««ՔԱՂԱՔԱԿԱՆ» ԲԱՌԸ ՇԱՀԱՐԿԵԼՈՎ՝ ՎԱԽԵՑՆՈՒՄ ԵՆ ԲՈԼՈՐԻՆ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 28-ին «Սարգիս Մուրադյան» պատկերասրահում վերաբացվեց «Խավարում» ցուցահանդեսը՝ նվիրված բոլշեւիկյան բռնաճնշումների հայ զոհերի հիշատակին։ Հիշեցնենք, որ Երեւանի Հովհաննես Թումանյանի թանգարանում ներկայացված ցուցադրությունը սեպտեմբերին փակվել էր։ «Զրպարտության հետեւանքով ստիպված եղանք հավաքել ցուցադրությունը։ Որոշ մարդիկ դիմել են որոշակի կառույցների եւ, ենթադրում եմ, որպեսզի գործը գլուխ գա, դիմել են շանտաժի»,- ասել էր թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը։ ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն էլ պատճառաբանել էր. «Նախարարության հետ համաձայնեցված չի եղել ցուցադրանքի բացօթյա ձեւաչափը, եւ թանգարանը հավաքել է դրսում ցուցադրվող պաստառները»։ «Ժողովուրդ»-ը թեմայի շուրջ զրուցել է պատկերասրահի տնօրեն, նկարչուհի Զարուհի Մուրադյանի հետ։

-Տիկի՛ն Մուրադյան, փաստորեն, «Խավարումը» վերաբացվում է մի վայրում, որտեղ նախկինում բացառապես ցուցադրվել են կտավներ, քանդակներ եւ լուսանկարներ։
-Այո՛, դա արդեն փաստում է այն, որ ես շատ եմ կարեւորում այս ցուցադրությունը, դրա միջոցով ճշմարտության վերհանումը, առավել եւս, որ ամեն կերպ փորձում են այն լռեցնել։ Մենք մի սերնդի ներկայացուցիչներ ենք, որոնք դպրոցում, ինստիտուտում դաստիարակվել են սուտ պատմություններով։ Ուստի մեր պարտքն է այդ մասին իրազեկել երիտասարդներին, դուրս գալ ստի շրջանակից։ Մեր սերնդից շատերը կան, որոնք փակեցին իրենց աչքերը, ականջները. չուզեցին իմանալ ճշմարտությունը եւ մնացին ստի բեռի տակ։ Դրա համար էլ այդ մարդկանցից շատերին ցուցադրությունը դուր չի գալիս։ Այնինչ՝ ես եւ իմ ամբողջ ընտանիքը, երբ իմացանք ցուցադրության փակման մասին, որոշեցինք, որ պետք է այն վերաբացել։ Միայն դրա մատուցման ձեւն է փոխվել։ Եթե նախկին ցուցադրությունը դրսում էր, հիմա այն տեղափոխվել է ներս, ցուցանմուշները կախված են պատից, ավելացվել են լուսանկարներ։ Այնպիսի զարհուրելի փաստեր են ներկայացված, որ ինչ-որ առումով հասկանալի կլինի, եթե դրանք բոլշեւիկների ժառանգներին դուր չգան։
-Դուք ինչպե՞ս եք վերաբերվում այն փաստին, որ փոխնախարարն էլ, նախարարն էլ խոստացան վերաբացել ցուցադրությունը, սակայն այդպես էլ չկատարեցին խոստումը։
-Իհարկե, բացասական։ Այնպիսի տպավորություն էր, որ ինչ-որ տեղ խաբեցին հանրությանը։ Չգիտեմ ինչու՝ պիտակավորեցին, որ ցուցադրությունը քաղաքականացված է։ Բայց ո՞նց կարող է առաջին հանրապետության կործանումը, որը ցուցադրված է փաստաթղթերով, քաղաքական չլինել։ Մեզ մոտ սիրում են շահարկել «քաղաքական» բառը եւ բոլորին վախեցնել դրանով։ Իհարկե, ցուցադրությունը քաղաքական է, իհարկե, մարդկանց գնդակահարելը քաղաքականություն է, զորքին հրամայելը, որ թուրքի վրա չկրակի, քաղաքականություն է, դավաճանություն՝ սեփական ազգի նկատմամբ։
-Տիկի՛ն Մուրադյան, «Սարգիս Մուրադյան» պատկերասրահը, կարծես, արգելված, փակված ցուցադրությունների համար հովանի լինի։ Հիշում ենք, որ ավելի վաղ քանդակագործ Սուրեն Մելքոնյանը բացումից ժամեր անց փակել էր իր անհատական ցուցահանդեսը: «Նարեկացի» արվեստի միության ղեկավարությունը քանդակագործին հորդորել էր ցուցադրությունից հանել մերկ եւ կիսամերկ քանդակներն ու նկարները, որոնք հետագայում տեղ գտան Ձեր պատկերասրահում։
-Դե, դա ծիծաղելի արգելք էր, զավեշտ։ Ընդհանրապես, որեւէ բան արգելողները պետք է հասկանան, որ արգելելու ժամանակներն անցել են, մենք ապրում ենք 21-րդ դարում։ Չինովնիկներին կոչ եմ անում հատկապես արվեստին վերաբերող հարցերում արգելքներ չբանեցնել։
-Եվ վերջում՝ կցանկանայի իմանալ, թե որքան կտեւի ցուցադրությունը, մինչեւ ե՞րբ այն բաց կլինի։
-Ցուցադրությունը բաց կլինի մեկ ամիս։ Եթե դրա հանդեպ հետաքրքրությունը սպասվածից մեծ լինի, գուցե Ամանորից հետո մի քանի օր եւս պահենք այն։
Հավելենք, որ ավելի վաղ փոխնախարար Արեւ Սամուելյանը հայտարարել էր, թե որոշ շտկումներից հետո ցուցադրությունը կվերաբացվի։ Արմեն Ամիրյանը եւս խոստացել էր, որ կնախաձեռնի, որպեսզի «Խավարում» ցուցադրությունը վերաբացվի։ Նարինե Թուխիկյանը, սակայն, փաստել է՝ դրանից հետո նախարարը եղել է թանգարանում եւ պատասխանելով իր այն հարցին, թե արդյո՞ք վերաբացվելու է «Խավարում» ցուցադրությունը, Ամիրյանը պատասխանել է, որ ոչ։

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 

 

«ԻՄ ԵՐԳԵՐԻ ՆԵՐՔՈ ՍԻՐԱՀԱՐՎՈՒՄ ԵՆ»
Ե. Չարենցի «Լուսամփոփի պես աղջիկ», Մ. Մեծարենցի «Անուրջներ», Հ. Շիրազի «Գտա» եւ մի շարք այլ բանաստեղծությունների հիման վրա գրված երգերի շնորհիվ հայտնի դարձած Վահագ Ռաշն աշխատում է երկու նոր երգի վրա: Դրանցից մեկը կոչվում է «Երգ երգի մասին», մյուսը` «Հին բակը»: Այս մասին «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց երգիչը: Իսկ նրա «Ես կգամ» երգի հիման վրա նկարահանվել է տեսահոլովակ, որը մոնտաժման փուլում է:
«Երկու նոր երգերի երաժշտության հեղինակն էլ ժամանակակից կոմպոզիտոր Հասմիկ Արշակյանն է, իսկ խոսքերի հեղինակը մայրս է: «Երգ երգի մասին» ստեղծագործության միջոցով մայրս արտահայտել է, թե ինչ է երգն ինձ համար, Հասմիկն էլ գրել է համահունչ երաժշտություն: Իսկ «Հին բակի» դեպքում սկզբում ստեղծվել է երաժշտությունը: Երկար լսելուց հետո հասկացա, որ այն ինձ տանում է մանկություն, մեր բակ»,-պատմեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ կախված երգերի հաջողությունից՝ առաջիկայում կորոշի՝ դրանց հիման վրա տեսահոլովակ նկարահանի, թե ոչ:
Վահագ Ռաշը նաեւ տեղեկացրեց, որ դեկտեմբերին կներկայանա համերգով՝ այս անգամ առանց բենդի: Մենք հետաքրքրվեցինք՝ իր մատուցած ժանրը Հայաստանում տարածում գտնո՞ւմ է, թե՞ ոչ. «Մեր լսարանը փոքր է, բայց շատ որակյալ»,-պատասխանեց Վահագը:
Հարցին, թե ինչպես են իր երգերը ընդունվում արտերկրում՝ հայ համայնքի եւ օտարերկրացիների կողմից, Վահագը պատասխանեց. «Ինչպես Հայաստանում, դրսում եւս իմ երգերը լավ են ընդունում: Ի դեպ, ասեմ, որ ունեմ մեծ թվով այլազգի երկրպագուներ, որոնք, նույնիսկ չհասկանալով երգերիս խոսքերը, լսում են դրանք, երբեմն էլ խնդրում են թարգմանություն տրամադրել»:
Նա նշեց, որ իր երգերը, որքան էլ նեղ լսարան ունենան, հաճան սրտեր են կապում. «Գիտեմ մարդկանց, որոնք իմ երգերի ներքո են սիրահարվել, մի քանիսը նույնիսկ իմ համերգների ժամանակ են ծանոթացել: Հիմա շատ հարսանիքների հնչում է իմ ու Սոնա Ռուբենյանի «Պար պսակի» երգը»,-ուրախությամբ եզրափակեց Վահագը:

Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ




Լրահոս