Դատավորների գործունեության հետ կապված երբեմն կարելի է այնպիսի անհեթեթ պատմությունների հանդիպել, որ դժվար է պատկերացնել, թե ինչպես է իրական կյանքում հնարավոր նման բան: «Ժողովուրդ» օրաթերթին նման մի դեպքի մասին հայտնի դարձավ: Դատավորն իր վարույթում քննվող քաղաքացիական գործով այնքան երկար ժամանակ նիստեր չի գումարել, որ փաստաբանները ստիպված դիմել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին եւ ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին, որպեսզի նրանց օգնությամբ խնդրին լուծում տրվի: Բացի այդ` փաստաբան Գեւորգ Գյոզալյանը դատի է տվել Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովին:
Ստորեւ ներկայացնում ենք «Ժողովուրդ»-ի զրույցը Գեւորգ Գյոզալյանի հետ:
-Պարո՛ն Գյոզալյան, ինչո՞ւ եք դատի տվել ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովին:
-Նախ առաջինը հայց ենք ներկայացրել Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարան, եւ քաղաքացիական գործերով դատավոր Ավագ Գաբրիելյանը ընդունել է վարույթ, սակայն մոտ 8 ամիս նիստ չի կայացրել: Ի սկզբանե նշեմ, որ անգամ վարույթ չէր ընդունում գործը, հետո մենք բողոքարկեցինք ՀՀ վերաքննիչ դատարան, եւ վերաքննիչ դատարանը վերացրեց նրան վարույթ չնդունելու որոշումը, որից հետո վարույթ ընդունեց, եւ արդեն 8 ամիս է` նիստ չի նշանակում: Քանի որ դատավորը նիստ չի կայացնում, այդ մասին ես նամակ եմ գրել ՀՀ վարչապետին՝ հիմքում ունենալով առնվազն իր երեք հրապարակային ելույթները` կապված ողջամիտ ժամկետների հետ: Գրել եմ ՀՀ արդարադատության նախարարին: Միաժամանակ դիմել եմ արդարադատության խորհուրդ, որ այդ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկեն:
-Եվ ի՞նչ որոշում կայացրեց խորհուրդը:
-Արդարադատության խորհուրդը ինձ պատասխանում է, որ գիտեք ինչ կա, մենք լսեցինք դատավորին, եւ այլն եւ այլն, ու գտանք, որ կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքեր չկան: Ահա այս որոշումն էլ ես բողոքարկեցի ՀՀ վարչական դատարան: Իսկ ահա ՀՀ կառավարությունն ու արդարադատության նախարարությունը մինչ օրս ինձ չեն պատասխանել: Արդարադատության նախարարությունը գրություն էր ուղարկել, իսկ կառավարությունը ընդհանրապես չի պատասխանել: Ես ստիպված երկրորդ դիմումն եմ գրել` հիշեցնելով, որ նրանք պարտավոր են պատասխանել քաղաքացիների դիմումներին, սակայն մինչ օրս պատասխան չկա:
-Ըստ Ձեզ` դատավորը ինչո՞ւ նիստ չի հրավիրում, ի՞նչ խնդիր կա, ծանրաբեռնվա՞ծ է, թե՞ այլ պատճառ եք տեսնում:
-Կարծում եմ, որ այստեղ ծանրաբեռնվածության հարց չկա, քանի որ այս գործով ընդհանրապես նիստի օր չի նշանակվել: Ծանրաբեռնված է ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը, որը այսօր ընդունում է վերաքննիչ բողոքը վարույթ եւ դատական նիստ է նշանակում 2019 թվականի ապրիլին, սա ես հասկանում եմ ինչ-որ մի տեղ, զգում եմ, որ ծանրաբեռնված են եւ ուշ են նիստ նշանակում: Այս դատավորը ընդհանրապես նիստ էլ չի նշանակում, ընդունել է վարույթ, կարող է, օրինակ, նշանակել 2018 թվականին, որ մենք հասկանանք` ծանրաբեռնված է, ուշ է նշանակում, բայց նա ընդհանրապես ոչինչ չի անում: Ընդ որում, ինչ ինքը չի անում, դա ակնհայտորեն օրենքի հետ հակասության մեջ է մտնում: Այստեղ պետք չէ իրավաբան լինել, որ վիճարկեն, ասեն, թե օրենքի բացն է, դա իր պարտականությունն է, որը չի անում:
-Փորձե՞լ եք նրանից պատասխան ստանալ:
-Որեւէ ողջամիտ բացատրություն չի տալիս: Միեւնույն ժամանակ երկու կողմից կարող եմ նայել այս խնդրին: Այս գործում շահագրգիռ կողմ կա` ի դեմս հարկայինի, հնարավոր է, որ այստեղ մի քիչ կաշկանդվածություն ունի ու չի ցանկանում այս գործը քննի, քանի որ հայցվոր կողմը քաղաքացիական իրավաբանական անձ է: Այստեղ նաեւ ցավալին այն է, որ կոնկրետ այս դատավորի գործողությունների հետեւանքով տպավորություն է ստեղծվում օտարերկրյա իրավաբանական անձի մոտ, եւ իմ բուռն արձագանքը դատավորի գործողություններին դրանով է պայմանավոված: Սա նաեւ Հայաստանի Հանրապետության հեղինակության հարցն է օտարերկրյա ներդնողի առջեւ, քանի որ հայցվոր իրավաբանական անձը ցանկանում է Հայաստանում ներդրումներ կատարել: Այսինքն` մտածում եմ, որ նա առաջինը` կա՛մ հարկային կաշկանդվածություն ունի, կա՛մ մարդը օրենքը չգիտի: Ես հակված եմ երկրորդ տարբերակին, որ օրենքը չգիտի, մարզում աշխատում են, իսկ մարզում աշխատում են, այսպես ասած, տնավարի: Կառավարությունն ուշադրություն է շեղում, ասում է, թե դատավորները քիչ են, օրենքները պարզ չեն: Այդ ամենը միֆ է: Այստեղ կոնկրետ դատավորի իրավագիտակցության խնդիր ունենք, մարդը չգիտի, չի անում, եւ որեւէ մեկը չի փորձում անգամ նրան պատժել:
Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ
ԱՄԵՆ ՄԵԿՆ ԻՐԵՆՆ Է ՊՆԴՈՒՄ
Հոկտեմբերի 31-ին Արմավիր քաղաքի «Մանուշակ» մանկապարտեզում անձնական խնդիրների համար 3-ամյա Հմայակ Համազասպյանին պատանդ վերցրած Արգամ Հովիկյանին «Գրիգոր Լուսավորիչ» ՔԿՀ-ից տեղափոխել են «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 31-ին Արմավիր քաղաքի բնակիչ Արգամ Հովիկյանը ժամը 16:25-ի սահմաններում ներխուժել էր Արմավիր քաղաքի «Մանուշակ» մանկապարտեզ եւ պահանջել իր կնոջը: Ու մինչ նրա կինը կներկայանար, տղամարդը մանկապարտեզի սան, 3-ամյա Հմայակ Համազասպյանին նստեցրել է իր գիրկը, դանակը պահել վզին: Իրավապահները շուրջ 4 ժամ բանակցություններ վարեցին եւ վնասազերծելով պատանդառուին՝ կարողացան փրկել 3-ամյա փոքրիկին: Արգամ Հովիկյանն այս քայլին գնացել էր, քանի որ կինը՝ Լիլիթ Հովհաննիսյանը, հեռացել էր տանից, ընդհատել հղիությունը: Կատարվածում Արգամ Հովիկյանը մեղադրել էր իր նախկին կնոջ՝ Լիլիթ Հովհաննիսյանի տատիկին՝ «Մանուշակ» մանկապարտեզի տնօրեն Ռոզա Վարդանյանին:
Ի դեպ, լուրեր են շրջանառվում, թե իբր քրեական աշխարհի ներկայացուցիչները որոշել են պատժել Արգամ Հովիկյանին՝ անձնական խնդիրների համար երեքամյա երեխային պատանդ վերցնելու համար: Ուստի վերջինիս պաշտպան Արսեն Սարգսյանից հետաքրքրվեցինք, թե արդյոք ՔԿՀ-ում նրա անվտանգությունն ապահովելու համար հատուկ միջոցներ են ձեռնարկվել: Ի պատասխան` փաստաբանն ասաց, թե Արգամ Հովիկյանի անվտանգության մասով խնդիրներ չկան: Ավելին` պաշտպանից տեղեկացանք, որ արդեն երկու անգամ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում առերեսում է իրականացվել Արգամ Հովիկյանի, նրա նախկին կնոջ` Լիլիթ Հովհաննիսյանի եւ «Մանուշակ» մանկապարտեզի տնօրեն Ռոզա Վարդանյանի մասնակցությամբ:
Ըստ պաշտպանի` առերեսման նպատակը մեկն է եղել. արդյո՞ք Արգամ Հովիկյանը ցանկացել է որեւէ մեկին սպանել:
Ըստ պաշտպանի` առերեսման ժամանակ հակասություններ են առաջ եկել:
Արսեն Սարգսյանի խոսքով` Արգամ Հովիկյանը առերեսման ժամանակ պնդել է, որ նման մտադրություն չի ունեցել, իսկ նրա նախկին կինը եւ կնոջ տատիկը հակառակն են պնդել: «Տատիկը առերեսման ժամանակ էլ շարունակեց պնդել, որ ցանկացել է սպանել, իսկ ահա նրա նախկին կինը իր ցուցմունքներում արդեն այդ մասին գրել էր»,- պարզաբանեց փաստաբանը:
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԱՌԱՆՑ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
Հունաստանի արտաքին գործերի նախարարությունում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել է, որ ՀՀ-ն 2018թ. գարունը կդիմավորի առանց Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների: Խոսելով Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների մասին` նա հիշեցրել է, որ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթաց էր մեկնարկել, որը հանգեցրել է 2009թ. հոկտեմբերին Ցյուրիխի արձանագրությունների ստորագրմանը: Այնուամենայնիվ, նախարարն ընդգծել է, որ մինչ օրս այս փաստաթղթերը չեն վավերացվել, քանի որ Թուրքիան առաջ է քաշել անհիմն նախապայմաններ, որոնք հակասում էին արձանագրությունների տառին: Արձանագրությունների ստորագրումից հետո Թուրքիան, կտրուկ փոխելով իր դիրքորոշումը եւ հրաժարվելով «խելամիտ ժամկետներում» եւ առանց նախապայմանների երկկողմ հարաբերությունները կարգավորելու ձեռք բերված համաձայնությունից, Թուրքիայի Ազգային Մեծ Ժողովում արձանագրությունների վավերացումը պայմանավորեց ԼՂ-ի հիմնահարցի կարգավորմամբ: 2010թ. ապրիլի 22-ին, հաշվի առնելով թուրքական կողմի պատճառով ստեղծված իրավիճակը` Ս. Սարգսյանը հրամանագիր է ստորագրել արձանագրությունների վավերացման գործընթացի կասեցման մասին:
ՄԻԱՁԱՅՆ` ԿՈՂՄ
ՀՀ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է Հայաստանում ծրագրային բյուջետավորման վերջնական ներդրման իրավական հիմքերն ապահովող օրենսդրական նախաձեռնությունը: «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին եւ կից նախագծերի փաթեթին միաձայն կողմ է քվեարկել 99 պատգամավոր: Կառավարությունն առաջարկում է պետական ոչ առեւտրային կազմակերպությունների հաշիվներն առեւտրային բանկերից տեղափոխել ՀՀ ֆինանսների նախարարության գանձապետարան: Յուրաքանչյուր ծրագրի կվերագրվի մեկ կոնկրետ բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչ, այսինքն` ծրագրի իրականացումն ամբողջությամբ կվերագրվի մեկ պետական մարմնի, եւ դրա արդյունքների համար պատասխանատուն կլինի այդ մարմինը:
ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԱՐԶՎԵԼ ԵՆ
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորներ Սամվել Ալեքսանյանն ու գեներալ Սեյրան Սարոյանը հերքում են շրջանառվող տեղեկությունները, թե իրենց հարաբերությունները «թարսվել» են: Ս. Ալեքսանյանը հայտարարել է, որ իրենց հարաբերությունները շատ լավ են: «Որ դուք չխառնեք, մեր հարաբերությունները շատ լավ են»,-ասել է նա: Տեսնելով մոտեցող Ս.Սարոյանին՝ Ալեքսանյանը դժգոհել է. «Գեներալ ջա՚ն, տես՝ ինչ են ասում, ա՛յ ցավդ տանեմ, ասում են, որ ես ու դու լավ չենք իրար հետ»: Ս. Սարոյանն էլ պատասխանել է. «Ստից խոսում են, ինքը ձեթ ծախող ա, կարագ ծախող չի»: Գեներալը նշել է, որ թանկացումների հետ կապված երեկվա իր ամոթանքն օլիգարխներին վերաբերում է բոլորին, ով ապրանք է թանկացրել. «Ինքը ձեթ ծախող ա, ձեթը թանկացել ա՞, կարագ ծախող չի»: