Քանի որ կրթությունը մեր երկրում առաջնահերթություն է համարվում, պետությունը մշակել է տարբեր ծրագրեր, որպեսզի խելացի, բայց անվճարունակ մարդիկ կարողանան Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում կրթություն ստանալ: Դեռեւս 2013 թվականին կառավարությունը հավանություն տվեց ուսանողական վարկերի տոկոսավճարների ֆինանսավորման ծրագրին: Այս ծրագրի իմաստն այն էր, որ ուսման վարձ չունեցող երիտասարդները կարողանան արտոնյալ հիմունքներով վարկ վերցնել եւ կրթվել, հետագայում այդ վարկը մարելու պայմանով:
Արդեն չորս տարի է՝ այդ ծրագիրը գործում է: Այսպիսով՝ «Ժողովուրդ» օրաթերթի ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ ուսանողական արտոնյալ վարկ տրամադրվում է միայն պետական բուհերի կամ պետական հավաստագիր ունեցող բուհերի ուսանողներին։ Վարկի առավելագույն գումարն ուսման ողջ ժամկետի համար կազմում է 1 մլն 800 հազար դրամ է, տարեկան` 450 հազար դրամից ոչ ավել։ Այսինքն՝ այս վարկային ծրագրով ուսանողը չի կարող մեծ պահանջարկ վայելող մասնագիտությունների գծով պետական ԲՈՒՀ-երի վարձերը վճարել, քանի որ դրանց մեկ տարվա չափը 800 հազար դրամից մինչեւ մեկուկես միլիոն դրամ է:
Բանկերից «Ժողովուրդ»-ին հավաստիացրին, որ այս ծրագրով վարկը տրամադրվում է տարեկան 12 տոկոսով, որից 2 տոկոսը սուբսիդավորվում է պետության կողմից: Իսկ եթե ուսանողը գերազանց է սովորում, ապա սուբսիդավորվում է 3 տոկոսը։ Վարկի տրամադրման եւ սպասարկման միջնորդավճարներ չեն գանձվում։ Վարկավորման ժամկետը կազմում է 10 տարի, որից արտոնյալ ժամկետը կարող է կազմել առավելագույնը 4 տարի։ Ուսումնական վարկի պետական ծրագրին մասնակցում են հետեւյալ բանկերը` «Անելիքբանկ»-ը, «Արարատբանկ»-ը, «Արդշինբանկ»-ը, «Արցախբանկ»-ը «Կոնվերս Բանկ»-ը, «Հայբիզնեսբանկ»-ը, «Հայէկոնոմբանկ»-ը «ՎՏԲ-Հայաստան Բանկ»-ը, «Էվոկաբանկ»-ը, «Ագբա Կրեդիտ Ագրիկոլ բանկ»-ը:
«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ «Ինեկոբանկ»-ը իրականում ընդհանրապես ուսանողական վարկ չի տրամարդում: «Արարատբանկ»-ը չնայած առաջարկում է պետության կողմից սուբսիդավորվող ուսանողական վարկ՝ տարեկան 12 տոկոսադրույքով, սակայն 2 տոկոս սուբսիդավորման արդյունքում վարկի փաստացի տոկոսադրույքը, չգիտես ինչու, կազմում է 11-ից 12 տոկոս: Նույն պայմաններն են առաջարկում նաեւ «Էվոկաբանկ»-ը, «Անելիք բանկը», «Արդշինբանկ»-ը, «Կոնվերս բանկը» եւ այլն:
Ընդ որում, բանկերի մի մասը տրամադրում է ուսանողական վարկեր, բայց ոչ պետական ծրագրով, որոնք իրենց պայմաններով ավելի շատ հիշեցնում են սովորական սպառողական վարկեր` բարձր տոկոսադրույքներ եւ մարման կարճ ժամկետ (1-2 տարի)։
Օրինակ՝ «Հայբիզնեսբանկ»-ը տրամադրում է 18 տոկոսադրույքով ուսանողական վարկ` երկու տարի ժամկետով: Սակայն այդ վարկի տարեկան փաստացի տոկոսադրույքն իրականում գերազանցում է 23 տոկոսը: Այսինքն՝ ասում են մի թիվ, իսկ իրականում ավելի բարձր տոկոս է ստացվում:
Սակայն այս ծրագրի հետ կապված բանկերի ամենամեծ խաբկանքը թաքնված է վարկի տրամադրման պայմանների մեջ: Բանն այն է, որ պետական աջակցության շրջանակներում ուսանողական վարկ ստանալու համար հարկավոր է երկու երաշխավոր, որոնցից մեկը պարտադիր պետք է ուսանողի ծնողներից մեկը լինի: Իսկ ամենակարեւորն այն է, որ ուսանողը եւ երաշխավորները լավ վարկային պատմություն ունենան։ Հակառակ դեպքում բանկը կմերժի վարկի տրամադրումը։
Ուսանողի դեպքում նման պահանջը արդարացված է եւ հասկանալի, ի վերջո, դժվար է վստահել մի երիտասարդի, որը չափահաս դառնալուց անմիջապես հետո հասցրել է վատ վարկային պատմություն ձեւավորել: Սակայն նույնը չի կարելի ասել անպայման ծնողներից մեկի վարկային լավ պատմություն ունենալու պահանջի մասին:
Ուսանողական վարկերի պետական ծրագրի իմաստն այն է, որ երիտասարդներն իրենց ծնողների ֆինանսական վիճակից անկախ հնարավորություն ունենան ուսում ստանալ: Այլ կերպ ասած՝ ծրագրի իմաստը հենց այն է, որ վատ ֆինանսական պայմաններում գտնվող ծնողների երեխաները ուսում ստանալու հնարավորություն ունենան: Իսկ նման դեպքերում շատ քիչ, եթե չասենք՝ հատուկենտ ծնողներ կգտնվեն, որոնք ֆինանսական ծանր կացության մեջ գտնվելով՝ հաջողացրել են իրենց վարկային պատմությունը մաքուր պահել:
Ի վերջո, վարկը տրվում է ուսանողին, որպեսզի նա կրթություն ստանա, աշխատի եւ մարի այն: Այդ դեպքում ի՞նչ կարիք կա երաշխավորների առկայության պայմանով այն խստացնել եւ սոցիալապես անապահով խավի երիտասարդների համար դարձնել անհասանելի: Արդյունքում այդ երիտասարդները եւ նրանց ծնողները ստիպված են լինում սովորական սպառողական վարկեր վերցնել՝ բարձր տոկոսադրույքներով, ինչպես, օրինակ, ավտոմեքենա կամ կենցաղային իր գնելու համար տրվող վարկերը: Իսկ նման վարկերի տարեկան տոկոսադրույքի չափը պայմանագրերով սահմանվում է 20-24 տոկոս, սակայն ձեւակերպման ընթացքում միանվագ տարբեր վճարների շնորհիվ վարկի փաստացի տոկոսադրույքը ավելի բարձր է ստացվում:
Այսինքն՝ իրականության մեջ պետական ծրագրից գործնականում օգտվում են կայուն եկամուտներ ունեցող ծնողների, իսկ ավելի կոնկրետ՝ միջին օղակի պետական ծառայողների երեխաները:
Իսկ անապահով եւ անկայուն եկամուտներ ունեցող ծնողների երեխաները ստիպված են բանկերին գերշահույթ ապահովել, որպեսզի կարողանան ուսում ստանալ եւ իրենց ընտանիքի սոցիալական վիճակը փոխել: Սա հայկական իրականությունն է, որտեղ հռչակված մոտեցումները եւ իրականությունը երբեք նույնը չեն լինում:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ