Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո հայտնի դարձավ, որ ՀՀ պաշտպանության բանակի զորամասերից ռազմամթերքների անհետացման դեպքեր են եղել, ինչի արդյունքում Արցախի դատախազությունում հարուցվել էր քրեական գործ: Եւ հիմա՝ ավելի քան մեկուկես տարի անց, «Ժողովուրդ» օրաթերթին զենքերի անհետացման գործով նոր մանրամասներ են հայտնի դառնում:
Այսպես՝ 2016 թվականի երկրորդ կեսին, երբ ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակիցների մի մասը զորացրվում էր, «Ժողովուրդ» օրաթերթը նրանց ծնողներից ահազանգեր էր ստանում այն մասին, որ պաշտպանության բանակում ծառայություն իրականացնող ժամկետային զինծառայողներն իրավական խնդիրների առաջ են հայտնվել: Ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին, խառնաշփոթի ընթացքում զինվորներից մի քանիսի զենքերը անհետացել էին:
Արդյունքում Արցախի իրավապահների առջեւ խնդիր էր դրվել պարզել, թե ուր է անհետացել բանակին պատկանող զենք-զինամթերքը: Փաստացի, բոլոր այն զինվորները, որոնց ծառայության ժամկետը լրացած է եղել, բայց նրանց ամրացված զենքերն անհետացած են եղել, զորացրվել են միայն իրավապահների հետ հարաբերությունները հստակեցնելուց հետո: Զինվորների մեծ մասը, ում մոտ նման խնդիր է եղել, չի հիշել, թե ինչ պայմաններում են զենքը կորցրել:
Բացի այդ՝ եղել էին նաեւ դեպքեր, երբ կորել էր քառօրյա պատերազմի օրերին որպես կամավորականներ առաջնագիծ մեկնած ջոկատների անդամներին ամրակցված զենք-զինամթերքը: Իհարկե, բազմաթիվ դեպքեր են եղել, երբ հենց ջոկատի անդամները նկատել են, որ ինչ-որ մեկը զինամթերք է թաքցրել՝ հետը տուն տանելու նպատակով, եւ տեղում կանխել ու թույլ չեն տվել, որ գողություն տեղի ունենա:
Բայց եղել են նաեւ դեպքեր, որ ժամանակին հնարավոր չի եղել ռազմամթերքի գողությունը կանխել, եւ այդ փաստն ի հայտ է գալիս մեկ տարի անց: Մասնավորապես «Ժողովուրդ» օրաթերթին նման մի դեպքի մանրամասներ հայտնի դարձան: Երեւանի բնակիչ Լեւոն Գեւորգյանը 2016 թվականի ապրիլի 10-ից 2016 թվականի մայիսի 19-ն ընկած ժամանակահատվածում՝ Արցախի Հանրապետության պաշտպանական գործողությունների ընթացքում, գտնվել է Քարվաճառի շրջանում ուսումնական նպատակով ժամանակավոր ստեղծված լեռնադաշտավայրային հրաձգարանում: Մեկ տարի անց նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ Քարվաճառի շրջանում ուսումնական նպատակով ժամանակավոր ստեղծված լեռնադաշտավայրային հրաձգարանից ապօրինի ձեռք է բերել եւ Մասիս քաղաքի 2-րդ թաղամասի 3-րդ փողոցի 17-րդ տուն է փոխանցել ռազմամթերք՝ 176 հատ գործարանային արտադրության մարտական փամփուշտ:
Ըստ էության, իրավապահները քննությունը սկսել են այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ հրաձգարանից ռազմամթերք է անհետացել: Արդյունքում հարցաքննել են այդ շրջանում հրաձգարանում եղած անձանց: Իսկ որոշ դեպքերում նաեւ խուզարկել վերը նշված ժամանակահատվածում Քարվաճառում ստեղծված ուսումնական լեռնադաշտավայրային հրաձգարանում եղած կամավորականների բնակարանները:
Արդյունքում, դեպքից մեկ տարի երեք ամիս անց՝ 2017 թվականի օգոստոսի 2-ին, իրավապահները Լեւոն Գեւորգյանի բնակարանում հայտնաբերել են անհետացած ռազմամթերքը:
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի առաջին մասի հատկանիշներով՝ ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք, փամփուշտներ, պայթուցիկ նյութեր փոխադրելը կամ կրելը: ՀՀ ՔՕ նշված հոդվածը որպես պատիժ նախատեսում է մինչեւ երեք ամիս կալանք կամ ազատազրկում՝ առավելագույնը երեք տարի ժամկետով: Լեւոն Գեւորգյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բնակության վայրից չհեռանալու ստորագրությունը:
Ի դեպ, բացառված չէ, որ քառօրյա պատերազմի օրերին անհետացած զենք-զինամթերը նաեւ ինչ-ինչ քրեական գործերի շրջանակներում ի հայտ գա, բայց այդ փաստը քրեական գործի նյութերում չարտացոլվի՝ մեղադրյալի զենքի անհետացման հետ անմիջական կապ չունենալու հիմնավորմամբ:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՄՆԱՑ ԿԱԼԱՆՔԻ ՏԱԿ
ՀՀ վերաքննիչ դատարանը մերժել է ՀՀ Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախկին դատավոր Լեւոն Արազյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը: Միջնորդությունը ներկայացրել է նախկին դատավորի պաշտպան Հովիկ Սուքիասյանը: Ներկայումս ՀՀ Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում ընթանում է Լեւոն Արազյանի դատավարությունը: Նա մեղադրվում է կաշառք վերցնելու մեջ: Նախկին դատավորն իր միջնորդությունը նախ ներկայացրել էր առաջին ատյանի դատարան եւ մերժում ստանալուց հետո վերաքննիչ բողոք ներկայացրել: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Տիգրան Սահակյանն էլ վերաքննիչ բողոքը քննելուց հետո որոշել է. «Ամբաստանյալ Լեւոն Արազյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու մասին պաշտպանի միջնորդությունը մերժել»:
Ի դեպ, վերաքննիչ դատարանի որոշումը պաշտպանը կարող է բողոքարկել ՀՀ վճռաբեկ դատարան: Սակայն նման բողոքարկումները, որպես կանոն, երբեւէ արդյունք չեն տալիս:
ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՀԱՇՏՎԵԼ
Հուլիսի 30-ին Սեւանի «Միրաժ» հանգստյան գոտում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ հարուցված գործով նոր զարգացումներ են տեղի ունեցել: Ինչպես հայտնի է՝ վերոնշյալ հանգստյան գոտում վերը նշված օրը Սեւան քաղաքի բնակիչ Աշոտ Հովհաննիսյանը վիճել էր Արգավանդ համայնքի բնակիչների հետ, ինչի արդյունքում Աշոտ Հովհաննիսյանը մահացու վնասվածքներ էր ստացել: Ավելի ուշ սպանվածի որդին՝ Էդգար Հովհաննիսյանը, իմանալով հոր հետ կատարվածի մասին, որոշել էր վրեժխնդիր լինել եւ Երեւան-Սեւան ճանապարհին սպանել է հոր հետ վիճած Դավիթ Առաքելյանին: 36-ամյա Էդգար Հովհաննիսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ (սպանություն) հատկանիշներով, եւ նա կալանավորվել էր:
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ այս գործով քննիչին վարույթից հեռացրել են եւ քրեական գործի նյութերը տվել են մեկ այլ քննիչի՝ քննությունը շարունակելու համար: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ պատճառը եղել է այն, որ քննիչի գործողությունների հետ կապված դժգոհություններ են եղել:
Ի դեպ, հուլիսի 30-ի միջադեպի հետ կապված վիճող երկու կողմերն էլ ներկայումս մեղադրյալի կարգավիճակում են: Սեւանում տարածված լուրերի համաձայն՝ նրանք փորձում են հաշտության եզրեր գտնել:
ՄԵՂԱԴՐԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Դատավոր Արտուշ Գաբրիելյանի վարույթում գտնվող «Սասնա ծռեր» զինված խմբի գործով 11 ամբաստանյալների դատավարության ժամանակ մեղադրող դատախազը հրապարակել է ամբաստանյալ Արմեն Լաբարյանի եւ մյուսների գործով մեղադրական եզրակացությունը: Հիշեցնենք, այս վարույթով անցնում են «Սասնա ծռերի» 7 անդամներ, զինված խմբին օժանդակելու մեջ մեղադրվող անձանցից Կարո Եղնուկյանն ու Խաչատուր Գիչյանը, ինչպես նաեւ Մանվել Աթոյանն ու Վարդգես Գեւորգյանը, ովքեր, ըստ մեղադրանքի, փորձել են միանալ ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը գրաված զինված խմբին, բայց իրենց կամքից անկախ պատճառներով հանցագործությունը չեն կարողացել ավարտին հասցնել: Այս գործերով անցնողների հիմնական մասը մեղադրվում է ապօրինի զենք ձեռք բերելու, դրա գործադրմամբ շենք գրավելու, գույք փչացնելու, պատանդներ պահելու, նրանց ազատելու պայմանով պետությանը գործողություններ հարկադրելու մեջ: Նշենք նաեւ, որ Ժիրայր Սէֆիլյանի գործով անցնող Արթուր Մովսիսյանը դատապարտվել է երեք տարվա ազատազրկման, մեղադրող դատախազը պահանջել էր 4 տարվա ազատազրկում: Ըստ մեղադրական եզրակացության՝ ռազմական նշանակության շենք-շինություններ զավթելու նպատակով Արթուր Մովսիսյանն իր բնակարանում թաքցրել է հրազեն ու ռազմամթերք՝ այն փոխանցելով ժիրայր Սէֆիլյանի կողմից ստեղծված զինված խմբի մյուս անդամներին: Ինքը՝ Մովսիսյանը, պնդում է, որ Սէֆիլյանին չի ճանաչում:
ԼՔԵԼ ԵՆ ԴԱՀԼԻՃԸ
Շարունակվում է դատավոր Արթուր Օհանյանի վարույթում գտնվող «Սասնա ծռեր»-ի գործով Արամ Մանուկյանի եւ մյուսների դատավարությունը: Մեղադրող դատախազը շարունակում էր մեղադրական եզրակացության հրապարակումը, երբ ամբաստանյալները հայտարարել են, որ չեն ցանկանում լսել մեղադրանքը եւ ուզում են լքել նիստերի դահլիճը: «Մենք չենք ուզում մնալ եւ լսել նույն կեղծ մեղադրանքները: Մենք հանցագործ չենք, ինչպես ներկայացվում է, եւ պետության դեմ այստեղ որեւէ մեկը գործ չի կատարել»,-հայտարարել է ամբաստանյալներից Արամ Հակոբյանը: Փաստաբաններն իրենց համաձայնությունն են հայտնել ամբաստանյալների որոշմանը: Չնայած մեղադրող դատախազի առարկություններին՝ նիստը նախագահող դատավորը բավարարել է ամբաստանյալների միջնորդությունը եւ թույլատրել նրանց լքել նիստը: «Եթե դուք ուզում եք գնալ մինչեւ եզրափակիչ մասը չլսելը, ես բավարարում եմ ձեր միջնորդությունը»,-հայտարարել է Ա. Օհանյանը:
ԱՆԴԱՄԱՀԱՏԵԼ Է ԴԱՍՏԱԿՆԵՐԸ
Երեկ ոստիկանության Վաղարշապատի բաժին է ներկայացել 1946թ. ծնված Սլավիկ Մ.-ն եւ հայտնել, որ Էջմիածին քաղաքի Շրջանային փողոցում գտնվող ավտոտեխսպասարկման կենտրոնի հետնամասում մարդ է սպանել: Պարզվել է, որ դեկտեմբերի 5-ին Սլավիկ Մ.-ն գումարային հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, խոհանոցային դանակով մահացու վնասվածքներ հասցնելով, սպանել է 1952թ. ծնված Խորեն Սարգսյանին, ապա կացնով անդամահատել է դաստակները: Հանգամանքները պարզվում են: Նշանակվել է ԴԲՓ: Սլավիկ Մ.-ն ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն: