Ճիշտ քարոզարշավի դեպքում հնարավոր է պատային իրավիճակ ստեղծել իշխանությունների համար. Ստեփան Սաֆարյանը`«Ելք»-ի նախաձեռնության մասին. «Փաստ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Փաստ» թերթը գրում է. «Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր և հետազոտական ծրագրերի ղեկավար Ստեփան Սաֆարյանի կարծիքով «Ելքի»՝ թանկացումների դեմ բողոքի ակցիա կազմակերպելու նախաձեռնությունը ոչ թե ուշացած է, այլ հիմա ավելի բարդ կլինի որևէ բան փոխել:

«Բայց անլուծելի էլ չէ: Իհարկե, շատ ավելի ճիշտ կլիներ, եթե քաղաքական ուժերը «Հարկային օրենսգրքի» փոփոխության ժամանակ թույլ չտային, որպեսզի նման փոփոխություն տեղի ունենար, քանի որ այն ազդելու էր բոլոր խավերի վրա: Հավանաբար դա չի իրականացվել, քանի որ այն ժամանակ «Ելքը» խորհրդարանական խմբակցություն չէր: Այնուամենայնիվ, այսօր «Ելքի» գերխնդիրն է մարդկանց մոտ հավատ ներշնչել, որ իրենք կարող են այդ շարժումն առաջնորդել»,– ասաց Ս. Սաֆարյանը:

Քաղաքական վերլուծաբանի խոսքով սա հարց է, որն ազդում է բացառապես բոլոր խավերի վրա: Եվ այս պարագայում Ս. Սաֆարյանը «Ելքին» խորհուրդ տվեց տարբեր խավերի հետ աշխատելիս՝ տարբեր «փաթեթներով» հանդես գալ, բոլորին էլ բացատրելու համար, թե փոփոխություններն ինչ տեսքով և ինչքանով են ազդելու սովորական սպառողների, բիզնեսի ներկայացուցիչների և մյուսների ֆինանսական վիճակի վրա:

«Ամեն մեկին հասցեագրված ուղերձը պետք է շատ թիրախային լինի և հասկանալի այդ շրջանակների համար: Նաև պետք է հասկանալ, որ քաղաքականության մեջ ընդունված նորմ է՝ օգտագործել ցանկացած պատեհ առիթ քաղաքական դիվիդենտներ ստանալու համար: Սա տարածված է ողջ աշխարհում: Այնպես որ, ինչ քաղաքական ուժ կամ գործիչ էլ նման առիթն օգտագործեր, նրան քննադատելը սխալ կլիներ: Այլ հարց է, թե օրինակ այս պարագայում ինչպիսի պայքարի մասին է խոսում «Ելքը»: Եթե պետք է հասարակությանը մոբիլիզացնի, հետո ասի, որ իրենցից կախված ամեն ինչ արեցին, բայց մարդիկ դուրս չեկան փողոց, իշխանությունն է ապիկար և այլն, այդ ժամանակ նրանց քայլերը գնահատականի արժանի քայլեր կլինեն: Բայց հիմա դեռ ամեն ինչ գնում է իր բնականոն հունով և պետք է տեսնել, թե ինչ կլինի»,– ասաց Ս. Սաֆարյանը:

Մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի՝ ««Ելքի» նպատակը մարդկանց զբոսանքի հանելը չէ» միտքը, քաղաքական վերլուծաբանը տեսակետ հայտնեց, որ դա խոսում է այն մասին, որ թեև խնդրի լուծումն այդքան էլ հեշտ չի լինելու թե՛ «Ելքի» և թե՛ հասարակության համար այս արդյունքը ետ շրջելը բավականին բարդ է լինելու, բայց ասել, որ դա անհնար է, ևս ճիշտ չի լինի, քանի որ պոտենցիալը բավականին մեծ է: Եվ ճիշտ քարոզարշավի դեպքում իհարկե հնարավոր է այնպիսի հանրային ճնշում ապահովել, որը կարող է պատային իրավիճակ ստեղծել իշխանությունների համար:

«Իսկ թե դրանից հետո ինչ քայլ կձեռնարկի իշխանությունը, այլ խոսակցության թեմա է: Այնպես որ, «Ելքի» կռիվը բարդ է լինելու, բայց ասել, որ նախաձեռնությունը որևէ արդյունքի հասնելու շանս չունի՝ այդպես չէ»,– ասաց Ս. Սաֆարյանը:

Փորձագետի կարծիքով, անշուշտ պատկերն այլ կլիներ, եթե «Ելքի» կողքին կանգնեին այլ ընդդիմադիր քաղաքական ուժեր: Բոլոր քաղաքական կուսակցությունները՝ իշխանությունից մինչև ընդդիմություն, ունեն հանրային աջակցության շատ ցածր մակարդակ, ուստի այս ֆոնի վրա է «Ելքը» փորձում զբաղեցնել դատարկ մնացած օպոզիցիոն դաշտը: Հարցին, թե ինչու մյուս քաղաքական ուժերը նույնպես չեն օգտվում պատեհ առիթից և միավորվում նրանց հետ, փորձագետը պատասխանեց.

«Ընդդիմադիր մյուս ուժերի մոտ կարող էր խանդ լինել, որը կարող էր առաջանալ խորհրդարանում հայտնվելու և այլ հարցերի պարագայում: Եվ սա հաշվի առնելով՝ արդեն իսկ կարելի է հասկանալ, թե ինչու մյուս քաղաքական ուժերը չեն ցանկանում սատարել «Ելքին»: Բայցև, այնպես չէ, որ մյուսները չեն կարևորում խնդիրը կամ չեն հասկանում, որ առնվազն մի քանի հազար մարդ կարող է իրենց կողքը համախմբվել: Պարզապես, իմ կարծիքով, հավանաբար մրցակցությունը թույլ չի տալիս միանալ, որպեսզի «Ելքը» ավելի արագ չկարողանա լրացնել միակ կամ գլխավոր ընդդիմության դաշտը»,– ասաց Ս. Սաֆարյանը:

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս