Գերմանիայում խորհրդարանական ընտրությունների արդյունքում կանցլեր (վարչապետ) Անգելա Մերկելի ղեկավարած կուսակցությունը թեպետ պահպանեց առաջատարի իր դիրքերը, սակայն չկարողացավ լուրջ մեծամասնություն ստանալ Բունդեսթագում, ինչը նրան հնարավորություն կտար միանձնյա նոր կառավարություն ձեւավորել:
Ուստի Գերմանիայի կանցլերին այլ բան չի մնում անել, քան հերթական կոալիցիոն կառավարությունը կազմել, որի շուրջ բանակցություններն արդեն մի քանի օր է՝ ընթանում են, բայց դեռեւս հաջողությամբ չեն պսակվել: Մերկելը կա՛մ պետք է ցավոտ զիջումներ անի խորհրդարանական փոքրամասնություն կազմող կուսակցություններին՝ կառավարություն կազմելու համար, կա՛մ էլ ստիպված պետք է լինեն արտահերթ ընտրություններ անցկացնել:
Նախորդ շաբաթ Մերկելի «Քրիստոնյա-դեմոկրատական միություն» կուսակցությունը «Քրիստոնյա-սոցիալիստական միություն» եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների հետ չկարողացավ համաձայնության գալ մի շարք հիմնահարցերի շուրջ, արդյունքում կոալիցիոն կառավարություն կազմելու բանակցություների այս փուլը տապալվեց: Կուսակցությունների միջեւ հիմնական տարաձայնությունները վերաբերում են ներգաղթի քաղաքականությանն ու շրջակա միջավայրի պահպանության խնդիրներին: Մերկելը հասցրեց ներողություն խնդրել գերմանացի ընտրողներից առաջացած երկամսյա քաոսի համար՝ նկատելով, որ արագ կառավարություն կազմելու ու աշխատանքի լծվելու իր հույսերը չեն արդարացել: Մյուս կուսակցությունների առաջանորդները, ցավալի համարելով հանդերձ բանացկությունների ձախողումը, միաժամանակ բնական են համարել, որ որեւէ կուսացություն չի ցանկացել հրաժարվել իր սկզբունքային մոտեցումից: Նման իրավիճակում Մերկելին մնում է կա՛մ համագործակցություն սկսել նախկին դաշնակից Սոցիալ-դեմոկրատական կուսակցության հետ, կա՛մ գնալ արտահերթ ընտրությունների: Սոցիալ-դեմոկրատները ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո հայտարարել էին ընդդիմություն դառնալու մտադրության մասին:
Սակայն այսօր արդեն պարզ է, որ Մերկելը չի կարողանում համաձայնության գալ խորհրդարանում կոալիցիոն կառավարություն կազմել ցանկացող կուսակցությունների հետ, եւ որպես արտահերթ ընտրություններից խուսափելու միակ ուղի մնում է սոցիալ-դեմոկրատների հետ կոալիցիան: ՍԴԿ-ի ղեկավար Մարտին Շուլցը պատրաստակամություն է հայտնել բանակցություններ սկսել Մերկելի հետ: Վերջինիս ճամբարից արդեն իսկ դրական ազդակներ են հաղորդվում այս առումով՝ հուսադրելով գերմանացիներին, որ կառավարական քաոսի ավարտին երկար չեն սպասի: Կանցլերը հայտարարել է, որ ցանկանում է կոալիցիա կազմել որքան հնարավոր է շուտ: Իսկ ինչ վերաբերում է ՍԴԿ-ի հետ բանակցություններին, ապա դրանց հաջողության նախապայման նա համարել է փոխադարձ հարգանքն ու փոխզիջումը: Խնդիրն այն է, որ Շուլցը ի սկզբանե չէր ցանկանում կոալիցիոն կառավարություն կազմել՝ ունենալով անցյալի դառը փորձը: Նախորդ անգամ կոալիցիա կազմելուց հետո նրա կուսակցությունը աջակիցների թվաքանակի էական նվազում արձանագրեց: Այդ իսկ պատճառով Շուլցը դեմ էր կոալիցիոն կրտսեր գործընկերոջ կարգավիճակին կրկին վերադառնալուն: Բայց ներկայիս իրավիճակում ՍԴԿ-ն ստիպված կլինի բախվել արտահերթ ընտրությունների հետ, ինչը, թվում է, վերոնշյալ կուսակցությունների շահերից ընդհանրապես չի բխում: Ըստ անցկացված հարցումների՝ գերմանացիների 52 տոկոսը կողմ է նախկին կոալիցիայի վերակնքմանը, ինչն ապահովում է առնվազն լեգիտիմություն կառավարության համար:
Կարծիք կա, որ ՍԴԿ-ն կարող է առաջ բերել այնպիսի պահանջներ, որոնց կատարումը վեր լինի Մերկելի հնարավորություններից: Այդ պատճառով Մերկելի կուսակցությունից արդեն իսկ հորդոր է հնչել բանակցություններին մոտենալ ռեալ պահանջներով եւ չընկնել չափազանցությունների գիրկը: Հինգշաբթի օրը Գերմանիայի նախագահ Շտայենմայերի միջնորդությամբ կկայանա երկու կուսակցությունների ղեկավարների հանդիպումը, եւ երկամսյա քաոսից հետո վերջապես պարզ կդառնա, թե արդյոք փոխզիջումը կհաղթի արտահերթ ընտրություններին: Իսկ նոր ընտրության գնալ Մերկելը ակնհայտորեն չի ցանկանում: Նա հիմնովին սխալ է համարել քաղաքացիներին կրկին տեղամասեր ուղարկելու տարբերակը՝ նկատելով, որ գերմանացիները արտահայտել են իրենց կամքը եւ այն իրագործելն ու կյանքի կոչելը գերմանական քաղաքական վերնախավի խնդիրն է: Ի դեպ, քաղաքական վերլուծաբանները խիստ հավանական են համարում նոր կոալիցիան հին դաշնակիցների միջեւ: Այդուհանդերձ, երկամսյա անորոշությունն ու բանակցությունների նախորդ ռաունդի տապալումը արդեն իսկ տեղ է թողնում կարծելու, որ իրավիճակը կհանգի արտահերթ ընտրությունների: 4-րդ անընդմեջ ժամկետին սպասող Մերկելը գուցե թե ստիպված լինի գնալ նոր ընտրությունների, որոնք հայտնի չէ, թե ինչ նոր անակնկալ կմատուցեն:
2015 թվականի սահմանադրական փոփոխություններից հետո Հայաստանում եւս խորհրդարանական կառավարման այս մոդելն է ներդրված: Հայաստանին տասնամյակներ են հարկավոր գերմանական քաղաքական համակարգի մակարդակին հասնելու համար: Բայց ինչպես տեսնում ենք՝ նույնիսկ կայացած պետական կառավարման համակարգ ունեցող Գերմանիան խորհրդարանական կառավարման պայմաններում երկամսյա քաոսի է մատնված եւ կառավարություն կազմելու լուրջ խնդիր ունի: Եթե արեւմտյան հանդուրժողականությունն ու քաղաքական շահը պետականին զիջելու փորձը չհաղթի, Գերմանիան ստիպված է լինելու գնալ արտահերթ ընտրությունների՝ առջեւում ունենալով ավելի խորը անորոշ իրավիճակում հայտնվելու վտանգը:
Գերմանիայի օրինակը նաեւ պարզաբանում է, թե ինչու Հայաստանի իշխանական համակարգն այս տարվա գարնանը ամեն ինչ արեց, ահռելի ծավալների ընտրակաշառք բաժանեց, որպեսզի իշխող ՀՀԿ-ն մեծամասնություն ունենա:
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
90 ՀԱԶ. ԴՈԼԱՐ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԹՈՒՐՔԻԱՅԻՑ
Հայաստանը անցած տարվա ընթացքում Թուրքիայից մարդասիրական օգնություն է ստացել: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ անցած տարի Թուրքիայից Հայաստան ստացած մարդասիրական օգնությունը ընդհանուր առմամբ կազմել է մոտ 90 հազար դոլար: «Ժողովուրդ» օրաթերթը ԱՎԾ-ից տեղեկացավ, որ Թուրքիայից անցած տարվա ընթացքում որպես մարդասիրական օգնություն ՀՀ ներմուծվել է 12 հազար 386 դոլարի չափով 300 կգ տրիկոտաժե հագուստ, հագուստի պարագաներ՝ մեքենայական կամ ձեռքի գործվածքով:
Բացի այս՝ նշված երկրից ներմուծվել է նաեւ 9 հազար 137 դոլարի 4.8 տոննա բամբակ, թաղիք, ճոպան, պարան: Թուրքիայից «օգնություն» ներմուծվել է նաեւ 2.9 տոննա` 11 հազար 900 դոլարի էլեկտրական մեքենաներ, սարքավորումներ, ձայնագրող ապարատներ: Թուրքիան Հայաստանին 1.9 տոննայի չափ «օգնել է» նաեւ խաղալիքներով, խաղերով, սպորտային գույքով, որոնք, ի դեպ, կազմել են 20 հազար 380 դոլար:
Ուշագրավն այն է, որ Թուրքիայից «մարդասիրական օգնության» տեսքով ՀՀ ներմուծվել է 100կգ հացահատիկ` 554 դոլար արժեքով: Այսինքն՝ մեկ կիլոգրամ հացահատիկը կազմել է 5 դոլար: Իսկ Թուրքիայից որպես «օգնություն» ներմուծված դեղագործական մթերքը կազմել է 55 դոլար: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Թուրքիայից ՀՀ մարդասիրական օգնություն ներմուծվել է նաեւ 9 հազար 843 դոլարի սպիտակուցային նյութեր, սոսինձ, ֆերմենտներ, 7 հազար 321 դոլարի չափով պլաստմասա եւ դրանից իրեր, 2 հազար 719 դոլարի 20.9 տոննա աղ. ծծումբ, հող եւ քար. սվաղման: Ի դեպ, տեղեկացնենք, որ Ռուսաստանից ՀՀ ներմուծվել է 14 հազար դոլարի մարդասիրական օգնություն: Անցած տարվա ընթացքում Ռուսաստանից Հայաստան են ներմուծվել 183 դոլար արժողությամբ լողացող միջոցներ եւ 13 հազար 896 դոլար արժեքով միջուկային ռեակտորների սարքավորումներ:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
«ԳԱԻ»-ԻՆ ՉՍԻՐԵՑ «ԺԻԳՈՒԼՈՒՆ»
Նոյեմբերյանի սահմանամերձ գյուղերի շատ բնակիչներ դիմել են «Ժողովուրդ» օրաթերթին՝ բողոքելով ՃՈ պետավտոտեսուչների գործողություններից: Բանն այն է, որ պետավտոտեսուչները վարորդներից պահանջում են փոխել մգեցված դիմապակին: Խոսքն այն ավտոմեքենաների մասին է, որոնց լուսաթափանցելիությունը 70% ցածր է: ՀՀ օրենսդրությամբ ավտոմեքենաների դիմապակիների լուսաթափանցելիությունը 70% պետք է բարձր լինի: ՃՈ աշխատակիցները վարորդներին տուգանում են 30 հազ. դրամի չափով եւ պահանջում 24 ժամվա ընթացքում փոխել դիմապակին: Սակայն վարորդները պնդում են, որ բավարար լուսաթափանցելիությամբ դիմապակիները եւս գործարանային արտադրության են: Բացի այդ՝ խորհրդային տարիների արտադրության «Ժիգուլի» մակնիշի ավտոմեքենաների վարորդները անելանելի վիճակում են հայտնվել. ավտոպահեստամասերի խանութներում, մեքենաների վերանորոգման արհեստանոցներում իրենց ավտոմեքենաների համար նախատեսված բավարար լուսաթափանցելիությամբ դիմապակիներ չկան, դրանցից չի ներկրվում ՀՀ: Իհարկե, թանկ չեն` 10-12 հազ. դրամ, սակայն շուկայում չկան: «Ժիգուլիների» տերերը միեւնույն ժամանակ նկատում են, որ ՃՈ աշխատակիցները վախենում են մգեցված ապակիներով թանկարժեք ավտոմեքենաները կանգնեցնել՝ շառից-փորձանքից հեռու: Այլ կերպ ասած՝ ճանապարհային ոստիկանների թիրախում հայտնվել են միայն հին ավտոմեքենաները, որոնց տերերը փաստացի սոցիալապես անապահով անձինք են:
80 ՀԱԶԱՐԻ ՀԱՄԱՐ
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանում տեղակայված սահմանապահ զորամասի ժամկետային զինծառայողներ Դավիթ Ղուկասյանին եւ Ալեքսանդր Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք 2017թ. հուլիսի 30-ին իրենց ծառայակից պայմանագրային զինծառայողի էլեկտրոնային քարտի միջոցով նրա հաշվեհամարում եղած գումարները գողացել են: Նրանք իրենց զորամասի թեյարանի հարակից տարածքից գտել են պայմանագրային զինծառայող Այգավարդ Թուխտարյանին պատկանող «Հայբիզնեսբանկ ՓԲԸ»-ի կողմից տրամադրված էլեկտրոնային քարտը եւ գաղտնաբառը: Այնուհետեւ նույն բանկի՝ զորամասի շտաբի մասնաշենքում գտնվող բանկոմատից ստացել են Ա. Թուխտարյանի հաշվեհամարում եղած 80 հազ. դրամը եւ կիսել 2 հավասար մասի: Այս արարքի արդյունքում Դ. Ղուկասյանին եւ Ա. Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր. 177 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով (Գողությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ՝ պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով): Այս հոդվածը որպես պատիժ նախատեսում է 500 հազ. մինչեւ 1 մլն դրամի տուգանք, կամ 2-ից 5 տարի ժամկետով ազատազրկում: Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Այս քրգործով դատավարությունը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում նշանակված է նոյեմբերի 30-ին:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ