ՊԵՏՔ Է ԽԹԱՆԵՆ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է հրապարակել նոյեմբերի 24-ին Բրյուսելում՝ Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի ժամանակ ստորագրված ԵՄ-ի հետ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը:

ՀՈԴՎԱԾ 68
Համագործակցությունը պետք է ուղղված լինի հետեւյալ թեմաներին՝
ա) տեղեկությունների, լավագույն գործելակերպերի, փորձի փոխանակում եւ «նոու-հաու»-ի փոխանցում, այդ թվում՝ նորարարական տեխնոլոգիաների առնչությամբ,
բ) պետական, մասնավոր հատվածների եւ համայնքների շահերի միջեւ ռազմավարական գործընկերության հաստատում՝ զբոսաշրջության կայուն զարգացումն ապահովելու նպատակով,
ՀՈԴՎԱԾ 69
Սույն գլխով նախատեսված հարցերի շուրջ պետք է կազմակերպվի կանոնավոր երկխոսություն։
ԳԼՈՒԽ 10
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ
ՀՈԴՎԱԾ 70
Կողմերը պետք է համագործակցեն գյուղատնտեսության եւ գյուղական համայնքների զարգացումը խթանելու շուրջ՝ մասնավորապես քաղաքականությունների եւ օրենսդրության աստիճանական համապատասխանեցման միջոցով։
ՀՈԴՎԱԾ 71
Գյուղատնտեսության եւ գյուղական համայնքների զարգացման ոլորտում Կողմերի միջեւ համագործակցությունը պետք է ընդգրկի, ի թիվս այլնի, հետեւյալ նպատակները՝
ա) գյուղատնտեսության եւ գյուղական համայնքների զարգացման քաղաքականություններին առնչվող փոխըմբռնման գործընթացի խթանում,
բ) քաղաքականությունների պլանավորման, գնահատման եւ իրականացման գործընթացներում վարչական կարողությունների ընդլայնում կենտրոնական եւ տեղական մակարդակով՝ Եվրոպական միության օրենսդրությանը եւ լավագույն գործելակերպերին համապատասխան,
գ) գյուղատնտեսական արտադրանքի կայունության եւ արդիականացման խթանում,
դ) գյուղատնտեսական համայնքների տնտեսական բարեկեցությունը խթանելու նպատակով գյուղական համայնքների զարգացման քաղաքականություններին առնչվող գիտելիքների եւ լավագույն գործելակերպերի կիսում,
ե) գյուղատնտեսական հատվածի մրցունակության եւ շուկաների արդյունավետության ու թափանցիկության բարելավում,
զ) որակի քաղաքականությունների եւ դրանց վերահսկման մեխանիզմների, մասնավորապես աշխարհագրական նշումների եւ օրգանական գյուղատնտեսության խթանում,
է) գյուղատնտեսական արտադրողների շրջանում գյուղատնտեսությանն առնչվող գիտելիքների եւ փորձի տարածման ծառայությունների խթանում, եւ
ը) միջազգային այն կազմակերպությունների շրջանակում դիտարկվող հարցերի ներդաշնակեցման գործընթացի ընդլայնում, որոնց երկու Կողմերն էլ անդամակցում են։
ԳԼՈՒԽ 11
ՁԿՆԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԾՈՎԱԳՆԱՑՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
ՀՈԴՎԱԾ 72
Կողմերը պետք է համագործակցեն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այնպիսի հարցերի շուրջ, որոնք վերաբերում են ձկնարդյունաբերության եւ ծովագնացության կառավարմանը՝ դրանով նպաստելով ձկնարդյունաբերության ոլորտում ավելի սերտ երկկողմ, բազմակողմ եւ միջազգային համագործակցության զարգացմանը։
ՀՈԴՎԱԾ 73
Կողմերը պետք է ձեռնարկեն համատեղ գործողություններ, փոխանակեն տեղեկություններ եւ ցուցաբերեն փոխադարձ աջակցություն՝ նպատակ ունենալով խթանել՝
ա) կայուն զարգացման սկզբունքներին համահունչ՝ ձկնորսության եւ ձկնարդյունաբերության պատասխանատու կառավարումը՝ ձկան պաշարները եւ էկոհամակարգերը առողջ վիճակում պահպանելու նպատակով, եւ
բ) ջրային կենդանի ռեսուրսների կառավարման եւ պահպանման համար պատասխանատու՝ բազմակողմ եւ միջազգային համապատասխան կազմակերպությունների միջոցով համագործակցությունը՝ մասնավորապես համապատասխան միջազգային մոնիթորինգի եւ իրավակիրառ գործիքների ամրապնդման միջոցով։
ՀՈԴՎԱԾ 74
Կողմերը պետք է աջակցեն այնպիսի նախաձեռնություններին, ինչպիսիք են փորձի փոխադարձ փոխանակումը եւ աջակցության տրամադրումը՝ ձկնարդյունաբերության կայուն քաղաքականության իրականացում ապահովելու նպատակով, որն ընդգրկում է՝
ա) ձկնարդյունաբերության եւ ակվակուլտուրաների պաշարների կառավարումը,
բ) ձկնորսական գործունեության ստուգումն ու վերահսկողությունը,
գ) որսին, տարածքում տեղակայմանն առնչվող, կենսաբանական եւ տնտեսական տվյալների հավաքագրումը,
դ) շուկաների արդյունավետության բարելավումը, մասնավորապես արտադրական կազմակերպությունների գործունեությունը խթանելու, ինչպես նաեւ սպառողներին տեղեկություններ տրամադրելու եւ շուկայահանման ստանդարտների ու հետագծելիության միջոցով,
ե) լճափ կամ նաեւ՝ լճակներ կամ գետաբերան ներառող տարածքների կայուն զարգացումը՝ ձկնարդյունաբերության ոլորտում զբաղվածության զգալի մակարդակի հետ մեկտեղ, եւ
զ) կայուն ակվակուլտուրաների վերաբերյալ օրենսդրությանն առնչվող փորձի՝ ինստիտուցիոնալ մակարդակով փոխանակումը եւ դրա գործնական կիրառումը բնական ավազաններում ու արհեստական լճերում։
ՀՈԴՎԱԾ 75
Հաշվի առնելով ձկնարդյունաբերության, տրանսպորտի, բնապահպանության ոլորտներում իրենց համագործակցությունը եւ ծովային հարցերին առնչվող այլ քաղաքականություններ՝ Կողմերը պետք է նաեւ համագործակցեն եւ անհրաժեշտության դեպքում՝ փոխադարձ աջակցություն ցուցաբերեն ծովագնացության հարցերի մասով՝ մասնավորապես տարածաշրջանային եւ միջազգային համապատասխան ֆորումներում ակտիվ ինտեգրված մոտեցում ցուցաբերելով ծովագնացության հիմնահարցերին եւ պատշաճ կառավարմանը։
ԳԼՈՒԽ 12
ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ
ՀՈԴՎԱԾ 76
Կողմերը պետք է զարգացնեն եւ ամրապնդեն իրենց համագործակցությունը հանքային արդյունաբերության եւ հումքի արտադրության ոլորտներում՝ նպատակ ունենալով խթանել փոխադարձ ըմբռնումը, գործարար միջավայրի բարելավումը, տեղեկությունների փոխանակումը եւ էներգետիկ ոլորտին չառնչվող այնպիսի հարցերի շուրջ համագործակցությունը, որոնք անդրադառնում են մասնավորապես մետաղական հանքաքարերի եւ արդյունաբերական նշանակության հանքանյութերի արդյունահանմանը։

Շարունակելի…

 

 

 

ՈՐՈՇ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԾՈՎ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԼԻՆԻ

Այսօր, հավանաբար, կառավարությունը կհաստատի ՀՀ բուհերի ընդունելության հաջորդ տարվա մասնագիտությունների եւ ընդունելության քննությունների ցանկը:

Բանն այն է, որ 2017-2018 ուսումնական տարվա ընդունելության արդյունքում որոշ բուհերում մնացել են թափուր տեղեր, որի պատճառով մի շարք բուհեր վերանայել են մասնագիտությունների ցանկը: Այսինքն՝ 2018-2019 ուսումնական տարում որոշ մասնագիտությունների գծով ընդունելություն չի նախատեսվելու: Այն կհամապատասխանեցվի ՀՀ բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների ցանկին: Ի դեպ, մասնագիտությունների ցանկը վերանայվում է յուրաքանչյուր տարի: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունից տեղեկացավ, որ 2018-2019 ուսումնական տարում Իջեւանի պետական համալսարանի սոցիալական աշխատանքի եւ ՀՀ պետական տնտեսագիտական համալսարանի բնապահպանություն եւ բնօգտագործում մասնագիտությունների գծով ընդունելություն չի լինելու: Փոխարենը ԿԳՆ-ից փոխանցեցին, որ նոր մասնագիտության գծով է նախատեսվում ընդունելություն իրականացնել: Խոսքը թանգարանային գործ մասնագիտության մասին է, որը լինելու է Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում:
Սակայն ստեղծված իրավիճակը լուրջ մտահոգություններ է առաջացրել հատկապես կրթական ոլորտի մասնագետների մոտ: Նրանք համոզված են, որ ուսանողների նվազումը վատ հետեւանք է թողնելու կրթական համակարգի վրա, ինչի պատճառով բուհերը առաջիկայում կկանգնեն ֆինանսական մի շարք խնդիրների առաջ: Նշենք, որ այս տարի Հայաստանի պետական բուհերում շատ մասնագիտությունների գծով թափուր տեղեր են մնացել: Իսկ ահա 2018 թվականին դիմորդների թիվը եւս պակասելու է, որը կապված է շրջանավարտների քիչ թվի հետ: Իսկ ինչպես հայտնի է՝ դրա պատճառն արտագաղթն է:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԳՈՂԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ ոստիկանության Դիլիջանի բաժնի աշխատակիցները կարողացել են բացահայտել նոյեմբերի 17-ին Դիլիջան քաղաքի Օրջոնոկիձե փողոցում տեղի ունեցած բնակարանային գողության դեպքը: Բնակարանային գողը պատռել էր վերը նշված հասցեի բնակարանի պատուհանի պոլիեթիլենային թաղանթը, մուտք էր գործել բնակարան եւ այնտեղից գողացել 3 ոսկե մատանի, ոսկե շղթա եւ խաչ, ատամների ոսկե լիցքեր: Ոստիկանները բացահայտել են, որ նշված բնակարանային գողությունը կատարել է Դիլիջան քաղաքի բնակիչ, 1993թ. ծնված մի երիտասարդ: Վերջինս ձերբակալված է: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 1.1-ին մասով:

 

 

 

ԹԱԿԱՐԴ՝ ՎԱՐՈՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի նախաձեռնությամբ 2016թ. Իջեւանի շուկայի դիմաց՝ միջպետական ավտոճանապարհին, բետոնե արգելապատնեշներ են տեղադրվել, որոնք այդ հատվածում որոշ չափով կարգավորեցին երթեւեկությունը: Սակայն խնդիր մնաց դեպի շուկա եւ հակառակ ուղղությամբ հետիոտների անցումը: Անցորդները դանդաղ, մեկ առ մեկ անցնում են միջպետական ավտոճանապարհով՝ խոչընդոտելով մեքենաների երթեւեկը, խցանումների պատճառ դառնում: Բազմիցս «Ժողովուրդ» օրաթերթը Տավուշի մարզպետից հետաքրքրվել է, թե ինչու այդ հատվածում լուսացույց չի տեղադրվում, ինչին ի պատասխան՝ նա ասել է, թե տվյալ հատվածում նախատեսվում է հետիոտնի վերգետնյա կամ ստորգետնյա անցում կառուցել: Սակայն անցումն այդպես էլ չի կառուցվում, առանց լուսացույցի էլ անցորդները շարունակում են խանգարել միջպետական ավտոճանապարհով երթեւեկող տրանսպորտային միջոցներին: 2017թ. մայիսի 10-ին Իջեւան քաղաքի տասնյակ բնակիչներ, ի նշան բողոքի, Իջեւանի շուկայի մոտ փակել էին միջպետական ավտոճանապարհը: Նշված բետոնյա արգելապատնեշները հանելը ճանապարհ փակողների պահանջներից մեկն էր: Ընդամենը երկու օր առաջ էլ՝ նոյեմբերի լույս 27-ի գիշերը, ժամը 01:40-ի սահմաններում, «ՄԱՆ» մակնիշի վրացական պետհամարանիշներով բեռնատարը կցորդով Իջեւանի շուկայի դիմաց բախվել էր բետոնյա արգելապատնեշին եւ կողաշրջվել: Ճանապարհային ոստիկանության աշխատակից Սերժիկ Ղալթախչյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ ճանապարհի այդ հատվածում սահմանված է 40 կմ/ժամ առավելագույն արագություն: Ի դեպ, կողաշրջված մեքենան ապակե իրեր էր տեղափոխում, ընդհանուր 25 տոննա քաշով, այն բավական երկար ժամանակ շրջված վիճակում մնաց ճանապարհին, մինչեւ դեպքի վայր ժամանեցին մաքսային ծառայության աշխատողները եւ բացեցին կապարակնքված բեռնախցիկը, որից հետո բեռը տեղափոխվեց այլ բեռնատար ու հնարավոր եղավ ավտոմեքենան շրջել: Ի դեպ, մինչեւ արգելապատնեշը դրա գոյության մասին նախազգուշացնող որեւէ նշան տեղադրված չէ, այսինքն՝ տեղանքին անծանոթ եւ սահմանված 40 կմ/ժամ արագությունը չպահպանող վարորդների համար այն վերածվում է թակարդի:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս