ԻՆՉՈՎ ԵՆ ԶԲԱՂՎԱԾ ԱԺ-ԻՑ ԴՈՒՐՍ ՄՆԱՑԱԾՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 2-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին 9 քաղաքական ուժերից ընտրական շեմը հաղթահարեցին միայն 4-ը: Ընտրություններում ձախողված ուժերը դրանից հետո, կարծես, անհետացած լինեն, այդ ուժերի առանձին գործիչները մեկ-մեկ իրենց մասին հիշեցնում են, իսկ քաղաքական ուժերը ծպտուն անգամ չեն հանում:

«Ժողովուրդ» օրաթերթն իր նախորդ համարում գրել էր, որ ընտրություններում այդպես էլ անցողիկ շեմը չհաղթահարած «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամներից «Համախմբում» կուսակցությունն ըստ էության դադարեցրել է քաղաքական գործունեությունը:
«Ժողովուրդ» օրաթերթը որոշեց հետաքրքրվել, թե ինչ գործունեություն են ծավալում նվազագույն շեմը չհաղթահարած մյուս քաղաքական ուժերը:

«Հայկական վերածնունդ» կուսակցության փոխնախագահ Մհեր Շահգելդյան
-Պարո՛ն Շահգելդյան, «Հայկական վերածնունդ» կուսակցությունն այժմ ի՞նչ գործունեություն է ծավալում:
-Ներկայումս «Հայկական վերածնունդ» կուսակցությունը որոշակիորեն ուղղակի դադար է վերցրել: Մինչեւ տարվա վերջ մենք այդ դադարը կպահպանենք: Իսկ ընդհանուր առմամբ, տարածքներն ու կառույցները միանշանակորեն գործում են:
-Իսկ ո՞րն է քաղաքական դադար վերցնելու պատճառը:
-Քաղաքական գործընթացների խնդիրը չէ: Մենք այս փուլում այդպես ենք նպատակահարմար գտել. վերլուծությունների հետ է կապված եւ այլն: Բայց կրկնում եմ` տարածքային կազմակերպություններում, կառույցներում աշխատանքները շարունակվում են, ինչպես եւ ներքին գործունեությունը շարունակվում է:
-Ի՞նչ փոփոխություններ կլինեն հունվարին:
-Հունվարից հետո կխոսենք: Այն, ինչ ասեցի, սա էր:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյան
-Տիկի՛ն Խաչատրյան, այժմ «Ազատ Դեմոկրատներ» կուսակցությունն ի՞նչ գործունեություն է ծավալում:
-Ես բազմիցս նշել եմ, որ մեր ակտիվությունը որեւէ կերպ կապված չէ խորհրդարանում լինել կամ չլինելու հետ: Բնականաբար կուսակցությունը մշտապես ակտիվորեն արձագանքում է մեր երկրում տեղի ունեցող տարաբնույթ քաղաքական՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին իրադարձություններին, մեր տեսակետները, մեր մոտեցումները հայտնում ենք: Այդ առումով, բնականաբար, պասիվություն առկա չէ: Վերջերս ամենաթարմ օրինակը կապված է ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրման հետ, թե՛ պաշտոնական կայքում ենք հանդես եկել հայտարարությամբ, թե՛ նաեւ տարաբնույթ հարցազրույցներ եւ ասուլիսներ են եղել կուսակցության անդամների կողմից: Այսինքն` միշտ քաղաքական գործընթացների մասնակից ենք եւ մեր կարծիքը, մեր դիրքորոշումը հայտնում ենք, ինչպես նաեւ զբաղված ենք կուսակցական գործունեությունով, որը պետք է անեինք թե՛ խորհրդարանում, թե՛ խորհրդարանից դուրս:
-Առաջիկայում ի՞նչ ծրագրեր են առկա:
-Այժմ ներկուսակցական վերակազմավորումներ են ընթանում: Առաջիկայում սպասվում է կուսակցության համագումարը: Դեռեւս հստակ օրը որոշված չէ, քանի որ անընդհատ քաղաքական փոփոխություններ են տեղի ունենում: Պետք է համագումարի ժամանակ ամբողջ քաղաքական իրադարձություններն ու սպասվող մարտահրավերներն ամփոփենք, նաեւ քաղաքական օրակարգ ներկայացնենք համագումարին: Այսպես ասած` դադարի վիճակ էր, այժմ արդեն վերաձեւակերպման փուլ է ընթանում: Դրանք են առաջիկա փոփոխությունները, ինչպես նաեւ մեր քաղաքական կյանքում առկա յուրաքանչյուր փոփոխության, մարտահրավերին արձագանքելը:

Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Երջանիկ Ղազարյան
-Պարո՛ն Ղազարյան, խորհրդարանական ընտրություններից հետո Կոմունիստական կուսակցությունն այժմ ի՞նչ գործունեությամբ է զբաղված:
-Ժողովրդի շրջանում քննարկումներ, հանդիպումներ տեղի ունենում են, նաեւ շրջանային կազմակերպություններում: Մնացածի մասին ավելի մանրամասն կարող ենք խոսել այն ժամանակ, երբ կլինի կենտրոնական կոմիտեի նիստ, եւ պաշտոնապես կընտրվի առաջին քարտուղար: Մենք միշտ ծավալել ենք եւ ծավալելու ենք ակտիվ գործունեություն եւ առաջիկայում էլ ավելի ակտիվ ենք լինելու:
-Ե՞րբ է նախատեսված նիստը:
-Դեռ հստակ որոշված չէ: Երբ նման որոշում լինի, բոլորդ կտեղեկանաք:
-Նշեցիք, թե ժողովրդի հետ պարբերաբար հանդիպումներ են ընթանում: Վերջին անգամ ե՞րբ է այդպիսի հանդիպում եղել, եւ ի՞նչ հարցեր են քննարկվել:
-Ժողովրդի սոցիալ-տնտեսական ծանր վիճակի մասին, օրեցօր թանկացող ապրանքների գների մասին: Բոլոր այն հարցերն են քննարկվում, ինչ հուզում է ժողովրդին: Վերջին անգամ նման հանդիպում եղել է մի քանի օր առաջ: Կուսակցությունն ակտիվ աշխատանքի մեջ է: Իհարկե, ավելի ակտիվ կլիներ կուսակցությունը, եթե խորհրդարանում լիներ, սակայն այդ ամենը փորձում ենք լրացնել ժողովրդի հետ մեր կենդանի հանդիպումների միջոցով:

ՀԺԿ քարտուղար Գրիգոր Հարությունյան
-Պարո՛ն Հարությունյան, խորհրդարանական ընտրություններից հետո ՀԺԿ-ն այժմ ի՞նչ գործունեություն է իրականացնում:
-Մեզ մոտ այնպիսի իրավիճակ է, ինչպես բոլորի մոտ: Կուսակցությունները խիստ ակտիվանում են ընտրությունների ժամանակ: Հիմա սովորական աշխատանքային մթնոլորտ է: Լինում են քննարկումներ եւ հանդիպումներ մեր ակտիվի, ժողովրդի հետ:
-Ձեր կողմից նշված հանդիպումները ՀԺԿ-ն առանձի՞ն է անցկացնում, թե «Հայ ազգային կոնգրեսի» հետ միասին:
-Կոնգրեսի անդամների հետ քննարկումներ եւս լինում են, սակայն ավելի շատ մեր ակտիվի հետ, մեր քարտուղարների հետ: Իհարկե, Կոնգրեսի հետ կապ կա:
-Ամեն դեպքում, դաշինքի կամ առանձին ՀԺԿ-ի գործունեության մասին տեղեկություններ որպես այդպիսին չկան, ինչո՞ւ:
-Այսօր քաղաքական լուրջ ճգնաժամ է երկրում: Ես նկատի ունեմ, որ քաղաքական ուժերը ճգնաժամի մեջ են, բոլորը՝ վերցրած իշխող քաղաքական ուժից, վերջացրած ընդդիմադիրներից: Սա ընդհանրապես տխուր իրավիճակ է եւ սա լավ բանի չի տանելու: Նախագահական ընտրություններ որպես այդպիսին չի լինի, եւ որեւիցե սրացումներ, պայքար չկա փաստորեն, եւ այս ամբողջը շատ տխուր է մեր երկրի, ինչպես նաեւ քաղաքական ուժերի համար: Ոչ մրցակցային մթնոլորտ է ստեղծվել: Ընտրությունների միջոցով ոչ ոք լուրջ հաջողությունների չի կարող հասնել: Սա լուրջ մտածելու տեղիք է տալիս, զավթել են իշխանությունը, եւ արդյունքն այն է, որ մարդիկ արդեն ոտքի վրա են քվեարկում: Նայե՛ք, ինչ է կատարվում, դատարկ է մեր երկիրը: Տղա երեխաներն այսօր 10-11 տարեկան են, արդեն մտածում են երեխաներին ոնց հանեն երկրից:
Հ.Գ. ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, թե իրենց գործունեությունը կապված չէ խորհրդարանում հայտնվելու կամ չհայտնվելու հետ, սակայն իրենց գործունեության մասին ավելի մանրամասն հեռախոսով խոսել չցանկացավ: ««Հայ ազգային Կոնգրես» քաղաքական ուժի գործունեությունն ինչ նշանակություն ունի` խորհրդարան է, թե արտախորհրդարանական: Քաղաքական ուժն ունենում է իր սկզբունքները եւ գործում է անկախ այդ ստատուսից: Այդ ստատուսը Հայաստանում ոչ մի նշանակություն չունի, իսկ այս պահին միգուցե ավելի վարկաբեկիչ է»,- ասաց Զուրաբյանը:

Զրուցեց ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

 

 

 

ՉԵՆ ԲԱՐԻՇԵԼ
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ ջրային տնտեսության կոմիտեն այս տարվա ապրիլի 21-ին կնքած պայմանագրով պետք է իրականացներ ՀՀ Սյունիքի մարզում Մ-2 Երեւան-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական ավտոմայրուղու 579 կմ երկարությամբ հատվածում Արաքս գետի ափի շուրջ 40 մ երկարությամբ հատվածի վթարային վիճակի վերացման աշխատանքների նախապատրաստական բոլոր փուլերը: Ըստ այդմ, աշխատանքների կատարման ժամկետը սահմանվել է մայիսի 21-ը, ապա նորից է հետաձգվել եւ հաստատվել հունիսի 21-ը: Իսկ ահա ՀՀ կառավարության օգոստոսի 10-ի որոշմամբ` աշխատանքների կատարման վերջնաժամկետը երկարաձգվել է դեկտեմբերի 15-ը ներառյալ: Բայց քանի որ վերոնշյալ հատվածը Արաքս գետով սահմանակից է Իրանին, եւ մեր ափամերձ տարածքները հսկվում են ՌԴ-ի սահմանապահ զորամասի կողմից, ուստի անհրաժեշտ է եղել ձեռք բերել համաձայնություն կողմերի միջեւ նշված հատվածում աշխատանքների կատարման եւ ավարտման համար: Սակայն «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ աշխատանքային կարգով հանդիպումների ընթացքում հնարավոր չի եղել արդյունավետ համագործակցել եւ կողմերի միջեւ համաձայնություն ձեռք չի բերվել: Եւ ՌԴ-ի սահմանապահ զորամասի կողմից համաձայնություն չստանալու արդյունքում պայմանագիրը դադարեցվելու է, իսկ այդ աշխատանքները կիսատ են մնալու:

 

 

ԸՆԴԴԵՄ ԱԻՆ-Ի
«Տեխնիկական փորձաքննությունների կենտրոն» ՍՊԸ-ի եւ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի պետական հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչության ջրերը մի առվով չեն հոսում: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ «Տեխնիկական փորձաքննությունների կենտրոն» ՍՊԸ-ն օրերս հայց է ներկայացրել ընդդեմ նախարարության տեսչության` պահանջելով, որ նախարարությունը նոյեմբերի 24-ի որոշումը անվավեր ճանաչի: Բանն այն է, որ նախարարությունը որոշել է, որ տեխնիկական փորձաքննությունների կենտրոնը չպետք է անի փորձաքննություն: Ու հիմա այդ հարցը պարզաբանում են դատարանում:

 

 

 

ԽՍՏԱՑՆՈՒՄ ԵՆ ՏՈՒԳԱՆՔԸ
Կառավարությունը վերանայելու է եւ խստացնելու «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված տուգանքների չափերը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ փոփոխություններով առաջարկվում է կազմակերպիչների պարտականությունների չկատարման համար որպես պատասխանատվության միջոց սահմանել առաջին խախտման համար՝ 2 մլն դրամ, երկրորդ խախտման համար՝ հինգ միլիոն դրամ, իսկ խախտման երրորդ դեպքի համար՝ տասը մլն դրամ տուգանք: Նշենք, որ խոսքը վերաբերում է 21 տարին չլրացած անձանց մուտքին խաղասրահ, որի համար մինչ այժմ գործում էր 200 հազար դրամ:




Լրահոս