ՀԷՑ-ի կորուստներն աննախադեպ ցածր են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարվա ինն ամիսների արդյունքներով էլեկտրական էներգիա արտադրող ընկերությունները «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը մատակարարել են 4 միլիարդ 806,7 միլիոն կիլովատ ժամ էլէներգիա: Գումարային արտահայտությամբ մատակարարված էլեկտրաէներգիայի արժեքը կազմել է 110 միլիարդ 399 միլիոն 900 հազար դրամ: «Ժողովուրդ» օրաթերթը, հիմք ընդունելով պաշտոնական փաստաթղթերը, կարող է արձանագրել, որ Հայաստանում էլեկտրական էներգիայի ամենախոշոր արտադրողը շարունակում է մնալ Մեծամորի ատոմակայանը: Փաստացի ՀԷԿ-ը մատակարարել է ՀԷՑ-ի ստացած էլէներգիայի մոտ մեկ երրորդը կամ ավելի կոնկրետ՝ 32,5 տոկոսը: Սակայն դրա դիմաց ՀԱԷԿ-ին վճարվել է 23 միլիարդ 743,2 միլիոն դրամ: Այսինքն՝ էլէներգիա արտադրողներին վճարված գումարի մեկ հինգերորդն է բաժին հասել ՀԱԷԿ-ին: Այս փաստը պայմանավորված է այն հանգամանքով, որ ատոմակայանը ամենաէժան էլեկտրական էներգիան է մատակարարում՝ մեկ կիլովատ ժամը՝ 6.9 դրամ սակագնով:

Ինն ամիսների արդյունքներով Հայաստանի՝ էլէներգիա արտադրող հաջորդ ամենախոշորը «Երեւան ՋԷԿ» ընկերությունն է: Վերջինիս բաժին է հասնում ՀԷՑ-ին մատակարարված էլեկտրական էներգիայի 19 տոկոսը: «Երեւան ՋԷԿ»-ի արտադրած էլեկտրական էներգիան եւս համեմատաբար էժան է՝ մեկ կիլովատը՝ 19,3 դրամ: Հզորությամբ երրորդ ամենախոշոր էլէներգիա արտադրողը «Քոնթուր Գլոբալ Հիդրո Կասկադ» ընկերությունն է, կամ նույն ինքը՝ «Որոտանի ՀԷԿ»-ը: Այս ՀԷԿ-ին բաժին է հասնում ՀԷՑ-ին մատակարարված էլէներգիայի 12 տոկոսը: Ի դեպ, «Որոտանի ՀԷԿ»-ի մեկ կիլովատ էլեկտրական էներգիայի համար ՀԷՑ-ը վճարում է 8 դրամ:

Հատկանշական է այն փաստը, որ այս տարվա ինն ամիսների արդյունքներով ՀԷՑ-ի կորուստների ցուցանիշն աննախադեպ ցածր է 8,8 տոկոս: Նման ցուցանիշ առնվազն վերջին տասը տարիների կտրվածքով երբեւէ չի արձանագրվել: Մասնավորապես ՀԷՑ-ի սեփականատիրոջ փոխվելուց առաջ, այսինքն՝ մինչեւ 2015 թվականի աշունը, էլէներգիայի կորուստները կազմում էին 13 տոկոս եւ ավել, երբեմն այդ ցուցանիշը նվազում էր մինչեւ 12,5 տոկոս: Հարկ է նշել, որ էլեկտրական էներգիայի կորուստների մեկ տոկոսը կազմում է մոտ 1 միլիարդ 200 միլիոն դրամ: Ասել կուզի՝ վերջին երկու տարիներին էլեկտրական էներգիայի կորուստների ցուցանիշը ավելի քան չորս տոկոսով նվազեցնելու արդյունքում ՀԷՑ-ը խնայել է շուրջ 4 միլիարդ 800 միլիոն դրամ կամ նույնն է, թե 10 միլիոն դոլար: Եթե այս տարվա վերջին երեք ամիսներին նույն ցուցանիշը պահպանվել է, ապա միայն կորուստների նվազեցման հաշվին ՀԷՑ -ի խնայողությունները տարվա կտրվածքով կկազմեն մոտ 15 միլիոն դոլար:

Այս տվյալները հաշվի առնելով՝ բնական հարց է ծագում՝ ՀԷՑ-ի նախկին տնօրինությունն ինչո՞ւ չէր կարողանում կորուստները նվազեցնել: Իսկ գուցե չէի՞ն ցանկանում դա անել: Ի վերջո, Հայստանի իրականությանը ծանոթ մարդկանց համար գաղտնիք չէ, որ մինչեւ ՀԷՑ-ի սեփականատիրոջ փոխվելը այդ ընկերության ղեկավար կազմի անդամները՝ տեղամասերի պետերից սկսած, մինի-միլիոնատերեր էին, որոնք, ինչպես ընդունված է ասել, «օդից փող էին կպցնում», կամ ճիշտ կլինի ասել՝ «հոսանքից փող էին շինում»: Իսկ արդյունքում տարին մեկ ՀԷՑ-ը դիմում էր Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ էլէներգիայի սակագինը բարձրացնելու պահանջով: Ասել կուզի՝ կորուստների հաշվին հարստացողներն իրականում մեր՝ սպառողներիս հաշվին էին հարստանում:

Վ. Հ.




Լրահոս