Հայաստանն արդեն մոտ երկու ամիս է՝ թեւակոխել է գնաճերի փուլ: Թանկացումների վերջը դեռեւս չի երեւում: Հատկապես առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացումները է՛լ ավելի են վատթարացնում Հայաստանի սոցիալապես անապահով մոտ մեկ միլիոն բնակչության վիճակը: Ի՞նչ են անում կամ պատրաստվում անել ՀՀ իշխանությունները՝ այս իրավիճակը մեղմելու համար, եւ ինչպես պետք է հասարակ սպառողը դիմակայի թանկացումներին. այս հարցերի պատասխանները «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ստանալ ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Լուիզա Սարգսյանից:
-Տիկի՛ն Սարգսյան, մեր երկրում աղքատության մակարդակը շարունակում է բարձր մնալ: Դուք՝ որպես օրենսդիր մարմնի ներկայացուցիչ, ի՞նչ եք անում, որ գործադիրը սթափվի:
-Այսօր քաղաքական մեծամասնությունը կքվեարկի այն փաստաթղթի համար, որը մեր ժողովրդի կյանքում ոչինչ չի բարելավելու: Որպես օրենսդիր մարմնի ներկայացուցիչ՝ մենք մեր պայքարը ներկայացնում ենք, մենք ցույց ենք տալիս բոլոր այն ոլորտները, որտեղ խայտառակ վիճակ է: Մենք գիտենք այն մասին, որ արդեն գրեթե մեկ միլիոն մարդ Հայաստանում աղքատ է համարվում:
-Այսինքն՝ միայն բարձրացնել, ոլորտային խնդիրները ցույց տա՞լ:
-Տնտեսական մրցակցության մասին խոսել է մեր խմբակցությունը: Ներկայացրել ենք օրենքներ, կարո՞ղ է գործել երկրում մի օրենք, որը ընդունված չի: Կարո՞ղ է երկրում որեւէ ընդդիմադիր ուժ, որը չունի խորհրդարանում այդքան ձայն, որը չունի, ի վերջո, այս գրված փաստաթղթերը հաստատելու ուժ, ինչքան էլ նա ունենա պոտենցիալ, ինչքան էլ ունենա կամք, նորից եմ կրկնում՝ առավոտյան կգաք, կտեսնեք՝ նրանք ինչպես այս փաստաթուղթն ընդունեցին: Մենք ժողովրդի ձայնը բարձրաձայնում ենք, մեր առաջարկները գործադիրին ներկայացնում ենք: Բայց ժողովուրդը կատարեց իր ընտրությունը: Մենք ունենք խորհրդարանական մեծամասնություն, որը պարզ մաթեմատիկական հաշվարկով ընդունում է այն բոլոր օրինագծերը, որն ինքը համարում է լավ: Ընդդիմադիրների պայքարը շարունակվում է, բայց թե ինչ ընթացք սա կարող է ունենալ, ես չեմ կարող պատասխանել: Վաղը կարող է ստորագրվել այնպիսի փաստաթուղթ, որը շարքային քաղաքացու կյանքում ոչինչ չի փոխելու: Հայաստանում աղքատություն՝ հավասար է արտագաղթ: