Վերաքննիչ քրեական դատարանի դատավորը կփրկվի՞. ինչ զարգացումներ կլինեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փաստաբան Վաղինակ Աթոյանի` խոշոր չափերով կաշառք տալու փորձի դրդչություն գործն ուղարկվել է դատարան: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, թե ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` հատկապես որ դատավորներին պետք է կաշառք տար փաստաբանը, որն, ըստ էության, չէր արել:

Նախ նշենք, որ Աթոյանը եղել է ամբաստանյալ Մանուկ Մանուկյանի շահերի պաշտպանը: Իսկ ի՞նչ է արել Մանուկյանը: Նա 2016թ. ապրիլի 02-ին` ժամը 22:20-ի սահմաններում, «Մերսեդես-Բենց» մակնիշի 34 RV 218 հաշվառման համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն Սոնիկ Հակոբյանին` անզգուշությամբ վերջինիս պատճառելով մահ: Այս արարքի համար Շենգավիթ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նելլի Բաղդասարյանը Մանուկյանին ազատազրկման էր դատապարտել 3 տարի ժամկետով: Սակայն Մանուկ Մանուկյանը որոշումը բողոքարկել է ՀՀ վերաքննիչ դատարանում, ինչից հետո ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի երեք դատավորները 2017 թվականի հուլիսի 11-ի դատավճիռն են հրապարակել՝ Մանուկ Մանուկյանի պատժի ժամկետը կրճատելով 1 տարով:

Եվ այստեղից էլ սկսվում է

Ըստ մեղադրական եզրակացության` փաստաբան Վաղինակ Աթոյանը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավորների կայացրած մեղմ պատիժը վերագրում է իրեն՝ ամբաստանյալ Մանուկ Մանուկյանին, նրա քրոջը՝ Սեդա Մանուկյանին` ասելով, թե դատական ակտը կայացրած դատավորների հետ կաշառք ստանալու շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերել՝ նրանցից ստանալով 470 հազար դրամ կաշառք:

Ըստ էության սա առաջին դեպքը չէ, որ փաստաբանները դատարանի դատավորների հետ պայմանավորվածություն են ձեռք բերում կաշառքի շուրջ, որպեսզի մեղադրյալի նկատմամբ մեղմ կամ ցանկալի որոշում կայացնեն:

Իսկ ովքե՞ր էին այն երեք դատավորները, որոնց փաստաբան Վաղինակ Աթոյանը իբր պետք է կաշառք տար: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ խոսքը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Տիգրան Սահակյանի, (մինչեւ 2016 թվականը եղել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահը), Ալեքսանդր Ազարյանի եւ Ռուբիկ Մխիթարյանի մասին է:

«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանից փորձեց պարզել, թե արդյո՞ք նրան կաշառք առաջարկվել էր, եւ ինչպես պետք է 470 հազար դրամ կաշառքը բաշխվեր 3 դատավորի միջեւ:

-Պարո՛ն Ազարյան, Ձեզ կաշառք չէի՞ն առաջարկել:

– Չէ ՛, ոչ մի առաջարկ չի եղել եւ չէր էլ կարող լինել:

-Այսինքն` վստա՞հ եք, որ Ձեզ նման առաջարկով չեն էլ դիմի՞:

-Անկեղծ ասած` ով իմ գործելաոճին ծանոթ է, չեմ կարծում, որ նման առաջարկով դիմի:

-Ձեզ ՀՔԾ-ում հարցաքննության չե՞ն կանչել: Ի վերջո, հայտնի է, որ Դուք մեղմ պատիժ եք սահմանել ամբաստանյալի նկատմամբ, ու գործում կան նյութեր, թե պայմանավորվածություն է եղել:

-Չէ ՛, ընդհանրապես:

-Միգուցե Ձեզ չեն առաջարկել, այլ պայմանավորվածություն են ձեռք բերել մյուս դատավորների` Տիգրան Սահակյանի կամ Ռուբիկ Մխիթարյանի հետ:

-Ոչ նման բան չի եղել:

-Հնարավո՞ր է գումարը Ձեզ չհասավ, «ջրից չոր դուրս եկաք» ու հիմա ասում եք` Ձեզ նման առաջարկ չի եղել:

-(Ծիծաղում է-Ք.Մ.) Ես ջրից չոր դուրս գալու խնդիր չունեմ, ճիշտն ասած, դրա մասին թող ուրիշները մտածեն: Մենք փրկվեցինք այն առումով, որ ո՛չ գումար ենք պահանջել եւ ո՛չ էլ կարող ենք պահանջել, ո՛չ էլ ստացել ենք: Տարօրինակ են Ձեր հարցերը, քանի որ ուղղակի չի կարող նման բան լինել:

-Հիմա փաստ է, որ Դուք եւ Ձեր երկու գործընկերները մեղմ պատիժ եք սահմանել ամբաստանյալի նկատմամբ, եւ ամբաստանյալի հարազատներին իրենց փաստաբանն ասել է, թե կաշառքի շուրջ պայմանավորվածություն է եղել դատական իշխանության ներկայացուցիչների հետ: Ձեր մի քանի այլ գործընկերներ, դատավորներ այս տարի եւս տարբեր քաղաքացիների նկատմամբ մեղմ պատիժ էին սահմանել եւ կաշառքի գործով կալանավորվել են: Դուք կաշառք չե՞ք վերցրել:

-Ո՛չ: Ու նման դպքերի էլ ծանոթ չեմ, ոչ միայն իմ մասով եմ ասում, այլեւ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի մյուս դատավորների մասով կարող եմ վստահ ասել, որ նման կոռուպցիոն ռիսկեր մեզ մոտ բացառվում են:

Զրուցեց Քնար Մանուկյանը




Լրահոս