետք է ներառի կառուցվածքային փոփոխությունների (վերակազմավորման) կառավարումը եւ բնապահպանական ու էներգետիկ այնպիսի հարցեր, ինչպիսիք են էներգաարդյունավետությունը եւ ավելի մաքուր արտադրությունը.
գ) կարգավորումների ու կարգավորիչ գործունեության պարզեցում եւ ռացիոնալացում՝ կարգավորիչ միջոցներին, այդ թվում՝ Եվրոպական միության սկզբունքներին առնչվող պատշաճ գործելակերպի փոխանակման առանձնահատուկ շեշտադրմամբ.
դ) նորարարական քաղաքականության զարգացման խրախուսում՝ գիտահետազոտական եւ նախագծային աշխատանքների առեւտրայնացմանն առնչվող (այդ թվում՝ տեխնոլոգիաների վրա հիմնված բիզնեսի մեկնարկի համար օժանդակ փաստաթղթերը) տեղեկությունների եւ պատշաճ գործելակերպի փոխանակման, կլաստերի զարգացման եւ ֆինանսների հասանելիության միջոցով:

Շարունակելի…

 

 

 

 

ՁՎԻ ԹԱՆԿԱՑՄԱՆ ՊԱՏՃԱՌԸ ՍԱՊԾ-Ն Է՞

Հայաստանի խանութներում եւ սուպերմարկետներում ձվի գինը շարունակում է բարձր մնալ: Երեկվա դրությամբ խանութներում ձվի գինը սկսվում էր 70 դրամից: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ձվի շուկայում ստեղծված իրավիճակի պատճառը եղել է այն, որ որոշ տնտեսվարողներ ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը ձուն ներկրելու հայտ են ներկայացրել: Ամանորի տոների շրջանում, երբ ձվի պահանջարկը կտրուկ մեծանում է, տեղական արտադրողները, որպես կանոն, չեն կարողանում ներքին պահանջարկն ապահովել:

Ինչեւէ: ՍԱՊԾ-ն չի բավարարել տնտեսվարողների` ձու ներկրելու վերաբերյալ հայտերը: Այս քայլն անմիջապես իր արձագանքն է գտել ձվի շուկայում՝ ձվի գնի բարձրացման տեսքով: Նույնիսկ նշվում է, թե իբր ներկայումս արդեն իսկ ձվի շուկայում դեֆիցիտ է առաջացել, եւ նոյեմբերի պահանջարկը եւս ամբողջությամբ բավարարելու համար ձու պետք է ներկրվեր: Իսկ թե ինչ տեղի կունենա Ամանորի նախաշեմին, դժվար չէ կռահել:
Այս խնդրի առնչությամբ ՀՀ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին, որ տնտեսվարողները այս շաբաթ են դիմել ձու ներկրելու թույլտվության համար: «Այն տնտեսվարողները, որոնք բավարարում են թե՛ ՀՀ օրենսդրությանը, թե՛ ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերով սահմանված ընթացակարգերին եւ պահանջներին, անարգել կարող են ՀՀ ներկրել իրենց ուղեբեռը: Այն է` ունենալ անվտանգություն հավաստող փաստաթղթեր, հայերեն մակնշում եւ գրանցված լինել երկու ռեեստերներում: ՍԱՊԾ պետական սահմանային այս կամ այն ուղեբեռը ներմուծելու թույլտվություն տալիս է՝ բացառապես հիմնվելով օրենսդրությամբ սահմանված պահանջների եւ իր լիազորությունների վրա»,- փոխանցեց ՍԱՊԾ մամուլի խոսնակ Նուարդ Առաքելյանը: «Ժողովուրդ»-ին ՍԱՊԾ-ից նաեւ հայտնեցին, որ մի քանի հայտ չի բավարարվել, որովհետեւ գրանցված չեն եղել ռեեստերներում կամ անասնահամաճարակային իրավիճակով պայմանավորված (թռչնագրիպով գրանցված տարածքից): Նաեւ հավելեցին, որ ձվի մեկ խմբաքանակ արդեն իսկ ներկրվել է Հայաստան, իսկ 4 տնտեսվարողներ էլ ստացել են ձու ներկրելու թույլտվություն:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ՈՉ ԹԵ ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ, ԱՅԼ ՆՈՐ ԱՂԲԱՎԱՅՐ
Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանից «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պարզել, թե, ի վերջո, երբ է իրագործվելու Իջեւան եւ Դիլիջան քաղաքների կենցաղային աղբի վերամշակման նպատակով գործարան կառուցելու ծրագիրը: Հիշեցնենք, որ երբ երեք տարի առաջ «Ժողովուրդ»-ը Հովիկ Աբովյանից հետաքրքրվել էր, թե ինչպես են պատրաստվում լուծել աղբահանության խնդիրները, նա պատասխանել էր, թե համայնքների աղբահանության եւ սանիտարական մաքրության հարցը քննարկել են մարզխորհրդի նիստերում: Նա նաեւ ասել էր, որ գերմանական մի կազմակերպություն պատրաստակամություն էր հայտնել աղբի վերամշակման համար համագործակցել Վանաձոր եւ Դիլիջան քաղաքների հետ, Վանաձորի վարչական տարածքում պետք է ստեղծվի աղբի վերամշակման ձեռնարկություն: Ուստի մարզպետն այն ժամանակ հույսով էր, որ իրենց կհաջողվի աղբի վերամշակմամբ զբաղվող եվրոպական որեւէ ձեռնարկության հետ համագործակցելով՝ լուծել Տավուշի մարզի աղբավայրերի խնդիրը:
Ինչեւէ, երեք տարի անց այս խնդրի վերաբերյալ մեր հարցմանը Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Արման Գեւորգյանի ստորագրությամբ տրված պատասխանում նշված է. «Ներկայումս մշակվում է ռազմավարություն կոշտ կենցաղային թափոնների կառավարման ուղղությամբ, նախատեսվում է մինչեւ 2018-2020թթ Լոռու մարզի Ղուրսալի համայնքի տարածքում 50 հեկտարի վրա 30 մ խորությամբ կառուցել եվրոպական եւ ժամանակակից չափանիշներին համապատասխան կոշտ կենցաղային թափոնների աղբավայր (համալիր), որը ներառելու է նաեւ Դիլիջան համայնքի կենցաղային աղբի տեղափոխումը՝ կոշտ կենցաղային թափոնների վերբեռնման սկզբունքով: Առաջիկայում Իջեւան համայնքի կամ Իջեւանի տարածաշրջանի կոշտ կենցաղային թափոնների կառավարման նպատակով ժամանակակից աղբավայրի կառուցում նախատեսված չէ»: Սա այն դեպքում, երբ Ղուրսալին Վանաձորից 15 կմ հեռավորությամբ է գտնվում, Վանաձոր – Դիլիջան հեռավորությունը 32 կմ է: Դիլիջան քաղաքից մինչեւ Ղուրսալի շուրջ 50 կմ է: Խոշորացված Դիլիջան համայնքի կազմում կան գյուղեր, որոնք Դիլիջանից շուրջ 25 կմ հեռու են: Դիլիջանի տարածաշրջանի գյուղերի կենցաղային աղբը 75 կմ տեղափոխվելու է, որ Ղուրսալիում ոչ թե վերամշակվի, այլ կուտակվի: Այսինքն՝ վերամշակման գործարան կառուցելու ծրագիրը այդպես էլ շարունակում է մնալ երազանք։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս