Քաղբանտարկյալներ, անպատժելիություն. Հայաստանը՝ մասամբ ազատ երկիր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Freedom House-ը հրապարակել է «Ազատությունն աշխարհում» 2018 թվականի զեկույցը, որտեղ Հայաստանը պահպանել է իր տեղը «մասամբ ազատ» երկրների ցանկում: Ի՞նչն է պատճառը, որ ազատ, անկախ Հայաստանի Հանրապետության քաղաքացին ապրում է կիսաազատ պայմաններում:

Այս մասին ArmLur.am-ը զրուցեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի հետ:

-Պարո՛ն Սաքունց, ինչո՞վ է պայմանավորված, որ միջազգային կազմակերպությունները, մասնավորապես Freedom House-ը, Հայաստանը ներկայացրել են «մասամբ ազատ» երկրների ցանկում:

-Սա բնական է, որովհետեւ ազատ չի, շատ պարզ: Քաղաքական բանտարկյալների առկայություն, խոսքի ազատության սահմանափակում, անպատժելի համակարգի ձեւավորում, կոռուպցիան, դատարանի շենքում մեղադրյալների բռնությունը, ի վերջո, Ազգային ժողովի խայտառակ կերպով անցկացրած ընտրությունները, բավականին շատ են հիմքերը, որպեսզի համարվեինք կիսաազատ:

-Լեռնային Ղարաբաղը նույնպես ճանաչվել է «մասամբ ազատ» երկիր, արդյո՞ք այնտեղ նույնպես առկա են Ձեր նշած պատճառները:

-Ըստ էության դրանք նույն համակարգում են գործում:

-Freedom House-ի Հայաստանին տված այս «կոչումը» որքանո՞վ կարող է վնասակար լինել Հայաստանի համար միջազգային հարթակներում:

-Դե, առաջին հերթին սա առաջադրանք է իշխանություններին` իրենց քաղաքականությունը փոխելու համար: Եվրամիության հետ պայմանագիր կնքած երկիրը չի կարող մասամբ ազատ լինել:

-Առաջին հերթին ի՞նչ քայլեր պետք է արվեն` ամբողջովին ազատ երկիր դառնալու համար:

-Դատավորի անկախությունը պետք է ապահովվի, խոսքի ազատություն պետք է լինի, հատկապես Հանրային հեռուստաընկերությամբ: Կոռուպցիայի դեմ պայքարը լինի արդյունավետ, ոչ թե ձեւական: Սրանք անհրաժեշտ պայմաններ են, որպեսզի առաջին հերթին Հայաստանի Հանրապետության քաղաքացին իրեն ապահով զգա: Իսկ գործողությունները վկայում են, որ ազատ երկիր դառնալու համար ցանկություն չկա ոչ մի քայլ ձեռնարկելու:

-Իսկ այն փաստը, որ մեր դաշնակից եւ բարեկամ Ռուսաստանի Դաշնությունը համարվել է «ոչ ազատ» երկիր, ինչպե՞ս կմեկնաբանեք:

-Օրինակ` այն, որ մենք հիմա կարողանում ենք նման թեմայով խոսել, Ռուսաստանում դա բացառված է: Քննադատությունը իշխանությունների նկատմաբ բացառված է: Բավարար հիմքեր են անազատ լինելու համար:

Հասմիկ Սարգսյան




Լրահոս