Հանքարդյունաբերության ոլորտում բարձիթողի վիճակ է. անգործության են մատնված

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը ընթացիկ տարվա ապրիլի 21-ի համարում անդրադարձել է Հայաստանում գործող հանքային արդյունաբերությանը:

Մասնավորապես փորձել էինք հասկանալ` ինչ գործունեություն են ծավալում օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության իրավունք ստացած մի քանի ընկերություններ, եւ թե պետական լիազոր մարմինները որքանով են հետեւողական այդ ամենին: ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության կայքից պատահականության սկզբունքով ընտրել էինք մի քանի ընկերություններ, որոնք ստացել են վերը նշված հանքային իրավունքը, ապա սկսեցինք իրականացնել լրագրողական հետաքննություն:

Արդյունքում պարզվեց, որ ընտրված ընկերությունները ստանձնած պարտավորությունները չեն իրականացնում, ավելի ստույգ` անգործության են մատնված:

Այսպես` առաջին ընկերության` «Պոլիմետ կորպորացիա» հայ-կանադական ՀՁ ՍՊ ընկերության ժամկետի ավարտով պայմանավորված` հարցում կատարեցինք ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությանը:

Պատասխան նամակով տեղեկացանք, որ ընկերությանը տրամադրված հանքային իրավունքի ժամկետները չեն երկարաձգվել, եւ ավելին` ընդերքաբանական փորձաքննության չեն ենթարկել ընկերության կողմից ներկայացրած 2012-2017թթ. իբրեւ կատարված աշխատանքների հաշվետվությունը:

Եվ ահա, ամիսներ անց կրկին փորձեցինք նախարարությունից տեղեկանալ` «Պոլիմետ կորպորացիա-հայ-կանադական» ՀՁ ընկերությունը ներկայումս ունի՞, արդյոք, օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության իրավունք, քանի որ, ըստ նախարարության տեղեկատվության, թույլտվության ժամկետն ավարտվել է 11.06.2017թ:

Ինչպես նաեւ խնդրել էինք տրամադրել տեղեկատվութուն, թե արդյո՞ք ընկերությունը սահմանված կարգով դիմել է պայմանագրի ժամկետի երկարացման խնդրով, թե՞ ոչ եւ եթե դիմել է, ապա լիազոր մարմինը օրենքով սահմանված կարգով ի՞նչ գործողություններ պետք է իրականացնի:

Եվ պարզվեց, որ ընկերությունը մեր հարցումներից հետո եւս չի գործել, ավելին` նախկինում բազմաթիվ վնասներ է տվել տեղի բնակիչներին` աշխատեցնելով եւ չվճարելով աշխատակիցների աշխատավարձերը, որի մասին մենք արդեն հրապարակել ենք:

Այսպիսով` ընկերությունը ոչ միայն չի աշխատել, այլեւ խախտել է աշխատանքների ծավալները եւ ժամկետները:

Եվ այստեղ հարց է առաջանում` ինչո՞ւ է կառավարությունը թույլտվություն տրամադրում ծանոթ-բարեկամ սկզբունքով` չտիրապետելով` այս ընկերություններն արդյո՞ք ունեն նման պոտենցիալ` իրականացնելու պատշաճ գործունեություն, թե՞ ոչ: Գուցե այս ընկերությունների նպատակն այն է, որ ստանան հանքային իրավունք եւ այն վաճառեն մեկ այլ ընկերության ու մեծ շահույթներ ստանան:

Պետությունից ստանում են հանքային իրավունքի փաստաթղթերը, չեն իրականացնում ստանձնած աշխատանքները, չեն պատժվում այդ արարքի համար, ներդրող մեկ այլ ընկերությանը խոչընդոտում են` ներդրում կատարելու համար, քանի որ այդ հանքավայրերի տեղամասերը պատկանում են ոչ բարեխիղճ ընկերություններին, ինչպիսիք են սրանք:

Այս ամենից պարզ է դառնում, որ մեր պետության քաղաքականությունը իր կարեւորագույն եւ բարդ ոլորտի նկատմամբ անտարբեր է, եւ այդ դաշտը բարձիթողի վիճակում է:

Տաթեվ Հարությունյան




Լրահոս