ՄԱԼԱԹԻԱՅՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 6-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան փողոցի 13/2 հասցեի մոտ «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել էր Երեւանի բնակիչ Արշակ Գալստյանի դին՝ հրազենային վնասվածքներով: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի են դարձել տեղի ունեցած սպանության մանրամասները:

Նախ՝ պաշտոնապես
Դեկտեմբերի 6-ին՝ ժամը 00:05-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Հարավ-արեւմտյան Բ-4 թաղամասի ծննդատան մոտակայքում ավտոմեքենա է այրվում, սրահում մահացած մարդու դի կա: Դեպքի վայր ժամանած ոստիկանները Բաբաջանյան փողոցի թիվ 13/2 հասցեի մոտ, «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի սրահում հայտնաբերել են 1979թ. ծնված Արշակ Գալստյանի դին` հրազենային վնասվածքներով:
Ըստ ՀՀ քննչական կոմիտեի՝ պարզվել են սպանության մի շարք հանգամանքներ: Մասնավորապես Արշակ Գալստյանի ուղղությամբ հրազենից կրակել են մեկ այլ ավտոմեքենայի միջից: Ավտոմեքենայի մակնիշը եւ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզվել են. վերջինս Երեւանի բնակիչ է, 1986 թվականին ծնված: Հայտնաբերվել էր նաեւ հանցագործության գործիք հանդիսացած հրազենը:
ՀՀ քննչական կոմիտեն սպանության փաստի առթիվ հարուցել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով` սպանություն, եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով՝ ապօրինի զենք, զինամթերք կրելը: Ենթադրյալ հանցագործի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը եւ հետախուզում էր հայտարարվել:

4-րդ գյուղի Ջոնիկը
Նկատենք, որ իրավապահ մարմինները չէին հրապարակել ենթադրյալ սպանություն կատարողի անունը: Ինչեւէ: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ սպանված Արշակ Գալստյանը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակ թաղամասի (4-րդ գյուղ) բնակիչ է եղել: Նա վերջին շրջանում տեւական ժամանակ իր քեռու տղայի հետ հակասությունների մեջ է եղել: Քեռու տղայի անունը Կարեն է, նա նույնպես բնակվում է Հաղթանակում, սակայն թաղամասում առավել հայտնի է Ջոնիկ անունով:
Հաղթանակ թաղամասում տարածված լուրերի համաձայն՝ ազգականների միջեւ հակամարտությունը սկսվել է ինչ-որ գումարի հետ կապված խնդրի պատճառով: Ըստ լուրերի՝ Ջոնիկը պարտքով գումար է տվել իր հորաքրոջ տղային` Արշակ Գալստյանին, մոտ 15 հազար դոլար: Սակայն Արշակ Գալստյանը չի կարողացել վերադարձնել պարտքը, եւ նրանց միջեւ ծագած վեճը գնալով ավելի է սրվել: Հաղթանակի բնակիչներից մեզ հայտնեցին՝ Արշակը եւ Ջոնիկը վերջին շրջանում տարբեր վայրերում մեկը մյուսի հասցեին վիրավորական արտահայտություններ են հնչեցրել: Միջադեպի օրը Արշակ Գալստյանը տանն է եղել, եւ վարկածներից մեկով՝ նրան զանգահարել ու դուրս են հրավիրել: Իսկ թե ով է եղել Արշակ Գալստյանին զանգահարողը եւ դուրս հրավիրողը, դեռ հայտնի չէ:
Ներկայումս հայտնի է, որ իրավապահները կարողացել են պարզել սպանության շարժառիթները եւ դրա պլանավորված լինելը: Այսինքն՝ սպանությունը տեղի չի ունեցել վեճի արդյունքում կրքերի բորբոքման հետեւանքով: Իրավապահները Արշակ Գալստյանի սպանությունը կատարելու մեջ կասկածում են նրա քեռու տղային՝ Կարենին:

Լքել է երկիրը
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ դեպքից հետո իրավապահները բացահայտել են, որ Կարենը լքել է Հայաստանը: Նրա ավտոմեքենան հայտնաբերել են օդանավակայանի մոտ կայանված: Ավտոմեքենայի խուզակության արդյունքում իրավապահները այնտեղ հայտնաբերել են «ԱԿՍ» տեսակի ինքնաձիգ, որը ենթադրվում է՝ հանցագործության գործիքն է:
Որքանով են Հաղթանակ թաղամասում տարածված լուրերը համապատասխանում իրականությանը, պարզ կլինի քննության արդյունքում:
Հ.Գ Երեկ երեկոյան ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց, ըստ որի՝ այս գործով եւս մեկ անձի՝ 23-ամյա երիտասարդի մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանության հանցակից): Քննչական կոմիտեն դատարանին միջնորդել է երիտասարդի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

40 ՄԻԼԻՈՆԻ ԿՌԻՎԸ
Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրինության եւ ՀՀ ֆինանսների նախարարության կռիվը հանգուցալուծվում է: «Ժողովուրդ» օրաթերթը պարզել էր, որ այս տարվա մայիսին եւ ապրիլին ՀՀ ֆինանսների նախարարությունը ստուգումներ է իրականացրել Հայաստանի ազգային պատկերասրահում եւ հայտնաբերել, որ պետական բյուջեից հատկացված գումարները ճիշտ նպատակներով չեն օգտագործվել, եւ խախտումները արձանագրող ակտ է կազմվել: Ավելին՝ Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրինությունը պետք է վերականգնի ֆինանսների նախարարության կողմից տրամադրած գումարը, որը ըստ մեզ հասած լուրերի՝ մոտ 40 միլիոն դրամ է կազմում: Բայց պատկերասրահի ղեկավարությունը նախարարության աշխատակիցների կազմած ակտի հետ համաձայն չի եղել, եւ այն դատական կարգով բողոքարկել են՝ պահանջելով ակտերն անվավեր ճանաչել:
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրինությունը, մինչեւ դատարան դիմելը, բազմաթիվ փորձեր է արել՝ նախարարության հետ հաշտության եզրեր գտնելու համար, սակայն ապարդյուն:
Բայց ինչպես պարզվում է՝ դատարան դիմելն էլ լուծում չի եղել, կամ էլ այդ քայլի արդյունքում այլ լուծում է գտնվել: Բանն այն է, որ հայցադիմումը ներկայացնելուց 10 օր անց՝ դեկտեմբերի 6-ին, «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ը դիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան եւ հայտնել, որ իրենք հրաժարվում են իրենց հայցից ու խնդրել են գործի վարույթը կարճել:
Արդյունքում՝ ՀՀ վարչական դատարանի դատավոր Կարեն Ավետիսյանը, ուսումնասիրելով գործի նյութերը եւ հայցից հրաժարվելու վերաբերյալ միջնորդությունը, որոշում է կայացնում վարչական գործի վարույթը կարճելու մասին:
ՀՀ վարչական դատարանում «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչ Սաթենիկ Գասպարյանից փորձեցինք պարզել, թե ինչու է հայցը հետ վերցվել, ֆինանսների նախարարությո՞ւնն է համաձայնել ակտը փոխել, թե՞ իր վստահորդներն են համաձայնել, որ իրենց կողմից խախտումներ են թույլ տրվել: Վերջինս մեզ հայտնեց, որ որքանով իրեն է հայտնի՝ ՊՈԱԿ-ը դեռես չի վճարել նախարարության 40 միլիոն դրամը, իսկ թե ինչ հանգամանքներում է ՊՈԱԿ-ը հրաժարվել հայցից, ինքը տեղյակ չէ:
Ուշագրավն այն է, որ ՀՀ ֆինանսների նախարարությունում եւս տեղյակ չէին, թե Հայաստանի ազգային պատկերասրահն ինչու է հրաժարվել իր հայցադիմումից:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԱԲՍՈՒՐԴԻ Է ՎԵՐԱԾՎԵԼ
Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում զինված խմբի գործով նիստին հետազոտվել են գործում առկա ապացույցները: Երբ մեղադրող Գեւորգ Սարգսյանը հրապարակում էր գործում առկա փաստաթղթերի անունները, ամբաստանյալներից Վահան Շիրխանյանի շահերի պաշտպան Հայկ Ալումյանը հայտարարությամբ է հանդես եկել. «Միջնորդում եմ դատավարական այս փուլը բաց թողնել, քանի որ գոյություն չունի փաստաթղթերի վերնագրերի հրապարակման փուլ: Պետք է հրապարակվեն ամբողջությամբ այն փաստաթղթերը, որոնց հետագայում մեղադրողն անդրադառնալու է իր մեղադրական ճառում»,-ասել է նա: Պաշտպանի այս պնդմանը մեղադրողը հակադարձել է՝ նշելով, որ ինքը հրապարակում է գործում առկա փաստաթղթերը, եւ վերնագիր հասկացություն գոյություն չունի: Այնուհետեւ Հ. Ալումյանը մեղադրողին բացատրել է, թե ինչպիսին է գործում առկա իրեղեն ապացույցների հետազոտման կարգը եւ փաստաթղթերի հետազոտման կարգը. «Երբ իրեղեն ապացույցներն են հետազոտվում, գիտենք, որ կարող ենք մոտենալ, անհրաժեշտության դեպքում նաեւ շոշափել, իսկ հիմա փաստաթղթերն ենք հետազոտում: Փաստաթղթերը հրապարակում են ամբողջությամբ, որպեսզի հասկանալի լինի՝ ինչի մասին է խոսքը»,-ասել է Ալումյանը: Նա կոչ է արել դատարանին եւ մեղադրողին դատավարությունն աբսուրդի չվերածել:

 

 

 

«ՀԱՅՐ ՄԵՐ»-Ը ԿՓՈԽՎԻ՞
Հռոմի Ֆրանցիսկոս պապը հանդես է եկել «Հայր մեր» աղոթքը փոխելու օգտին: Քահանայապետի կարծիքով՝ ելնելով աղոթքի անգլերեն եւ մի շարք այլ լեզուներով թարգմանությունից՝ կարելի կարծել, թե «Աստված ընտրում է՝ փորձության ենթարկի մեզ, թե ոչ»: «Դա լավ թարգմանություն չէ, որովհետեւ ակնարկում է, որ Աստված դրդում է գայթակղության»,-հայտարարել է Հռոմի պապը: «Հայր մեր» աղոթքը, Ավետարանի համաձայն, իր աշակերտներին տվել է Հիսուս Քրիստոսն՝ ի պատասխան նրանց՝ աղոթք սովորեցնելու խնդրանքի: Բնագրի լեզվում աղոթքը կորստի է մատնվել, եւ պահպանված տեքստերից ամենահները գրված են հին հունական կոյնեով:

 

 

 

ՎՏԱՆԳ ՉԻ ՍՊԱՌՆՈՒՄ
Երուսաղեմի Հայոց պատրիարքարանից տեղեկացրել են, որ քաղաքի այն հատվածը, որտեղ լարվածություն կա, հայկական թաղամասից աշխարհագրորեն շատ հեռու է, հետեւաբար հայ համայնքին վտանգ չի սպառնում: Արաբ խանութպաններն արդեն երկրորդ օրն է՝ գործադուլ են անում: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 6-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ճանաչում է Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք: Նա իր հայտարարության մեջ ընդգծել է, որ ԱՄՆ պետքարտուղարությանն արդեն կարգադրվել է սկսել Թել Ավիվից Երուսաղեմ ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչության տեղափոխման աշխատանքը:




Լրահոս