Ձվի շուկայում դեֆիցիտը կրկնվում է. փոքր խանութները քիչ խմբաքանակով են հավկիթ ստանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում ձվի շուկայում ամանորյա նախաշեմին դեֆիցիտը կրկնվում է: Արդեն մի քանի օր է, ինչ փոքր խանութները քիչ խմբաքանակով են հավկիթ ստանում:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ նաեւ, որ ձվի մատակարարները խանութների տնօրեններին զգուշացնում են, որ մոտ օրերս քիչ քանակությամբ են ձու ստանալու մինչեւ ներկրելը: Ավելին` անգամ սպառողներ կան, որոնք մտավախությունից նախատեսվածից ավել ձու են գնում: Բնականաբար, ձվի քիչ լինելը իր բացասական ազդեցությունն է թողել նաեւ գնի վրա: Իսկ, ըստ որոշ տեղեկությունների, պատճառը ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից ձու ներկրելու թույլտվության ուշ տրամադրելն է: Ինչի արդյունքում որոշ տնտեսվարողներ չեն կարողանում ժամանակի մեջ տեղավորվել, ձու ներկրել` շուկայի պահանջարկը բավարարելու համար:

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը փոքրիկ ուսումնասիրության արդյունքում պարզեց, որ ՀՀ-ում խանութներ կան, որոնք ոչ բոլոր ընկերությունների արտադրած ձուն են վաճառում: Երեւանյան խանութների մի մասում վաճառվում է միայն Երեւանի թռչնաբուծական ֆաբրիկայի արտադրած հավկիթը, մի մասում` «Արաքս», մյուսում` «Աշտարակի ձու» ընկերությունների արտադրանքը: Բայց խանութներ կան, որոնք տեւական ժամանակ է, ինչ չեն ստանում Լուսակերտի թռչնաբուծական ֆաբրիկայի արտադրած հավկիթը:

Տեղեկանալու համար, թե ինչն է պատճառը, «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց ընկերության տնօրեն Մանաս Եփրեմյանի հետ: «Մեզ թույլատրվել է հինգ մեքենա ձու ներկրել, որից մի ավտոմեքենան արդեն շաբաթ օրը կգա: Բայց խանութների տվյալներ գիտեմ, որոնք միշտ աշխատում են մեր ընկերության հետ, եւ մշտապես իրենց պահանջարկը մեր կողմից բավարարվել է: Կան խանութներ, որոնք ընդհանրապես չեն ստացել մեր հավկիթը: Այսինքն` խանութը պարտավոր չէ բոլոր արտադրողներից ապրանք ձեռք բերել: Սա է խնդիրը: Մեծ խանութներում մեր հավկիթը կա ու վաճառվում է: Բայց սուպերմարկետներում` ոչ: Քանի որ իրենց մասով թվերը պայմանական են»,- նկատեց թռչնաֆաբրիկայի տնօրենը: Ապա վստահեցրեց, որ իրենց ընկերության մասով ձվի շուկայում ձվի դեֆիցիտ չի առաջանա, քանի որ իրենք ներկրումը կազմակերպել են նախորդ տարվա դեկտեմբեր ամսվա ծավալների կտրվածքով:

Մեզ մնում է ցավով նկատել, որ Հայաստանը երբեմնի ձու արտահանողից վերածվել է ներկրողի:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս