Ռոբերտ Քոչարյանի որդու ընկերության գումարները յուրարցրել են. աղմկահարուց բացահատումները շարունակվում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերության շուրջ աղմկահարուց բացահատումները շարունակվում են: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ նշված ապահովագրական ընկերության գործակալները մեղադրվում են ընկերության գումարները հափշտակելու մեջ:

Հիշեցնենք, որ «Նաիրի ինշուրանս» ընկերության հիմնական բաժնետերը Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին՝ Լեւոն Քոչարյանն է:
Եվ այսպես՝ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ անհատ ձեռներեց Արեգ Հովհաննիսյանը 2017թ. մայիսի 31-ին գնացել է Երեւանի Վ. Սարգսյան 10 հասցեում գտնվող «Պիցցա Գրանդե» բիզնես կենտրոն, որտեղ տեղակայված է «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերության գլխամասը, եւ ղեկավարությանն առաջարկել համագործակցություն:

«Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերության եւ անհատ ձեռնարկատեր Արեգ Հովհաննիսյանի միջեւ համագործակցության պայմանագիր է կնքվել: Դրանից հետո Արեգ Հովհաննիսյանը ձեռք է բերել վկայագրեր կնքելու իրավունք, ինչպես նաեւ պարտավորվել է այդ վկայագրերի դիմաց ստացված գումարները փոխանցել ապահովագրական ընկերության հաշվեհամարին:
Արեգ Հովհաննիսյանը 2017թ. հունիս ամսին «Նաիրի ինշուրանս» ապահովագրական ընկերության անունից կնքել եւ տրամադրել է 25 հատ ընդհանուր՝ 672 հազար դրամի ԱՊՊԱ վկայագրեր: Գործարքների արդյունքում վարորդներից ստացված գումարներից 100 հազար 800 դրամը նա վերցրել է իրեն՝ որպես գործակալի միջնորդավճար, 67 հազար 200 դրամը փոխանցել ապահովագրական ընկերության հաշվեհամարին, իսկ մնացած` 504 հազար դրամը պահել է իրեն, ասել կուզի՝ յուրացրել է:

Արեգ Հովհաննիսյանին այս արարքի համար, իհարկե, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի երկրորդ մասի երրորդ կետի հատկանիշներով, այն է՝ «յուրացնելը կամ վատնելը՝ հանցավորին վստահված ուրիշի գույքի հափշտակությունը, որը կատարվել է խոշոր չափերով»: Այս մեղադրանքը որպես պատիժ նախատեսում է տուգանք՝ հինգ հարյուր հազար դրամից մինչեւ մեկ միլիոն դրամի չափով կամ ազատազրկում՝ երկուսից մինչեւ հինգ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
Տեղեկացանք, որ Հովհաննիսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բնակության վայրից չհեռանալու ստորագրությունը: Ի դեպ, նշենք նաեւ, որ օրերս այս գործով նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական գործը ուղարկվել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, իսկ գործն էլ քննելու համար մակագրվել է ոչ ավել, ոչ պակաս Կենտրոն դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանին` հանրահայտ Մացոյին, որը հանրության շրջանում առավել հայտնի է քաղաքական գործերի դատավարություններից:

Տեղի ունեցածի առնչությամբ «Ժողովուրդ»-ը պարզաբանման համար դիմեց «Նաիրի ինշուրանս» ապահովագրական ընկերությանը, որտեղից իրավաբանական բաժնի պետ Զարուհի Մանասյանը հայտնեց. «Ապահովագրական ընկերությունը գործակալական պայմանագիր կնքելիս առաջնորդվում է «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ եւ ՀՀ ԿԲ կողմից մշակված եւ հաստատված կանոններով եւ միայն այդ կանոններում առկա վավերապայմաններին համապատասխանող անձանց հետ է կնքում ապահովագրական գործակալի գործունեության վերաբերյալ պայմանագիր: Գործակալական պայմանագրի գծով գործակալի կողմից յուրացման դեպքեր լինում են, որոնց դեմ ընկերությունը պայքարում է իր իրավունքների պաշտպանության հետեւյալ միջոցներով` հայցադիմում ներկայացնելով ՀՀ ընդհանուր իրավասության դատարան, հանցագործության վերաբերյալ հաղորդում ներկայացնելով համապատասխան քրեական հետապնդման մարմիններին:

Ըստ էության գործակալի կողմից գործակալական պայմանագրից բխող ապահովագրավճարների գումարներն Ընկերությանը չվերադարձնելը վերաբերում է միայն գործակալի եւ Ընկերության միջեւ ծավալվող իրավահարաբերություններին, չի անդրադառնում ընկերության հաճախորդների իրավունքների եւ օրինական շահերին, ինչպես նաեւ՝ ընկերության եւ իր Հաճախորդների միջեւ ծավալվող իրավահարաբերությունների վրա»:

Այս պատմության մեջ ուշագրավը միայն այն փաստն է, որ ինչ-որ մարդկանց մտքով արդեն իսկ անցնում է «Նաիրի ինշուրանս» ընկերության գումարներից գրպանել: Սա նշանակում է, որ մարդկանց հիշողությունը շատ կարճ է: Դեռ 5-6 տարի առաջ ոչ մեկը չէր համարձակվի Ռոբերտ Քոչարյանի ընտանիքին պատկանող ընկերության գումարների վրա աչք տնկել, քանի որ բոլորին հայտնի էր, թե նման քայլն ինչ ծանր հետեւանքներ կարող է ունենալ: Դժվար է ասել՝ մարդկանց հիշողությո՞ւնն է թույլ, թե՞ Քոչարյանների ընտանիքն այլեւս առաջվա ազդեցությունը չունի:

Քնար Մանուկյան




Լրահոս