Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո հայտնի դարձավ, որ ՀՀ պաշտպանության բանակի զորամասերից ռազմամթերքների անհետացման դեպքեր են եղել, ինչի արդյունքում Արցախի դատախազությունում հարուցվել էր քրեական գործ: Եւ հիմա՝ ավելի քան մեկուկես տարի անց, «Ժողովուրդ» օրաթերթին զենքերի անհետացման գործով նոր մանրամասներ են հայտնի դառնում:
Այսպես՝ 2016 թվականի երկրորդ կեսին, երբ ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակիցների մի մասը զորացրվում էր, «Ժողովուրդ» օրաթերթը նրանց ծնողներից ահազանգեր էր ստանում այն մասին, որ պաշտպանության բանակում ծառայություն իրականացնող ժամկետային զինծառայողներն իրավական խնդիրների առաջ են հայտնվել: Ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին, խառնաշփոթի ընթացքում զինվորներից մի քանիսի զենքերը անհետացել էին:
Արդյունքում Արցախի իրավապահների առջեւ խնդիր էր դրվել պարզել, թե ուր է անհետացել բանակին պատկանող զենք-զինամթերքը: Փաստացի, բոլոր այն զինվորները, որոնց ծառայության ժամկետը լրացած է եղել, բայց նրանց ամրացված զենքերն անհետացած են եղել, զորացրվել են միայն իրավապահների հետ հարաբերությունները հստակեցնելուց հետո: Զինվորների մեծ մասը, ում մոտ նման խնդիր է եղել, չի հիշել, թե ինչ պայմաններում են զենքը կորցրել:
Բացի այդ՝ եղել էին նաեւ դեպքեր, երբ կորել էր քառօրյա պատերազմի օրերին որպես կամավորականներ առաջնագիծ մեկնած ջոկատների անդամներին ամրակցված զենք-զինամթերքը: Իհարկե, բազմաթիվ դեպքեր են եղել, երբ հենց ջոկատի անդամները նկատել են, որ ինչ-որ մեկը զինամթերք է թաքցրել՝ հետը տուն տանելու նպատակով, եւ տեղում կանխել ու թույլ չեն տվել, որ գողություն տեղի ունենա:
Բայց եղել են նաեւ դեպքեր, որ ժամանակին հնարավոր չի եղել ռազմամթերքի գողությունը կանխել եւ այդ փաստն ի հայտ է գալիս մեկ տարի անց:
Մասնավորապես «Ժողովուրդ» օրաթերթին նման մի դեպքի մանրամասներ հայտնի դարձան: Երեւանի բնակիչ Լեւոն Գեւորգյանը 2016 թվականի ապրիլի 10-ից 2016 թվականի մայիսի 19-ն ընկած ժամանակահատվածում՝ Արցախի Հանրապետության պաշտպանական գործողությունների ընթացքում, գտնվել է Քարվաճառի շրջանում ուսումնական նպատակով ժամանակավոր ստեղծված լեռնադաշտավայրային հրաձգարանում: Մեկ տարի անց նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ Քարվաճառի շրջանում ուսումնական նպատակով ժամանակավոր ստեղծված լեռնադաշտավայրային հրաձգարանից ապօրինի ձեռք է բերել եւ Մասիս քաղաքի 2-րդ թաղամասի 3-րդ փողոցի 17-րդ տուն է փոխանցել ռազմամթերք՝ 176 հատ գործարանային արտադրության մարտական փամփուշ:
Ըստ էության, իրավապահները քննությունը սկսել են այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ հրաձգարանից ռազմամթերք է անհետացել: Արդյունքում հարցաքննել են այդ շրջանում հրաձգարանում եղած անձանց: Իսկ որոշ դեպքերում նաեւ խուզարկել վերը նշված ժամանակահատվածում Քարվաճառում ստեղծված ուսումնական լեռնադաշտավայրային հրաձգարանում եղած կամավորականների բնակարանները:
Արդյունքում, դեպքից մեկ տարի երեք ամիս անց՝ 2017 թվականի օգոստոսի 2-ին, իրավապահները Լեւոն Գեւորգյանի բնակարանում հայտնաբերել են անհետացած ռազմամթերքը:
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի առաջին մասի հատկանիշներով՝ ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք, փամփուշտներ, պայթուցիկ նյութեր փոխադրելը կամ կրելը: ՀՀ ՔՕ նշված հոդվածը որպես պատիժ նախատեսում է մինչեւ երեք ամիս կալանք կամ ազատազրկում՝ առավելագույնը երեք տարի ժամկետով: Լեւոն Գեւորգյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բնակության վայրից չհեռանալու ստորագրությունը:
Ի դեպ, բացառված չէ, որ քառօրյա պատերազմի օրերին անհետացած զենք-զինամթերը նաեւ ինչ-ինչ քրեական գործերի շրջանակներում ի հայտ գա, բայց այդ փաստը քրեական գործի նյութերում չարտացոլվի՝ մեղադրյալի զենքի անհետացման հետ անմիջական կապ չունենալու հիմնավորմամբ:
Քնար Մանուկյան