ԻՆՉՊԵՍ ՄԻՇՏ՝ ԽՈՍՏԱՆՈՒՄ ԵՆ ԲԱՐԵԼԱՎԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Շիրակի մարզը, պաշտոնական տվյալներով, շարունակում է մնալ Հայաստանի ամենաաղքատ տարածաշրջանը` 45.5 տոկոս, իսկ երկրորդը Լոռու մարզն է` 35.8 տոկոս:

«Ժողովուրդ»-ը փորձեց Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանից եւ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանից պարզել, թե իրենց կարծիքով՝ նշված երկու մարզերն ինչու են մշտապես ամենաաղքատները:
-Պարո՛ն Խաչատրյան, Շիրակի մարզն արդեն որերորդ տարին է՝ աղքատության ցուցանիշով առաջին տեղում է: Ընդ որում, աղքատության ցուցանիշը մարզում 45 տոկոսից չի նվազում: Ինչպե՞ս կմեկնաբանեք:
-Դրա համար կառավարությունը միջոցներ է ուղղել՝ Շիրակի մարզում տնտեսության զարգացումը խթանելու համար: Մասնավորապես մոտ երկու շաբաթ առաջ կառավարությունը «Շիրակ» հյուրանոցի նախկին տարածքը տրամադրեց գործարարի, որպեսզի այնտեղ հյուրանոց եւ առեւտրի կենտրոն կառուցի: Մինչեւ տարեվերջ եւս մեկ ընկերություն զգալի վարկային ռեսուրս կստանա՝ մարզում ներդրում իրականացնելու համար. ծրագիրն ունի գյուղատնտեսության արդյունավետության ուղղվածություն: Ընթացքում է գտնվում Արփի քաղաքում կառավարության բալանսի վրա գտնվող շենքը մեկ այլ գործարարի տրամադրելու գործընթացը, ինչի արդյունքում 600-700 հոգու համար աշխատատեղ կստեղծվի: Այսինքն՝ գիտակցում ենք, որ խնդիրը կա, եւ կառավարության օժանդակությունը էականորեն ուղղված է լինելու Շիրակի մարզում բիզնեսի զարգացմանը, որպեսզի կարողանանք ստեղծել աշխատատեղեր, մարդիկ չգնան երկրից դուրս, գյուղատնտեսության արդյունավետությունը բարձրացնենք, որպեսզի անմշակ հողատարածքները կրճատվեն:
-Պարո՛ն Խաչատրյան, մինչեւ Ձեզ՝ Շիրակի բոլոր մարզպետներն էլ նույն բանն են ասել, բայց արդյունք չկա…
-Ինչպե՞ս: Աշխատատեղեր բացվել են, բացարձակ թվերով է պետք նայել. միայն համեմատենք Շիրակի մարզը 2017թ. եւ 2010 կամ 1997 թվականի հետ: Գյումրին էական փոփոխություններ է ապրում: Տեսե՛ք, նույն Ռուսթավելիի փողոցի վերականգնումը, զբոսաշրջիկների էական աճ ունենք: Վերակառուցման եվրոպական եւ Ասիական զարգացման բանկերից միջոցներ են ներգրավվել քաղաքի զարգացմանը:
-Բայց այսքան տարիների ընթացքում աղքատության ցուցանիշը մարզում էականորեն չի նվազում:
-Խնդիրը երեկ չի առաջացել, եւ լուծումը այդքան արագ չի լինի: Մյուս կողմից՝ Շիրակի մարզը ամենաշատ գումար ստացող մարզն է եղել, բայց ստարտային պայմանները եղել են կատաստրոֆիկ վատ: Գյումրին արդյունաբերական կենտրոնն է եղել, բայց մի քանի վայրկյանների ընթացքում ամեն ինչ կորցրել է, բնակֆոնդը՝ քայքայվել…
-Ձեր մարզը նաեւ մշտական բնակչության թվաքանակի նվազման տեմպերով է առաջատար: Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ է այդպես:
-Բնականաբար, եթե աղքատության մակարդակն ամենաբարձրն է, ուրեմն արտահոսքի տեմպերն էլ ամենաբարձրը կլինեն: Այդ կատակին տեղյակ եմ, որ արտագաղթի մակարդակով էլ ենք չեմպիոն… դե, մենք ինչ անում ենք, ամենալավն ենք անում (ծիծաղում է-Ս.Հ.): Իհարկե, դա հետեւանք է, որ աղքատության մակարդակը բարձր է, եւ մարդիկ դուրս են գալիս: Բայց դրան գումարված է նաեւ այն, որ մարզի հյուսիսային շրջանում խոպան գնալը դեռ խորհրդային տարիներից է ավանդույթ:

ՀՀ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյան
-Պարո՛ն Նալբանդյան, Լոռու մարզը աղքատության ցուցանիշով Հայաստանում երկրորդն է: Այս տարիների ընթացքում մարզում աղքատության ցուցանիշն ինչո՞ւ չի նվազում:
-Աղքատության ցուցանիշը բոլորիս է մտահոգում: Այս առումով պետք է ասեմ, որ շատ քիչ դրական տենդենց կա. մոտ մեկուկես տոկոսով այն նվազել է: Բայց այդ մեկուկես տոկոսը մեզ չի գոհացնում: Կառավարությունը լուրջ աշխատանքներ է իրականացնում, որովհետեւ գիտակցում ենք` որպեսզի աղքատության ցուցանիշների տոկոսները նվազեն, պետք է աշխատատեղեր կարողանանք ստեղծել:
-Ի՞նչն է խանգարում, որ աշխատատեղեր չեն ստեղծվել:
-Հիմնականում ներդրումային ծրագրեր չկային: Բայց մենք հիմա լուրջ ներդրումային ծրագրեր ունենք: Միայն մեկ օրինակ բերեմ. Իրանից ունենք ներդրող, ով արդեն շինարարական աշխատանքներ է սկսել եւ առաջին փուլում 100 մլն դոլարի ներդրում է կատարելու, եւ Վանաձորում 2018 թվականին կստեղծվի 400 աշխատատեղ: Սա, բնականաբար, փոքր-ինչ կնվազեցնի աղքատության ցուցանիշը, բայց դրանով մենք կանգ չենք առնում:
Եթե Հայաստանի իշխանությունների՝ գոնե վերջին երկու տասնամյակում հայտարարած ծրագրերի կեսն էլ իրականացված լինեին, ապա մեր երկիրը վաղուց ամենազարգացող երկրների ցանկում կլիներ: Իրականությունն այն է, որ իշխանական վերնախավը մշտապես խոստանում է, թե հեսա-հեսա կշտկեն, սակայն տարիներն անցնում են, իսկ սոցիալ-տնտեսական վիճակը չի փոխվում:

Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ




Լրահոս