Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը բյուջեի միջոցները վատնելու հարցում հավասար մրցակից գրեթե չունի: Դրանում համոզվելու համար բավական է հետեւել քաղաքապետարանի ծախսերին, եւ պատկերը պարզ կդառնա:
Քաղաքապետարանի գնած միլիոնավոր դրամների կոնյակների, հուշանվերների եւ, ընդհանրապես, ներկայացուցչական ծախսերի մասին գրելու առիթներ «Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս է ունեցել: Բայց ամեն ինչ դրանով չի սահմանափակվում: Երեւանի քաղաքապետարանը բավական մեծ միջոցներ է մսխում նաեւ զանազան միջոցառումների կազմակերպման ու անցկացման համար, ընդ որում, այդ ծախսերի մի մասն արվում է տեղական բյուջեի միջոցներով, մյուս մասը` Երեւանի հիմնադրամից. հիմնադրամ, որ համարվում է քաղաքապետարանի «սեւ դրամարկղը»:
Խոսքը միայն «Էրեբունի-Երեւան» միջոցառման մասին չէ, որի համար 2017թ. ծախսվել էր 80 մլն դրամ (մոտ 165 հազար դոլար): «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ 2016թ. քաղաքապետարանն այդ միջոցառումների համար ծախսել է 60 մլն դրամ, 2015թ. 65 մլն դրամ, 2014թ.` 90 մլն դրամ, 2013թ. 120 մլն դրամ եւ, վերջապես, 2012թ. 130 մլն դրամ:
Այս ամենից բացի` Երեւանի քաղաքապետարանն ամեն տարի զանազան փառատոներ է անցկացնում, եւ կրկին ահռելի միջոցներ նաեւ այդ ուղղությամբ ծախսում: «Ժողովուրդ» օրաթերթը դեռ հոկտեմբերին այդ փառատոների ծախսերի մասին հարցում էր ուղարկել Երեւանի քաղաքապետարան: Մեկ ու կես ամիս տեւած քաշքշուկից հետո քաղաքապետարանից ի վերջո պատասխանել են հարցմանը, այն էլ թերի:
Ըստ այդմ, քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի բաժինը 2012 թվականից հիմնել է զբոսաշրջային բաղադրիչ պարունակող մի շարք փառատոներ: Դրանք են` «Համով-հոտով Երեւան» տոնածիսական ուտեստների փառատոնը՝ «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման» ՀԿ-ի հետ համատեղ, «Երևան ՏԱՐԱԶ ֆեստ» փառատոնը՝ «Տերյան» մշակութային կենտրոնի հետ համատեղ, եւ Երեւանի Գարեջրի փառատոնը՝ գարեջուր արտադրող գործարանների եւ գարեջրատների հետ: Քաղաքապետարանի տեղեկացմամբ` «Երեւանյան ամառ» եռամսյա ծրագրի շրջանակում կազմակերպվել է նաեւ «Ձմերուկի» փառատոնը: Եւ միայն այդ փառատոների կազմակերպման եւ անցկացման նպատակով Երեւանի քաղաքապետարանը 2016թ. համայնքային բյուջեից հատկացրել է 21 մլն ՀՀ դրամ (մոտ 43 հազար դոլար), իսկ 2017թ.՝ 16 մլն ՀՀ դրամ (մոտ 33 հազար դոլար):
«Միաժամանակ հայտնում ենք, որ 2017 թվականի ընթացքում մի շարք կազմակերպությունների եւ ՀԿ-ների նախաձեռնությամբ Երեւանում անցկացվել են բազմաթիվ միջոցառումներ եւ փառատոներ: 2017թ. Երեւանի քաղաքապետարանը որպես գործընկեր աջակցել է «Երեւանի գինու օրեր» միջոցառմանը, «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնին, «Հայֆեստ» միջազգային թատերական փառատոնին, «Երեւանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնին, «ՌեԱնիմանիա» փառատոնին, «Երեւան ֆուդ ֆեստ»-ին, գյուղական կյանքի եւ ավանդույթների փառատոնին, Ջազի հայկական ասոցիացիայի կողմից անցկացվող «Երեւան ջազ ֆեստ»-ին, Օդագնացության միջազգային փառատոնին, Սուրճի եւ թեյի փառատոնին»,- ասված է քաղաքապետարանի պատասխանի մեջ:
Թե քաղաքապետարանը որպես գործընկեր այս փառատոների աջակցության համար որքան գումար է տրամադրել, հարցման պատասխանի մեջ չեն մանրամասնել:
Քաղաքապետարանը չի մանրամասնել նաեւ, թե 2016թ. 21 մլն դրամը, իսկ այս տարվա 17 մլն դրամը կոնկրետ ի՞նչ ծրագրերի վրա են ծախսվել, կոնկրետ ինչե՞ր են ձեռք բերել, որքա՞ն գումարով, ո՞ւմ եւ ինչի՞ համար են վարձատրել, ու այսպես շարունակ: Հասկանում ենք` այդքան մանրամասներ հրապարակելը նշանակում է ինքնախոստովանական ցուցմունքներ տալ ատկատի եւ բյուջեի միջոցների վատնման մասին: Ի դեպ, նկատենք, որ փառատոնի բոլոր մասնակիցները որոշակի գումար են վճարում տաղավարների եւ այլ ծախսերի համար։
Այս ֆոնին, հիշեցնենք, որ Հայաստանում աղքատությունը պաշտոնապես 29.4 տոկոս է, այսինքն` տասը բնակչից երեքը համարվում են աղքատ: Իսկ միայն Երեւանում աղքատության ցուցանիշը 24.9 տոկոս է, շատ աղքատներինը` 7.8 տոկոս, իսկ ծայրահեղ աղքատներինը` 1.1 տոկոս: Բայց, դե, չնայած այս ցուցանիշներին, քաղաքապետարանի «քեֆին քեֆ չի հասնում», ու նրանք անարգել զվարճանում են:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ