Ինչպես հայտնի է` դատական նոր օրենսգրքի նախագծի համաձայն` այսօր Երեւանի վարչական շրջաններում գործող ընդհանուր իրավասության յոթ դատարանների փոխարեն կկազմավորվի մեկը՝ Երեւանի ընդհանուր իրավասության դատարան, որն իր կազմում կունենա մեկ դատարանի նախագահ եւ 65 դատավոր:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց դատարանների նախագահներից պարզել, թե ինչպես կազդի իրնց վրա դատարանի նախագահի պաշտոնից դուրս գալը շարքային դատավոր աշխատելը:
Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արմեն Դանիելյան:
-Պարո՛ն Դանիելյան, դատական նոր օրենսգրքի նախագծի համաձայն` այսօր Երեւանի վարչական շրջաններում գործող ընդհանուր իրավասության յոթ դատարանների փոխարեն կկազմավորվի մեկը՝ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը, պատրաստվո՞ւմ եք շարքային դատավորի կարգավիճակում աշխատել:
-Շարքային դատավորը ո՞րն է, դատարանի նախագահը դատավոր չէ՞:
-Էլի դատավոր է, բայց տարբեր են գործառույթները, լիազորություները, հիմա պատրա՞ստ եք դատարանի նախագահի այդ լիազուրությունները թողնել ու շարքային դատավորի կարգավիճակում լինել:
-Ես շարքային բառը չեմ ընդունում, ես պատրաստ եմ դատավորի պաշտոնում աշխատել, առանց շարքային բառի, քանի որ ես հիմա էլ եմ դատավոր, պարզապես ունեմ այլ լիազորություններ` դատարանի նախագահի հետ կապված, թե չէ ես էլի նույն դատավորն եմ:
-Ձեզ հայտնի՞ Է` Ձեր աշխատավարձի վերանայում լինելո՞ւ է:
-Դատարանի նախագահը հավելավճար է ստացել, իսկ վերանայում կլինի, թե ոչ, տեղյակ չեմ:
-Դատարանի նախագահից շարքային դատավորի անցման պրոցեսում ինչո՞վ վստահ լինենք, որ քաղաքացի չի տուժի, ասել է, թե Ձեր պաշտոնի իջեցումը չի նպաստի, որ մատների արանքով նայեք քննվող գործերին:
-Ես հիմա էլ եմ նիստեր անում, ավելի ծանրաբեռնված էի դատարանի նախագահ լինելով, իսկ որ դարձանք դատավոր, միայն դատավորի լիազորություններ ենք իրականացնելու, կրկնում եմ` մինչեւ նախագահն լինելն էլ եմ եղել նույն դատարանում դատավոր: Որեւէ խնդիր չի լինի:
-Ըստ Ձեզ` այս փոփոխությունը կազդի՞ արդարադատության որակի վրա:
-Ինձ թվում է, որ ոչ: Կազդի այնքանով, որ ընդամենը Երեւան քաղաքում ավելի հավասարաչափ կբաշխվեն գործերը, քանի որ մեր դատարանը Երեւան քաղաքի ամենածանր աշխատող դատարանն է, եւ այդ առումով մեր դատարանի աշխատանքը կթեթեւանա: Մենք միջդատավարական վարույթի շատ քանակի գործեր ենք քննում: Սա դրական կլինի այդ առումով:
Զրուցեց Քնար Մանուկյանը