Սերժ Սարգսյանի պաշտոնավարման այս տարիների ընթացքում ժողովրդի կենսամակարդակը ոչ միայն չի բարելավվել, այլ ընդհակառակը՝ աղքատության մակարդակը շարունակում է գերազանցել 2008թ. ցուցանիշը:
Եթե հիշում եք՝ 2008թ. նախագահական ընտրություններին ներկայացրած նախընտրական ծրագրում Սերժ Սարգսյանը խոստացել էր ոչ միայն նվազեցնել, այլեւ վերացնել աղքատության մակարդակը: «Հայաստանում, որին մենք ձգտում ենք, չեն լինելու աղքատներ,- խոստացել էր նա ու շարունակել,- մենք անելու ենք ամեն ինչը, որպեսզի Հայաստանում վերջնականապես հաղթահարվեն գործազրկությունն ու աղքատությունը, որպեսզի օր առաջ բարելավվի հասարակ մարդու կյանքը, որպեսզի մեր երկիրը դառնա ավելի անվտանգ, որպեսզի մենք ապրենք ուժեղ ժողովրդավարական պետությունում եւ ունենանք արդար հասարակություն»: Իսկ 2013թ. նախընտրական ծրագրում նա խոստացել էր. «Մենք վերանայել ենք մեր մոտեցումն աղքատության հաղթահարման խնդրի նկատմամբ. սոսկ նպաստներով եւ սոցվճարներով այս խնդիրը չի լուծվի, մենք պետք է վերացնենք աղքատությունը ծնող պատճառները: Յուրաքանչյուր ընտանիք պետք է կարողանա աշխատանքով ապահովել իր բարվոք կենցաղը»: Հայաստանում աղքատության կրճատելու խոստումներ տվել էր նաեւ իշխող ՀՀԿ-ն՝ ԱԺ ընտրություններին ներկայացրած նախընտրական ծրագրերում: Բայց այս ընթացքում ե՛ւ Սերժ Սարգսյանի, ե՛ւ ՀՀԿ-ի խոստումները մնացին օդում կախված: Ավելին՝ իրավիճակն այս տարիներին ավելի է սրվել, եւ հիմա պաշտոնապես աղքատ է համարվում ամեն տասը բնակչից երեքը:
2016թ. Հայաստանում աղքատությունը կազմել է 29.4 տոկոս: 2015թ. համեմատ այս ցուցանիշը բարելավվել է 0.4 տոկոսով, սակայն, ինչպես նշված է ԱՎԾ երեկ հրապարակած «Հայաստանի սոցիալական պատկերը եւ աղքատությունը 2017» զեկույցում, «2016թ.-ին, ինչպես եւ նախորդ յոթ տարիների ընթացքում, Հայաստանում աղքատության մակարդակը դեռ գերազանցել է 2008թ.-ի աղքատության մակարդակը 1.8 տոկոսային կետով (27.6%)»: 2008թ. համեմատ շարունակում է բարձր մնալ նաեւ ծայրահեղ աղքատության ցուցանիշը. 2016թ. այն կազմել է 1.8 տոկոս, մինչդեռ 2008թ. ծայրահեղ աղքատությունը 1.6 տոկոս էր: «2016թ.-ին աղքատների ընդհանուր թվաքանակը կազմել է մոտ 880 հազար մարդ (մշտական բնակչության ցուցանիշի հաշվով), նրանցից շատ աղքատների թվաքանակը (ներառյալ ծայրահեղ աղքատները)` մոտ 295 հազար, իսկ վերջիններից ծայրահեղ աղքատների թվաքանակը` մոտ 54 հազար մարդ»,- նշված է ԱՎԾ զեկույցում: Որպես աղքատության պատճառ ԱՎԾ-ն նշել է 2009թ. համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը: «2008-2016թթ.-ին Հայաստանում աղքատության մակարդակի աճը պայմանավորող առավել կարեւոր գործոնը 2009թ.-ի տնտեսության խոր անկումն էր»,- ասված է այնտեղ:
ԱՎԾ ուսումնասիրությունների համաձայն՝ Հայաստանում աղքատ է համարվում այն մարդը, որի ամսական սպառումը եղել է մինչեւ 40 հազար 867 դրամ (85.1 դոլար), իսկ ծայրահեղ աղքատների դեպքում՝ 23 հազար 313 դրամը (48.5 դոլար): Համաձայնեք, այս չափանիշները բավական մեղմ են, իրականում աղքատության վերին շեմը պետք է շատ ավելի բարձր լիներ, մոտավորապես՝ 45-50 հազար դրամ. ամսական նույնիսկ այդքան գումար ծախսելով՝ դժվար է գոյատեւելը. ի վերջո, նվազագույն սպառողական զամբյուղի ամսական արժեքը մեկ շնչի հաշվով 43.9 հազար դրամ է, մեկ մեծահասակի հաշվով՝ 48.9 հազար դրամ: Բայց մեթոդաբանության փոփոխության դեպքում կպարզվեր, որ Հայաստանում աղքատ է բնակչության կեսից ավելին:
Նշենք նաեւ, որ արդեն տեւական ժամանակ է՝ ամենաաղքատը համարվում է Շիրակի մարզը՝ 45.5 տոկոս, իսկ ծայրահեղ աղքատ է 3,7 տոկոսը (հուսանք՝ վարչապետ Կարեն Կարապետյանը, որ մի առիթով այցելել էր Գյումրի եւ մարդկանց հարցրել՝ ինչո՞ւ եք դիլխոր, հասկացավ պատասխանը): Երկրորդ տեղում է Լոռու մարզը. այստեղ աղքատ է բնակչության 35,8 տոկոսը, ծայրահեղ աղքատ՝ 2,7 տոկոսը: Երրորդ տեղում Կոտայքի մարզն է. աղքատությունն այստեղ 35,4 տոկոս է, իսկ ծայրահեղ աղքատությունը՝ 1,3 տոկոս: Այնուհետեւ հաջորդում են Տավուշի մարզը. աղքատությունը 33,8 տոկոս է, իսկ ծայրահեղ աղքատությունը՝ 1,9 տոկոս: Արմավիրում աղքատությունը 30 տոկոս է, ծայրահեղ աղքատությունը՝ 1,5 տոկոս: Գեղարքունիքում աղքատ է բնակչության 28,8 տոկոսը, որից 1 տոկոսը ծայրահեղ աղքատներն են: Արարատում աղքատությունը կազմել է 26,9 տոկոս, իսկ ծայրահեղ աղքատների թիվը՝ 1 տոկոս: Սյունիքում աղքատության ցուցանիշը 24,2 տոկոս է, ծայրահեղ աղքատների թիվը՝ 1,1 տոկոս, Վայոց ձորում 18,8 տոկոսն աղքատ է, որից 1,2 տոկոսը՝ ծայրահեղ աղքատ: Մարզերից ամենալավ վիճակում Արագածոտնի բնակիչներն են. այստեղ աղքատ է բնակչության 15,7 տոկոսը, որից ծայրահեղ աղքատ՝ 0,6 տոկոսը: Ինչ վերաբերում է մայրաքաղաքին, ապա այստեղ աղքատությունը 24,9 տոկոս է կազմում, որից 1,9 տոկոսը ծայրահեղ աղքատներն են:
Համաձայնեք, պատկերը ողբերգական է: Եւ այս ամենն իմանալու համար նույնիսկ պաշտոնական վիճակագրությունն ուսումնասիրելու կարիք չկա: Բավական է լինել որեւէ մարզում, գյուղական բնակավայրերում, եւ կհամոզվեք. աղքատությունը շատ ավելի խորն է, քան երեւում է պաշտոնական տվյալներից:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ
ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ ԵՆ
ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակիցները այս ընթացքում զբաղված են նոր շենք տեղափոխվելով: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը արձանագրեց, թե ինչպես են նախարարության հին շենքից գույքը տեղափոխում նոր շենք: Նախարարության մամուլի պատասխանատու Անահիտ Առաքելյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ գույքի մեծ մասն արդեն տեղափոխվել է, մնացել է տեխնիկական մասը: Նշենք, որ նախարարությունը կտեղափոխվի Վազգեն Սարգսյան 3/3 հասցեում՝ ԱԳՆ-ի, սփյուռքի նախարարության եւ գիտության պետական կոմիտեի հարեւանությամբ: Ի դեպ, նախարարության նոր շենքը կառուցել է «Salsa Development» ընկերությունը, որը պատկանում է արգենտինահայ միլիարդատեր Էդուարդու Էռնեկյանին: Նրա մեկ այլ ընկերություն՝ «Tango»-ն, կառուցել էր ԱԳՆ-ի եւ սփյուռքի նախարարության շենքերը: Իսկ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության հին շենքը վաճառքի է հանված, սակայն այդպես էլ գնորդ չի գտնում:
ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԽԱՉԻԿՅԱՆԸ
ՀՀ գլխավոր դատախազության եւ սոցիալական ապահովության հիմնադրամի նախկին նախագահ Վազգեն Խաչիկյանի դատական վեճը ձախողման եզրին է: Ինչպես հայտնի է՝ սեպտեմբերին Սերժ Սարգսյանը պատիժը կրճատելու տեսքով ներում էր շնորհել պետբյուջեից ավելի քան 290 միլիոն դրամ յուրացնելու համար 12 տարվա ազատազրկման դատապարտված, սակայն կալանավայրում 5 տարի անցկացրած Վազգեն Խաչիկյանին: Այդ ընթացքում էլ դատախազությունը դիմել էր դատարան՝ պահանջելով ընդհանուր սեփականությունից առանձնացնել Խաչիկյանի բաժնեմասն ու այն վաճառել՝ փոխհատուցելու համար հափշտակված 290 մլն դրամի մի մասը: Եւ ահա, «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում այս գործով դատական նիստերը մեկը մյուսի հետեւից տարբեր պատճառներով հետաձգվում են: Մի դեպքում՝ գործի քննությունը հետաձգվել է դատարանի հարցման պատասխանը դեռեւս ներկայացված չլինելու պատճառով, մյուս դեպքում՝ գործի քննությունը հետաձգվել է երրորդ անձ ներգրավելու կապակցությամբ, իսկ ահա երրորդ դատական նիստը չի կայացել կողմի միջնորդությամբ:
Ի վերջո, մայիս ամսից մինչ օրս նշանակված է եղել 4 դատական նիստ, որից երեքը չի կայացել:
ՄԵԿՆՈՒՄ Է ՎԻԵՆՆԱ
Այսօր ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Վիեննա՝ մասնակցելու դեկտեմբերի 7-8-ը կայանալիք Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության մասնակից պետությունների արտգործնախարարների խորհրդի 24-րդ նիստին: ԵԱՀԿ նախարարական խորհրդի շրջանակներում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հանդիպումներ կունենա մի շարք երկրների իր գործընկերների հետ: Վիեննայում նախարար Նալբանդյանը հանդիպում կունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Նախատեսված է նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամադյարովի հանդիպումը: Դեկտեմբերի 9-ին Վիեննայում Էդվարդ Նալբանդյանը կանցկացնի եվրոպական երկրներում եւ Եվրոպայում տեղակայված միջազգային կազմակերպություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների խորհրդակցությունը:
ԱԶԱՏԵԼ ԵՆ
Ուկրաինայի իշխանությունները ձերբակալել են Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիին: Ազգային անվտանգության ծառայությունը եւ դատախազությունը խուզարկել են «Նոր ուժերի շարժման» առաջնորդի՝ Կիեւում գտնվող բնակարանը, թե ինչ հիմքով, իրավապահները դեռ չեն պարզաբանում: Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ խուզարկության ժամանակ Սաակաշվիլին գտնվել է 8 հարկանի շենքի տանիքում, որտեղից անվտանգության ուժերը նրան բռնի ուժով իջեցրել ու նստեցրել են մեքենան: Մ. Սաակաշվիլիի կողմնակիցներն ուժով նրան ազատել են միկրոավտոբուսից, որտեղ քաղաքական գործչին պահում էին ուժայինները: Մարդիկ շրջապատել են միկրոավտոբուսից դուրս բերված քաղաքական գործչին եւ նրան հեռացրել ուժայիններից: Հիշեցնենք, որ երկու օր առաջ Սաակաշվիլին աջակիցների հետ զանգվածային բողոքի ցույց էր կազմակերպել Կիեւում՝ պահանջելով Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի հրաժարականը:
ՆՈՒՅՆԸ
Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը Երեւանի քաղաքապետարանի՝ այս տարվա ամանորյա միջոցառումների ծախսերում շռայլություններ չի տեսնում: Խաժակյանի փոխանցմամբ՝ առանձնահատուկ բան այս անգամ չկա: «Ամանորյա միջոցառումները նախատեսված են բյուջեի տոնական ձեւավորումների շրջանականերում, եւ այդ բյուջեն տարիներ շարունակ կազմել է շուրջ 40 միլիոն դրամ, որի մեջ ներառված են նաեւ եղել մնացած տոնական միջոցառումները, եւ ոչ մի առանձնահատուկ բան այս անգամ չկա»,- նշել է Խաժակյանը: