Հայաստանում ընդունված նոր Սահմանադրությամբ եւս երկրի նախագահը շարունակելու է համարվել պետության գլուխը, սակայն այդ պաշտոնն ավելի շատ խորհրդանշական բնույթ ունի եւ ընտրվելու է ոչ թե ժողովրդի, այլ խորհրդարանի կողմից: Ավելին` Սահմանադրությամբ նախատեսված ընթացակարգը նկատի ունենալով` կարելի է պնդել, որ նոր նախագահի ընտրությունները սարերի հետեւում չեն: Նոր Սահմանադրությամբ նախագահի ընտրությունները տեղի կունենան մարտի 1-ից 10-ը: Իսկ նախագահի թեկնածուների առաջադրումը լինելու է փետրվարի 18-ից 28-ը: Բանն այն է, որ ՀՀ Սահմանադրության 211 հոդվածի համաձայն` նոր լիազորություններով նախագահի առաջին ընտրությունները պետք է տեղի ունենան գործողի լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան 40 եւ ոչ ուշ, քան 30 օր առաջ: Իսկ ՀՀ Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի 139 հոդվածով սահմանվում է, որ նախագահի թեկնածուների առաջադրումը պետք է տեղի ունենա գործող նախագահի լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան 50 եւ ոչ ուշ, քան 40 օր առաջ:
Ուստի հաշվի առնելով այն փաստը, որ Հայաստանում դեկտեմբերի վերջից մինչեւ հունվարի կեսերը ամանորյա տոների շրջան է, հետեւաբար կարող ենք ասել, որ կոալիցիոն մեծամասնությունը եւ «Ծառուկյան» դաշինք խմբակցությունը նախագահի թեկնածու առաջադրելու հարցում կողմնորոշվելու համար մեկ ամիս ժամանակ են ունենալու: Ինչու այս երկու ուժերը, որովհետեւ ՀՀ ԱԺ կանոնակարգի համաձայն` նախագահի թեկնածու կարող են առաջադրել պատգամավորների առնվազն մեկ քառորդը: Տվյալ դեպքում ստացվում է, որ նախագահի թեկնածու կարող է առաջադրել իշխող կոալիցիան` իր 65 պատգամավորներով, եւ «Ծառուկյան» խմբակցությունն` իր 31 օրենսդիրներով:
Իսկ քվեարկությունը տեղի է ունենալու փակ գաղտնի եւ առաջին փուլով կընտրվի 79 (պատգամավորների առնվազն 3/4-ը) եւ ավել ձայն ստացած թեկնածուն:
«Ժողովուրդ» օրաթերթի փորձերը՝ իմանալու, թե նշված ուժերից ով ում թեկնածությունը կառաջադրի, առաժմ ապարդյուն անցան` «որոշում չունենք» պատասխանով:
«Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» աղմկահարույց նախագիծը երեկ երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունվեց 75 կողմ, 12 դեմ եւ 8 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Կողմ էին ՀՀԿ, «Ելք» եւ ՀՅԴ խմբակցությունները, իսկ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներն ազատ էին քվեարկության մեջ, արդյունքում՝ մի մասը կողմ էր, մի մասը՝ դեմ կամ ձեռնպահ: «Ժողովուրդ» օրաթերթը նկատեց, որ այս նախագծին դեմ քվեարկողների թվում էր նաեւ ՀՀԿ-ական մարտունեցի պատգամավոր Հակոբ Հակոբյանը: Բայց նրանից մեկնաբանություններ ստանալ չհաջողվեց. նա լրագրողներից փախած է իր խոսքերի պատճառով։ Իսկ «Ծառուկյան» խմբակցությունից Նապոլեոն Ազիզյանը, որ դեմ էր քվեարկել, մեզ հետ զրույցում նշեց. «Ովքեր դեմ են քվեարկել, նրանք այն մարդիկ են, որ ամենաշատն իրենք չեն ուզում, որ ընտանեկան բռնություն լինի…Դա պարտադրված օրենք է եվրոպացիների կողմից, այդ գրանտ ստացողները եւ իշխանությունը, որին պարտադրված է այդ օրենքն ընդունելուն, իրենք էլ չեն ուզում: Ես առանձին մարդկանց հետ շփվել եմ, իրենք էլ չեն ուզում, բայց ճար չունեն, ինչ պետքա անեն»:
Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի քաղաքացիական գործերով դատավոր Ավագ Գաբրիելյանն իր վարույթում գտնվող գործերից մեկով արդեն ութ ամիս է՝ որեւէ դատական նիստ չի նշանակել: Սա հարուցել է փաստաբան Գեւորգ Գյոզալյանի դժգոհությունը, եւ նա դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար դիմել էր ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողով: Այնտեղ, սակայն, մերժել են փաստաբանին, որից հետո նա դատական հայց է ներկայացրել հանձնաժողովի դեմ: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Գյոզալյանը տեղեկացրել է, որ այդ հայցից բացի` ինքը բողոք է հղել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին, ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին՝ նույն խնդրանքով: «Կարծում եմ, որ այստեղ ծանրաբեռնվածության հարց չկա, քանի որ այս գործով ընդհանրապես նիստի օր չի նշվում: Ծանրաբեռնված է ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը, որը այսօր ընդունում է վերաքննիչ բողոքը վարույթ եւ դատական նիստ է նշանակում 2019 թվականի ապրիլին, սա ես հասկանում եմ ինչ-որ մի տեղ, բայց այս դատավորը ընդհանրապես նիստ էլ չի նշանակում»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է նա:
Պարզվում է` Մխիրթար Հերացու թիվ 1 համալսարանական հիվանդանոցի ղեկավարությունը բարձրացրել է բժիշկների ու բուժքույրերի աշխատավարձերը, բայց ընտրողաբար: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` 30-40 տոկոսով բարձրացվել է աշխատակիցների մի մասի աշխատավարձը: Իսկ մյուսները շարունակելու են «յոլա գնալ» եղածով: Տեղի ունեցածը, բնականաբար, լուրջ մտահոգություն է առաջացրել: «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանությունների համար դիմեց հիվանդանոցի լրատվական ծառայություն, որտեղից ի պատասխան` նշեցին. «Համալսարանի ղեկավարության կողմից վերանայվում է համալսարանական հիվանդանոցային համալիրի աշխատակիցների վարձատրության չափը, եւ ներկա պահին փուլային տարբերակներով իրականացվում են որոշակի բարձրացումներ: Առաջին փուլում հավելումների տեսքով բարձրացվել է հերթապահություն կատարող բժիշկների, քույրերի եւ մայրապետերի վարձատրության չափը՝ վերակենդանացման եւ վիրաբուժական բաժանմունքներում մոտ 30-40 տոկոսով: Մյուս բաժանմունքներում եւս աշխատավարձի հնարավոր հավելումների հարցը օրակարգում է եւ քննարկվում է բաժանմունքների ղեկավարների հետ՝ հաշվի առնելով ղեկավարության կողմից ներդրված որակական նոր չափանիշները եւ աշխատանքային ծանրաբեռնվածությունը»:
ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՔԻԱԹԸ
Պարզվում է` Հայաստանի իշխանությունները լրջորեն հավատում են իրենց հյուսած միֆերին եւ հատկապես օտարների մոտ սիրում են տեղի-անտեղի կրկնել դրանք: Օրինակ` ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Հունաստանում հայտարարել է. «Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության արդյունքում նոր հնարավորություններ են առաջ եկել առեւտրի եւ ներդրումների համար: Այսօր Հայաստանի միջոցով կարելի է անմաքս դուրս գալ 170 միլիոնանոց ԵԱՏՄ շուկա: Հայաստանն արտոնյալ ռեժիմ ունի ԵՄ, ԱՄՆ, Ճապոնիայի եւ այլ երկրների հետ: Հուսով ենք, որ քաղաքական զարգացումների արդյունքում ընձեռված հնարավորությունները թույլ կտան լիարժեք տնտեսական համագործակցություն ծավալել 80 միլիոնանոց շուկա ունեցող մեր հարեւան Իրանի հետ»:
Մի կողմ թողնենք այն փաստը, որ իշխանությունները` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, ԵԱՏՄ-ի մասին խոսելիս միշտ շեշտել են ոչ թե 170, այլ 180 միլիոնանոց շուկայի առկայությունը: Թե ինչո՞ւ է Նալբանդյանը որոշել ժողովրդագրական նման հարված հասցնել ԵԱՏՄ երկրներին, պարզ չէ: Մեծ հաշվով, սա կարեւոր էլ չէ: Կարեւորը մեկ ուրիշ հանգամանք է. իշխանությունների հայտարարություններին հետեւելիս տպավորություն է, թե Հայաստանն ամենամեծ հնարավորություններ ունեցող երկիրն է. որ կարող է արեւելքից արեւմուտք, հյուսիսից հարավ ազատ առեւտուր իրականացնել:
Հայաստանում չեղած եւ Հայաստանի մասին տեղեկություններ չունեցող անձինք նույնիսկ կարող են մտածել, թե մեր երկրի տնտեսությունն աշխարհի գերզարգացածների թվում է, որովհետեւ սովորաբար նման լայն հնարավորություններ ունեցող պետությունները զարգացած են լինում: Բայց երբ դիտարկում ենք Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառության, մասնավորապես, արտահանման ծավալները, առավել քան խղճուկ պատկեր է պարզվում, եւ տպավորություն է, թե Հայաստանն իշխանությունների թվարկած հնարավորություններից ոչ մեկը չունի:
Եւ ուրեմն՝ ինչպե՞ս է ստացվել, որ ունենալով լավ հնարավորություններ` ՀՀ տնտեսությունը, միեւնույն է, ողբալի վիճակում է: Պատասխանը պարզ է. ՀՀ իշխանությունները չեն կարող լիարժեք օգտվել դրանցից, այսինքն՝ անկարող են: Դե, եթե դրան գումարում ենք նաեւ ղարաբաղյան հակամարտությունը, հարեւան երկրներից երկուսի հետ փակ սահմանները, ըստ այդմ՝ աշխարհի հետ հաղորդակցվելու ճանապարհին առկա դժվարությունները, ապա ամեն ինչ պարզ է: Ընդ որում, ՀՀ այս հնարավորություններից չեն կարողանա օգտվել եւ ՀՀ շրջափակումից կտուժեն նաեւ օտարերկրյա պետությունների գործարարները, որոնց իշխանությունները շահագրգռում են իրենց հեքիաթներով: