ՎԻԶԱՅԻՆ ՌԵԺԻՄԻ ՄԱՍԻՆ ՀԱՋՈՐԴ ԴԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵՄ-ի հետ առեւտրային GSP+ ռեժիմից Հայաստանը վատ է օգտվում: Գործատուների միության նախագահ, տնտեսագետ Գագիկ Մակարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ GSP+ համակարգը հնարավորություն է տալիս մոտ 6400 անուն ապրանք Հայաստանից արտահանել ԵՄ զրոյական մաքսատուրքով, բայց այս համակարգից օգտվում է ընդամենը 60 ընկերություն:

-Պարո՛ն Մակարյան, ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումը ի՞նչ ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության եւ արդյունաբերության վրա:
-Համաձայնագիրը ինքը, չնայած շատերի համար քաղաքական է, անվանումը նախկինի` «Խոր, համապարփակ ազատ առեւտրի» նման չի հնչում, հիմա սա կոչվում է «Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիր», բայց իր հիմնական բաժինները, որոնք որ տնտեսությանն ուղղված են, մնում են ուժի մեջ: Օրինակ՝ կարեւոր բաժիններ են` ներմուծումը, արտահանումը, էլեկտրոնային, արտաքին առեւտուրը, ձեռնարկատիրության եւ արդյունաբերության, տնտեսության զարգացումը, դատական համակարգի կատարելագործում: Այսինքն՝ բոլոր հիմնական բաժինները կան, որոնք որ կարող են տնտեսությանը սպասարկել: Իմ կարծիքով՝ այս փաստաթուղթը շատ լավ կհամալրվի GSP+ համակարգով: Մեր դեպքում GSP+ համակարգը կշարունակի: Երկրորդը, որը ավելի եմ կարեւոր համարում, մինչեւ 5 տարվա ընթացքում Հայաստանի կառավարությունը պետք է օրենքները ներդաշնակեցնի եվրոպական օրենքներին: Ընդ որում, կարեւոր մի կետ կա` ԵԱՏՄ-ի մասով համաձայնագրի շրջանակներում գործելու են համաշխարհային առեւտրի կազմակերպության կանոնները: Ինչը նշանակում է, որ մենք այստեղ խնդիր չենք ունենա ԵԱՏՄ-ի հետ: Քանի որ ԵԱՏՄ մյուս երկրները վերջին հաշվով նույնպես սկսելու են համաշխարհային առեւտրի կազմակերպության օրենքներ ընդունել: Ռուսաստանը համարյա այս գործընթացն անցել է, Ղազախստանը ընթացքում է:
-Իսկ GSP+ համակարգը որքանո՞վ է Հայաստանում լիարժեք օգտագործվում:
-Շատ վատ է օգտագործվում, ոչ թե լիարժեք, այլ վատ: Քանի որ խոսքը ընդամենը 60 ընկերության մասին է, նորմալ ռեեստր չի վարվում Հայաստանում: Ցավոք, վիճակագրությունը այդ ոլորտում բավականին թերի վիճակում է: Իսկ այդ համակարգից 60 ընկերության օգտվելը շատ չնչին է: Այսօրվա մեր էկոնոմիկան երկու խնդիր ունի` մեր արտադրողականությունը քիչ է, եւ կա խնդիր միջազգային եվրոպական պահանջներով սերտիֆիկացման: Եւ քանի որ մենք չենք կարողանում ապահովել այդ կարեւորագույն երկու խնդիրների լուծումը, ե՛ւ քանակական, ե՛ւ որակական մրցունակությունը, այդ պատճառով մենք հաճախ GSP+-ից չենք օգտվում: Փոխարենը GSP+-ից օգտվում են ավելի շատ հանքարդյունաբերական որոշ ձեռնարկություններ:
-Պարո՛ն Մակարյան, հնարավո՞ր է, որ Հայաստանը համաձայնագրի ստորագրումից հետո խնդիրներ ունենա Ռուսաստանի նկատմամբ Արեւմուտքի պատժամիջոցների հետ կապված: Արդյո՞ք Հայաստանը դրա արդյունքում կտուժի, թե՞ ոչ:
-Կարող է տուժել: Ինքը ոչ թե կտուժի՝ կապելով ԵՄ համաձայնագրի հետ, այլ երբ Ռուսաստանի նկատմամբ սանկցիաները նորից խստանան ԱՄՆ-ի կամ Եվրամիության կողմից: Արդյունքում, եթե ՌԴ-ի էկոնոմիկայի աճի տեմպը դանդաղի կամ նորից ինչ-որ ֆորս մաժորներ լինեն, ապա դա Հայաստանի վրա անշուշտ կազդի մի քանի պարամետրով: Առաջինը, որ մեր արտահանողներն են շատ խիստ տուժում, որովհետեւ ՌԴ-ում միանգամից կարող է այդ տնտեսական վիճակը խառնվի, գնողունակությունը ընկնի, պայմանագրեր չկնքեն, այդ փորձը ունենք: Երկրորդը, որ կարող է տրանսֆերտների չափը պակասի՝ մեր հայ աշխատողները աշխատանքից դուրս թռնելու կամ քիչ վճարվելու հաշվին: Եւ երրորդը` եթե Ռուսաստանը վիրավոր գազանի պես դառնա, այսինքն՝ սանկցիաների տակ սկսի ճնշվել եւ ինչ-որ տրամադրություններ ունենալ դեպի Եվրոպան, ապա պետք է հույս ունենալ, որ քաղաքական իր տրամադրություններով չի ազդի Հայաստանի վրա:
-Վիզային ռեժիմի ազատականացումը, ըստ Ձեզ, մոտ ապագայում հնարավո՞ր է, թե՞ ոչ: Եթե այո, ապա այն ե՞րբ տեղի կունենա:
-Մենք դեռ 4-5 տարում մեր օրենքները պետք է ներդաշնակեցնենք եվրոպականին: Իմ կարծիքով՝ վիզային ռեժիմը դժվար թե 4 տարուց շուտ ազատականացվի Հայաստանի համար: Այսինքն՝ նրանք դեռ կսպասեն, մի 3-4 տարի բարեփոխումներ կատարենք, մոտեցնենք իրենց օրենքներին, եւ նոր իրենք ազատականացնեն: Մյուս երկրների օրինակով էլ է այդպես ստացվել: Նույնիսկ Բուլղարիայի, Ռումինիայի օրինակով է այսպես ստացվել: Այսինքն՝ Եվրոպան որքան էլ ցանկանա շտապել, ինքը դրանով նաեւ դրական իմաստով հարկադրում է, որպեսզի բարեփոխումները կատարվեն, ինքը չի շտապում գովերգել` միանգամից ռեժիմ տալով, որովհետեւ ինքը լավ հասկանում է դրա դրական եւ բացասական հետեւանքները: Դրա համար ինքը զգույշ կլինի այդ հարցում: Իմ կարծիքով՝ այդ մասին կխոսենք 4 տարի անց:

Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ

 

 

 

 

ՕՐԵՆՔ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Առաջիկայում մարզպետարանների եւ մարզպետների գործունեությունը կկարգավորվի հատուկ՝ «Տարածքային կառավարման մասին» օրենքով: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունը նոր՝ «Տարածքային կառավարման մասին» օրենքի նախագիծ է դրել շրջանառության մեջ:
Ներկայումս մարզպետարանների եւ մարզպետների, նրանց տեղակալների գործունեությունը կարգավորվում է ՀՀ նախագահի 1997 թվականի «Մարզերում պետական կառավարման մասին» ՆՀ-728 հրամանագրով: Վերը նշված օրենքով սահմանվում են մարզպետների, նրանց տեղակալների, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի, ստորաբաժինների ղեկավարների լիազորություններն ու պարտականությունները:
Սակայն ամենակարեւոր նորարարությունը կայանում է նրանում, որ նոր օրենքով սահմանվում է մարզային հիմնադրամ հասկացությունը: Ինչպես հայտնի է՝ ներկայումս էլ մարզպետարանները առանձին հիմնադրամներ ունեն, բայց դրանք ոչ պաշտոնական բնույթ են կրում, այդ հիմնադրամներում միջոցները հավաքագրվում են ռեկետի սկզբունքով, այսինքն՝ անհատները եւ իրավաբանական անձինք այդ հիմնադրամներին գումարները փոխանցում են՝ մարզպետարանի հետ կապված իրենց գործերը «առաջ գցելու» համար: Ավելին՝ մարզային զարգացման հիմնադրամների միջոցները ներկայումս ծախսվում են բացառապես մարզպետների հայեցողությամբ: Վերջիններս էլ, որպես կանոն, այդ հիմնադրամների գումարներով իրականացված ծրագրերը ներկայացնում են իբրեւ մարզպետի կողմից բարեգործություն:
«Տարածքային կառավարման մասին» օրենքով մարզային հիմնադրամի հիմնադիրը ՀՀ կառավարությունն է: Հիմնադրամի միջոցների անմիջական կառավարումն իրականացնում է տնօրենը, որին նշանակում եւ ազատում է հիմնադրամի կառավարման խորհուրդը՝ մարզպետի առաջարկությամբ: Ավելին՝ մարզպետը պարտավոր է տնօրենի թեկնածությունը, մինչեւ խորհրդին ներկայացնելը, համաձայնեցնել ՀՀ վարչապետի հետ: Հիմնադրամների խորհուրդների կազմում ընդգրկվում են մարզպետները, համայնքների ղեկավարները, մարզային հիմնադրամների տնօրենները եւ կառավարության երեք ներկայացուցիչներ։ Մարզպետարանների հիմնադրամների միջոցների ծախսման գործընթացը փաստացի գտնվելու է ՀՀ վարչապետի անձնական հսկողության ներքո: Կարելի է ենթադրել, որ մարզային զարգացման հիմնադրամների միջոցները մարզպետների կողմից ինքնուրույն տիրապետելու գործելավորճը Հայաստանի բարձրագույն ղեկավարության սրտով էլ չէ:
Ինչեւէ: Հայաստանի իշխանությունները նոր օրենքը նախատեսում են կիրառության մեջ դնել 2019 թվականի հունվարի 1-ից:

Վ. Հ.




Լրահոս