ԵՐԿԱՐ ՊԱՇՏՈՆԱՎԱՐԵԼՈՒ ԱՐՎԵՍՏԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իշխանությունները որոշել են լավություն անել սահմանադրական դատարանի անդամ, նախկին դաշնակցական Կիմ Բալայանին` ամեն գնով երկարաձգելով նրա պաշտոնավարման ժամկետը:

Ինչպես հայտնի է՝ հոկտեմբերի 15-ին լրացավ Կ. Բալայանի 70-ամյակը: Սահմանադրության համաձայն՝ ՍԴ անդամը պաշտոնավարում է մինչեւ 70 տարին լրանալը: Միաժամանակ, սակայն, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքը ՍԴ անդամին հնարավորություն է ընձեռում մինչեւ վեց ամսով երկարաձգել պաշտոնավարումը. «Եթե սահմանադրական դատարանի անդամն իր պաշտոնավարման տարիքը լրանալու պահին մասնակցում է մեկ կամ մեկից ավելի գործերի դատաքննությանը, ապա նրա լիազորությունները դադարում են այդ գործի (գործերի) ավարտման օրը, բայց ոչ ուշ, քան պաշտոնավարման տարիքը լրանալու օրվանից վեց ամիս հետո»,- նշված է ՍԴ մասին օրենքի 14-րդ հոդվածում:
Եւ ահա, հոկտեմբերի 15-ի դրությամբ Կիմ Բալայանի վարույթում երկու գործ կար: Մեկը Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դիմումի հիման վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի մի քանի հոդվածների՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու մասին գործն էր, որի քննությունն ավարտվեց հոկտեմբերի վերջին:
Բացի այդ՝ Բալայանը զեկուցող էր «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության դիմումի հիման վրա ՀՀ հողային օրենսգրքի մի քանի դրույթների՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով: Այս դիմումի քննությունը դեռ սեպտեմբերին ՍԴ աշխատակարգային որոշմամբ նշանակվել էր դեկտեմբերի 12-ին: Բայց պարզվում է՝ այդ օրվա նիստը հետաձգվել է: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ ընդամենը երկու օր առաջ՝ դեկտեմբերի 5-ին, ՍԴ-ն աշխատակարգային մեկ այլ որոշում է ընդունել` հետաձգելով «Հետաքննող լրագրողների» դիմումի քննության օրը մինչեւ հունվարի 30-ը: Իսկ այդ երկարաձգումը ՍԴ-ն պատճառաբանել էր «գործով լրացուցիչ ուսումնասիրություններ կատարելու անհրաժեշտությամբ»:
Պատճառները, թերեւս, դժվար չէ կռահել: Դատելով դիմումի բովանդակությունից՝ գործի քննությունն ավարտվելու էր բավական արագ: Բայց հիմա գործի քննությունը մինչեւ հունվարի 30-ը երկարաձգելով՝ Կիմ Բալայանին հնարավորություն է տրվում պաշտոնավարել մոտ երկու ամիս ավելի: Սա նշանակում է, որ ՍԴ անդամը եւս երկու ամսով շարունակելու է մնալ անձեռնմխելի, ստանալ ավելի քան 800 հազար դրամ աշխատավարձ եւ օգտվել ՍԴ անդամի համար ընձեռված բոլոր արտոնություններից: Ընդ որում, կասկածներ կան, որ դիմումի քննությունը կարող է կրկին հետաձգվել: Պատճառներ միշտ էլ կարելի է գտնել: Օրինակ` պատասխանող կողմը հունվարի 30-ին կարող է չներկայանալ դատարան, կամ լրացուցիչ ապացույցներ ներկայացնելու համար լրացուցիչ ժամկետ խնդրի, եւ հաջորդ դատավարությունը նշանակվի ավելի ուշ եւ այսպես շարունակ:
Նախկին դաշնակցական, ծնունդով ղարաբաղցի Կիմ Բալայանի հանդեպ բարեհաճ վերաբերմունքն էլ պայմանավորված է իշխանություններին նրա մատուցած ծառայություններով: Եթե հիշենք, թե ՍԴ-ն ինչ անուրանալի դերակատարություն է ունեցել կեղծված ընտրությունները վավերացնելու գործում /Կիմ Բալայանը եղել է գլխավոր դերակատարներից մեկը/, ապա ամեն ինչ պարզ ու հասկանալի կդառնա:
Ինչ վերաբերում է «Հետաքննող լրագրողների» ՍԴ ներկայացրած դիմումի բովանդակությանը, ապա այն բավական հետաքրքիր է: Բանն այն է, որ «Հողային օրենսգրքի» 68-րդ հոդվածի 6-րդ եւ 7-րդ կետերի համաձայն՝ տեղական ինքնակառավարման մարմինները հողերի աճուրդն անցկացնում են փակ, որին մասնակցում են միայն գրանցված անձինք, կազմակերպիչը եւ արձանագրողը: Ասել է, թե լրագրողներին արգելված է ներկա գտնվել համայնքային սեփականություն հանդիսացող տարածքների աճուրդի գործընթացին, լուսաբանել դրանք: Իսկ սա հակասում է ՀՀ Սահմանադրությամբ ազատ տեղեկատվություն ստանալու իրավունքին, տեղեկատվության ազատության մասին ՀՀ օրենքին եւ այսպես շարունակ: Ու հիմա դիմումատուները վիճարկում են այդ հարցը:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 

 

ԿԱՐՏՈՖԻԼԱՍԵՐ ՀԱՐՈՒՍՏԸ
Աղքատության մասին սկանդալային հայտարարություններով հանրության ուշադրության կենտրոնում հայտնված ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորները, պարզվում է, բավական լուրջ ունեցվածքի տեր են: Օրինակ՝ ԱԺ պատգամավոր Խոսրով Հարությունյանը, որ հայտարարել էր. «Կա ընտանիք, որը միայն կարտոֆիլ է օգտագործում: Հիմա եթե միսը թանկ է կամ էժան, ինքը, միեւնույն է, գումար չունի՝ միս գնելու, շարունակում է կարտոֆիլ օգտագործել», միայն պաշտոնական հայտարարագրում նշել է երկու բնակարան, մեկ ամառանոց, բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք, մեկ հողամաս, MERCEDES-BENZ S 420 մակնիշի ավտոմեքենա: Ընդ որում, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Հարությունյանի հայտարարագրած բնակարաններից մեկը Հյուսիսային պողոտայում է, ինչպես նաեւ ավտոկայանատեղին: Բացի այդ՝ աղքատներին կարտոֆիլ ուտելու մասին խորհուրդներ տվող պատգամավորը տուն ունի Բուլղարիայի նավահանգստային քաղաք Վառնայում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նրա դրամական միջոցը կազմել է 40 հազար դոլար:
Բավական հարուստ է նաեւ նրա որդին` Ռոբերտ Հարությունյանը, ով արտաքին գործերի փոխնախարար է: Նա ունի շենք, շինություններ, երկու հողամաս, երկու բնակարան, VOLKSWAGEN TOUAREG 3.2 եւ NISSAN X-TRAIL 2.5 I մակնիշի ավտոմեքենա: Փոխնախարար որդին երեք ընկերություններում ունի 5 մլն 605 հազար դրամի բաժնեմաս: Կրտսեր Հարությունյանի դրամական միջոցները կազմել են 25 մլն դրամ եւ 200 հազար դոլար: Որպես եկամուտ հայտարարագրել է իր աշխատավարձը` ամսական 343 հազար դրամ եւ մեկ ընկերությունից ստացած 9 մլն 408 հազար դրամի չափով շահաբաժինը: ԱԳՆ-ում են աշխատում նաեւ Հարությունյանի դուստրն ու փեսան՝ իրենց հերթին հասցնելով կուտակել մեծ միջոցներ: Փեսան՝ Արմեն Պապիկյանը, ՀՀ ԱԳ փոխնախարար է, ավելի վաղ ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչն էր. նա էլ հայտարարագրել է 26 հազար եվրո եւ 162 մլն դրամ: Իսկ Խ.Հարությունյանի դուստրը՝ Էլենը, հայտարարագրել է 172 մլն դրամ եւ 5 հազար եվրո:

 

 

 

ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ ՔԿՀ-ՆԵՐՈՒՄ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այս օրերին ՀՀ արդարադատության նախարարության ենթակայության տակ գտնվող մի շարք քրեակատարողական հիմնարկներում ստուգումներ են սկսվել: Մեզ հասած լուրերի համաձայն՝ ստուգումները իրականացնում է ՔԿ վարչությունը: Մասնավորապես մեզ հայտնի դարձավ, որ ստուգումները եղել են սննդի բաժնում, քրեակատարողական հիմնարկի խցերում, բուժսպասարկման բաժնում եւ այլ վայրերում, իսկ թե ինչ խախտումներ են հայտնաբերվել, մեզ դեռեւս հայտնի չէ: «Ժողովուրդ»-ը մեկնաբանություն ստանալու համար դիմեց ՔԿ վարչություն, որտեղից ի պատասխան՝ հայտնեցին, որ այս պահին նման բան չկա, սակայն պարբերաբար ստուգման գործընթացներ իրականացվում են՝ հնարավոր բացասական դրսեւորումները բացառելու համար:

 

 

 

ՉԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ
Աշխատանքային այցելությամբ Վիեննա ժամանած ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել Իսլանդիայի ԱԳ նախարար Գուդլաուգուր Թոր Թորդարսոնի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները արձանագրել են, որ երկու երկրների միջեւ հարաբերությունների ներկայիս մակարդակը չի համապատասխանում առկա ներուժին, եւ անհրաժեշտ է համատեղ քայլեր ձեռնարկել տարբեր բնագավառներում երկկողմ կապերի առավել ամրապնդման համար: Նախարարները քննարկել են նաեւ առեւտրատնտեսական համագործակցության խթանումը՝ այդ գործում արժեւորելով գործարար համաժողովների կազմակերպումը:

 

 

 

ՆԱԽԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՏՐՎՈՒՄ
Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը, անդրադառնալով ԵԱՀԿ մասնակից երկրների ԱԳ նախարարների խորհրդի 24-րդ հանդիպման ավարտին ընդունված հայտարարությանը, նշել է. «Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի, ԵԱՀԿ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ Վերոնիկ Ռոժե-Լագանի եւ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի՝ Արցախյան խնդրի կարգավորման հարցով համատեղ հայտարարությունը շատ կարեւոր է եւ բանակցային գործընթացի շարունակականություն է ապահովում: Ամենակարեւորն այն է, որ այդ հայտարարության մեջ հայտնի երեք սկզբունքներից ոչ մեկին նախապատվություն չի տրվում, նկատվում է հստակ հավասարակշռվածություն»: Հարցին՝ կիսո՞ւմ է որոշ փորձագետների այն կարծիքը, որ Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի ստորագրումից հետո հայկական կողմը բանակցային գործընթացում զգալի ամրապնդել է դիրքերը, Դ. Բաբայանը պատասխանել է. «Ադրբեջանը մինչ այդ համաձայնագրի ստորագրումն անընդհատ փորձում էր Հայաստանը ներկայացնել հակաարեւմտյան մի երկիր: Սակայն փաստաթղթի ստորագրումը փակեց հակառակորդի հիստերիկ շահարկումների դաշտը»:

 

 

 

ԸՆԴՈՒՆՎԵԼ Է
ՀՀ ԱԺ-ն քվեների 73 կողմ, 12 դեմ եւ 6 ձեռնպահ հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունել է «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերը: Օրինագիծը թեժ քննարկումների պատճառ էր դարձել նաեւ խորհրդարանում, մասնավորապես նախագծին դեմ բուռն ելույթներով հանդես էին գալիս իշխող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները՝ մտահոգություն հայտնելով, որ հասարակական կազմակերպություններին մեծ դերակատարություն է տրվում ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության գործով:

 

 

 

ԿԱԶԱՆԻՑ ՀԱՅԱՍՏԱՆ
Թաթարստանի տրանսպորտի եւ ճանապարհային տնտեսության նախարար Լենար Սաֆինը հայտնել է, որ հաջորդ տարի ծրագրվում է չվերթների բացում Կազանից Բելառուս, Հայաստան եւ Վրաստան: «Մենք նպատակադրվել ենք ընդլայնել թռիչքների աշխարհագրությունը եւ ձգտում ենք Թաթարստանը ավելի լավ կապել այլ երկրների հետ, այսինքն՝ նկատելիորեն մեծացնել միջազգային գործընկերների թիվը»,- նշել է Սաֆինը:




Լրահոս